Թարմացված. Թուրքիան ողջունում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հրաժարումը Գրանադայում նախատեսված հանդիպումից: Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության պաշտոնական ներկայացուցիչ Օմեր Չելիքն այս կապակցությամբ ասել է. «Պարոն Ալիևը չեղյալ է հայտարարել Իսպանիա այցը, քանի որ Թուրքիային թույլ չեն տվել մասնակցել այդ հանդիպմանը։ Ցանկանում եմ ողջունել այս որոշումը։ Պատկերացրեք՝ Ֆրանսիան, Գերմանիան և Եվրոմիությունը կմասնակցեն, Հայաստանը կմասնակցի, Ադրբեջանը հրավիրված է, բայց Թուրքիան չկա։ Նրանք պատրաստվում են այդ հարցը քննարկել առանց մեր նախագահի»,- ասել է Չելիքը։ Թարմացված․ Այսօրվա ճեպազրույցի ժամանակ՝ պատասխանելով հարցին, թե ինչու Ալիևը հրաժարվեց մեկնել Իսպանիա ու հանդիպել Փաշինյանի հետ, ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ասել է․ «Կողմերի ինքնիշխան իրավունքն է՝ արտահայտել իրենց դիրքորոշումը։ Տվյալ դեպքում խոսքը հանդիպման մասին է, որին մենք չենք մասնակցում, ուստի անհրաժեշտ չեմ համարում մեկնաբանել կողմերի դիրքորոշումը։ Բաքուն մշտապես բացատրում է իր բոլոր քայլերը. նման հարցերը պետք է ուղղել հենց Բաքվին։ Ինչ վերաբերում է ընդհանուր գործընթացին, մենք մեր միջնորդական դերը գործնականում իրականացրել ենք, այլ հարց է, որ արևմտյան գործընկերները փնտրում էին իրենց շահը, որն է՝ ուրիշների ձեռք բերածը խախտելը»։ |
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրաժարվել է մեկնել Իսպանիա, որտեղ նախատեսվում էր հանդիպում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ՝ ԵՄ-ի, Ֆրանսիայի և Գերմանիայի ղեկավարների մասնակցությամբ, այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Նշվում է, որ «պատճառը Ֆրանսիայի ապակառուցողական դիրքորոշումն է, ինչպես նաև Թուրքիայի նախագահի՝ հանդիպմանը մասնակցելու՝ Փարիզի և Բեռլինի անհամաձայնությունը»։