Հունվարի 20-ին ղարաբաղյան հակամարտության կարգավորման թեման հայկական ԶԼՄ-ներում նոր երանգներ ստացավ ու կրկին ակտիվ քննարկման առարկա դարձավ, բայց, ավա՜ղ, պատճառն այդ հարցի բաղձալի լուծումը չէր…
Անբացատրելի մեծ եղավ ցավս, երբ տեղեկացա հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը մարտական դիրքում արիաբար զոհված կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանի մասին: Որքա՜ն անկատար երազանքներ, ծրագրեր ու նպատակներ և իր ծնողներին որքա՜ն մեծ վիշտ թողեց 19-ամյա մերօրյա հերոսը: Բայց, ինչպես ասում են, քաջերը չեն մահանում, քաջերը հեռանում են քաջաբար...
Իսկապես հպարտանալու տեղ ունենք, քանի որ հայոց բանակը համալրված է Արմենի նման անձնուրաց, խիզախ, գաղափարի մարտիկներով: Նա իր կյանքը տվեց, որ մենք հանգիստ քնենք, քանզի հայրենական հարստությունը ժառանգվում է, բայց հայրենիքը չի տրվում հենց այնպես. այն ձեռք է բերվում ամեն մի սերնդի, ամեն մեկիս կողմից:
Արմենն ապացուցեց, որ մեր երկրի մայրաքաղաքը իսկապես սկսվում է խրամատից, և, ուզենք, թե չուզենք, մեր արյունը թափվում է, բայց գերագույն գաղափարի համար ազատ կամքով ընդունած մահը իսկապես կյանքը լուսավորող հոգեկան փարոս է, և, ինչպես կասեր Նժդեհը, «ճշմարիտ հերոսները նրանք են միայն, որոնք մեծագործում են և առաքինանում իրենց վտանգված հայրենիքը պաշտպանելու ժամանակ»:
19-ամյա Արմենն իր արարքով իրական հայորդու կերպար, հայրենասերի գերազանց օրինակ և ազգասիրության յուրահատուկ դաս դարձավ բոլորիս համար. մենք պարտավոր ենք իմանալ ու հիշել մեր հերոսներին:
Խորին ցավակցությունս եմ հայտնում նահատակ հերոսի հարազատներին, մտերիմներին, ընկերներին և բոլոր ծառայակիցներին` համբերություն մաղթելով մեզ բոլորիս և առաջին հերթին` Արմենի ծնողներին:
Հավերժ փառք մերօրյա հերոսին:
Թող Աստված լուսավորի նրա հոգին: