▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ամենևին փաստ չէ, որ Հայաստանը կդառնա ԵՏՄ անդամ

Հայաստանի անդամակցության հեռանկարը Եվրասիական տնտեսական միությանը, մեղմ ասած, մշուշոտ է՝ նույնիսկ այն բանից հետո, երբ Ռուսաստանի կառավարությունը վավերացրեց ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության պայմանագիրը:
Երբ օրեր առաջ կարդում էի Սերժ Սարգսյանի ծաղկաձորյան հարցազրույցը երիտասարդ լրագրողների հետ, հասկացա, որ նախագահն առանձնակի ոգևորությամբ չի խոսում եվրասիական ինտեգրացիայի մասին. նրա խոսքում նույնիսկ սառնություն կար, որը բացահայտում էր ձևավորվելիք միությունում առկա լարվածությունը՝ կապված Հայաստանի հնարավոր անդամակցության խնդրի հետ:
Երեկ այս խնդրով Մինսկում խոսել է Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևն ու իմ ենթադրությունը գրեթե համոզմունք է դառնում:
Նախ խորհրդանշական է , որ խոսել է հենց Ղազախստանի նախագահը, ով ամիսներ առաջ վկայակոչեց իր ընկեր Իլհամ Ալիևի նամակը՝ Սերժ Սարգսյանին հասկացնելով, որ Հայաստանի անդամակցությունն ԵՏՄ-ին ամենևին էլ որոշված հարց չէ:
Հիմա նույն Նազարբաևի խոսքով՝ Մաքսային միության հարցով Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի նախագահներն առանձին հանդիպում են անցկացրել: Ըստ այդմ՝ որոշում է կայացվել հոկտեմբերի 10-ին Մինսկում բանակցություններ անցկացնել, որոնց շրջանակներում ծրագրվում է որոշել ԵՏՄ-ին Հայաստանի և Ղրղզստանի անդամակցության հարցը:
Ղազախստանի նախագահը փորձառու գործիչ է եւ ուշադրություն դարձրեք՝ նա չի ասում, որ հոկտեմբերի 10-ին անդամակցության որոշում է կայացվելու, այլ ընդամենը փաստում է, որ այդ խնդիրը քննարկվելու է:
Այսինքն, չի բացառվում, որ էլի ղազախ առաջնորդն Ալիևից ինչ-որ նամակ կարդա կամ էլ այս անգամ Բատկան հետաքրքիր ՙՙսյուրպրիզ՚՚ անի Հայաստանի նախագահին՝ ասենք ակնարկելով, որ մեր երկրի օլիգարխիկ տնտեսությունը չի համապատասխանում ԵՏՄ չափանիշներին ու Հայաստանին պետք է ժամանակ տալ՝ այդ խնդիրը լուծելու համար:
Իմ տպավորությամբ այս գործընթացում, ժողովրդական լեզվով, կան էշն է սատկելու, կամ՝ էշատերը: Այսինքն, կամ չի կայանալու ՙՙԿռիլովյան եռանկյունու՚՚ տպավորություն թողնող ԵՏՄ-ն, կամ էլ՝ Հայաստանը դրան մաս չի կազմելու:
Անկեղծորեն, երկու դեպքում էլ ուրախ կլինեմ...

 

Սուրեն Սուրենյանց

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին