Վաշինգտոնում աշխատանքային այցով գտնվող ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը դեկտեմբերի 2-ին Միացյալ Նահանգների Կոնգրեսում առանձին հանդիպումներ է ունեցել Կոնգրեսի անդամներ Լինդա Սանչեսի, Ադամ Շիֆի, Դեվիդ Սիսիլինի և Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսի հետ: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության խորհրդարանի նախագահը շնորհակալություն է հայտնել կոնգրեսականներին՝ Արցախին վերաբերող հարցերն ուշադրության կենտրոնում պահելու համար, ինչպես նաև ներկայացրել Արցախի և տարածաշրջանի վերջին զարգացումները:
Աշոտ Ղուլյանը բարձր է գնահատել Կոնգրեսի անդամների անաչառ եւ համարձակ դիրքորոշումն ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում, մասնավորապես, հուլիս-օգոստոս ամիսներին եւ նոյեմբերի 12-ին ադրբեջանական կողմի կազմակերպած սադրանքներին արագ արձագանքումը եւ դատապարտումը: Հանդիպումների ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են Միացյալ Նահանգների և Արցախի միջև հարաբերությունների ընդլայնման հեռանկարներին, կարևորել քաղաքական ու տնտեսական կապերի զարգացումը, ինչպես նաև քննարկել սոցիալական ծրագրերի իրականացման հնարավորությունները:
Նույն օրն ԱՄՆ Կոնգրեսում տեղի է ունեցել ԼՂՀ անկախության 23-րդ տարեդարձին նվիրված միջոցառումը: Հանդիսավոր երեկոն կազմակերպել էին Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախումբը, ԱՄՆ-ում Հայաստանի Հանրապետության դեսպանատունը, Միացյալ Նահանգներում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչությունը եւ Ամերիկայի Հայ դատի հանձնախումբն ու Ամերիկայի հայկական համագումարը:
Միջոցառմանը մասնակցել են մի շարք կոնգրեսականներ, ովքեր իրենց ելույթներում շնորհավորել են ԼՂՀ ժողովրդին եւ միջոցառման մասնակիցներին, անդրադարձել պետականաշինության ժողովրդավարական ընթացակարգերին և անկախ պետականության կառուցման գործում Արցախի ձեռքբերումներին: Կոնգրեսականների ելույթներում գերակշռում էր Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման անհրաժեշտության շեշտադրումը:
Միջոցառմանը ելույթ են ունեցել նաեւ ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Տիգրան Սարգսյանը եւ ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը: Երեկոյին մասնակցում էին Վաշինգտոնի և մերձակա նահանգների հայ համայնքի ներկայացուցիչներ:
ԼՂՀ անկախության հերթական տարեդարձին նվիրված միցոցառման գլխավոր բանախոսն Արցախի խորհրդարանի նախագահ Աշոտ Ղուլյանն էր: Իր ելույթում Ա. Ղուլյանը մասնավորապես ընդգծել է, որ Հարավային Կովկասում տևական խաղաղության ու կայունության հաստատման միակ ճանապարհը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության փաստացի անկախության միջազգային ճանաչումն է եւ անվտանգության միջազգային երաշխիքներով նրան օժտելը: Խորհրդարանի նախագահի խոսքերով Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում լավ գիտեն ազատության եւ այն պաշտպանելու ելած ժողովրդի անվտանգության ու խաղաղության գինը, ինչի համար Արցախը ստիպված է պայքարել ամեն օր:
Հանդիպումներին եւ միջոցառումներին ԼՂՀ ԱԺ նախագահին ուղեկցում են ԱՄՆ-ում եւ Կանադայում ԼՂՀ Մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը եւ ԼՂՀ ԱԳՆ միջազգային կառույցների ու հումանիտար համագործակցության վարչության պետ Արմինե Ալեքսանյանը:
Վաշինգտոնյան հանդիպումները շարունակվում են:
ԼՂՀ ԱԺ մամլո ծառայություն