ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր, ԵԽԽՎ-ում ՀՀ խորհրդարանական պատվիարության անդամ Արփինե Հովհաննիսյանի ելույթը ԵԽԽՎ-ում ազատ քննարկման ժամանակ, որի ընթացքում նա խոսել է Լեռնային Ղարաբաղի մասին բյուրոյի վերջին որոշման վերաբերյալ
Հարգելի գործընկերներ,
Այսօր ամբողջ աշխարհը ցնցված է ‹‹Իսլամական պետության» ահաբեկչական խմբավորումների՝ ISIS-ի կողմից կազմակերպված վայրագություններից: Անհնար է պատկերացնել, որ դաժանության, անողոքության (բարբարոսության) ծայրահեղականության նման գործողությունները իրականացվում են 21-րդ դարում: Իսլամիստ ծայրահեղականները ժամանակակից քաղաքակիրթ աշխարհի քաղցկեղ են, և մենք բոլորս ընդունում ենք, որ այն արմատախիլ անելը հրատապ խնդիր է: Կարևոր է գիտակցել, որ ամեն ինչ սկսվեց նրանից, երբ մենք չարիքը անվանեցինք ժողովրդավարություն:
Այս համատեքստում ես ցանկանում եմ խոսել Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում ստեղծված իրավիճակի մասին: Այն մեր տունն է, ուստի այստեղ կարող ենք ազատորեն խոսել մեր խնդիրների մասին:
Խոսելով եվրոպական արժեքների և չափանիշների մասին՝ թույլ տվեք անցկացնել համեմատականներ եվրոպական արժեքները դրսից ոչնչացնողների և այն մարդկանց միջև, ովքեր անում են նույն բանը ներսից, այսինքն՝ ԵԽԽՎ այն անդամները, ովքեր խեղաթյուրում են եվրոպական արժեքները նավթադոլարների դիմաց: Պետք է նշեմ, որ վերջիններս ավելի վտանգավոր են: ISIS-ն առնվազն չի թաքցնում իր մտադրությունները՝ ի տարբերություն նրանց, ովքեր կատարում են իրենց տերերի հրամանները (իսկ մենք բոլորս գիտենք նավթադոլլարներ բաժանողներն ովքեր են)՝ քողարկելով դրանք կեղծ եվրոպական արժեքային համակարգի շղարշով:
Ցանկանում եմ Ձեզ հետ կիսվել օրինակով: Բոլորովին վերջերս Բյուրոն որոշում կայացրեց Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի վերաբերյալ նախաձեռնություն ուղարկել ԵԽԽՎ քաղաքական հարցերի հանձնաժողով՝ զեկույց պատրաստելու համար: Նախ ցանկանում են ընդգծել մի քանի պատճառներ, որոնք կասկածի տակ են դնում նման որոշման իրավաչափությունը.
Ա. Մինսկի խմբի՝ որպես այս հարցին առնչվող մասնագիտացված մարմնի գոյությունը, որին բոլոր կողմերը տվել են իրենց համաձայնությունը և ընդունել դրա իրավասությունը: ԵՎ որ ավելի կարևոր է Եվրոպական միությունը տարներ շարունակ աջակցում է միջազգային ձևաչափը:
Ցանկանում եմ չհամաձայնվել ու հարց ուղղել բոլոր նրանց, ովքեր կարծում են, որ Խորհրդարանական վեհաժողովը այս հարցերում մանդատով է օժտված: Ո՞րն է ԵԽԽՎ-ի մանդատը, վեճերի լուծու՞մը: Արդյո՞ք այն ունի անհրաժեշտ միջոցներ և իրավասություն դրա համար: Թույլ տվեք հիշեցնել, որ գոյություն ունի լուրջ բանավեճ Եվրոպական միության հետ՝ կապված Եվրոպայի խորհրդի իրավունքների և պարտականությունների շրջանակի և իրավասության վերաբերյալ: Անգամ այս ամենը այդքան կարևոր չէր լինի, եթե համոզված չլինեինք, որ և´ նախաձեռնության, և´ զեկույցի ճակատագիրը արդեն որոշված է: Դա ակնհայտ է զեկույցի վերտառությունից, այն է՝ ‹‹Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում և ադրբեջանական այլ գրավյալ տարածքներում»: Այս վերտառությունը, հարգելի´ տիկնայք և պարոնայք, չի արտացոլում ոչ ԵԱՀԿ-ի, ո´չ Եվրոպայի խորհրդի, ո´չ էլ առավել ևս Հայաստանի մոտեցումը և տերմինաբանությունը, բայց այն արտացոլում է Բաքվի պաշտոնական դիրքորոշումը: Այսպիսով՝ Եվրոպայի խորհուրդը, պատրաստվում է եվրոպականացնել Բաքվի պաշտոնական դիրքորոշումը և դարձնել Խորհրդարանական վեհաժողովը միլի մեջլիսի կցորդը:
Տիկին Նախագահ, ցանկանում եմ հարց ուղղել Ձեզ, թե ինչով է պայմանավորված մեր լռությունն և անգամ անտարբերությունը բոլորի կողմից ԵԽԽՎ-ի հասցեին հնչեցվող քննադատությունների նկատմամբ: Այս ամենի արդյունքում մեր աշխատանքը կդառնա ինքնանպատակ, իսկ մեր գործունեության արդյունքները կարժեզրկվեն և դրանց մասին կխոսվի միայն այս պատերի ներսում:
Ես սա ասում եմ ցավով, որպես երիտասարդ խորհրդարանական, որն մինչ այս պահը հավատում էր եվրոպական արժեքներին: