Թարմացված․ Վարդենիսցիները շարունակում են փակ պահել քաղաք մտնող ճանապարհը. Գեղարքունիքի մարզպետի հետ հանդիպումը նրանց չի գոհացրել։ «Մենք պահանջում ենք, որ մեր պասպորտ սեղանը չտեղափոխեն, բայց ոչ մի դրական պատասխան չստացանք»,- լրագրողների հետ զրույցում ասել է քաղաքացիներից մեկը: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ օպտիմալացման ծրագրի շրջանակում Վարդենիսի անձնագրային բաժանմունքը փակվում է և տեղափոխվում շուրջ 40 կմ հեռավորության վրա գտնվող Մարտունի քաղաք: |
Վարդենիսցիները բողոքի ակցիա են իրականացնում՝ փակելով քաղաք մտնող գլխավոր ճանապարհը: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Վարդենիսի անձնագրային բաժանմունքը փակվում է և տեղափոխվում շուրջ 40 կմ հեռավորության վրա գտնվող Մարտունի քաղաք:
Նշենք, որ Ազգային - Ժողովրդավարական Բևեռը ֆեյսբուքյան գրել է. «Գեղարքունիքի մարզում Վարդենիսի և հարակից համայնքների բնակիչները փակել են գլխավոր ճանապարհը: Նրանք տեղեկություններ ունեն, որ Վարդենիսում գործող մի շարք կառույցներ՝ պոլիկլինիկան, անձնագրային բաժանմունքը, փակվելու են: Ակցիայի մասնակիցները ունեն մտավախություն, որ նպատակը Վարդենիսը և հարակից բնակավայրերը դատարկելն է: Քիչ առաջ տեղեկություն ստացանք, որ Վարդենիսի մշակույթի տանը Գեղարքունիքի մարզպետի, Վարդենիսի քաղաքապետի և ճանապարհը փակող մեր հայրենակիցների մասնակցությամբ քննարկում է տեղի ունենալու: Եթե քննարկման արդյունքները չգոհացնեն Վարդենիսի և հարակից համայնքների բնակիչներին, նրանք նորից փակելու են գլխավոր ճանապարհը»: