Մարտի 7-ին հայ-ադրբեջանական սահմանը հատած Արսեն Խոջոյանը վերադարձվել հայրենիք։
«Ընդամենը մի քանի րոպե առաջ ադրբեջանական կողմը Արսեն Խոջոյանին հանձնեց հայկական կողմին: Ներկայումս նրան տանում են Իջևանի հիվանդանոց զննության»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
Իսկ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն հաղորդագրություն է տարածել, որտեղ մասնավորապես ասվում է.
«Այսօր Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) հովանավու ներքո Հայաստան հայրենադարձվեց հայաստանցի քաղաքացիական անձը, որը նախկինում ազատազրկման մեջ էր գտնվում Բաքվում։ Անձը հանձնվեց հայաստանյան պաշտոնյաների խնամքին ադրբեջանական Ղազախ և հայկական Իջևան քաղաքների միջև անցնող ճանապարհին՝ միջազգային սահմանի վրա։ Մինչ հայրենադարձումը ԿԽՄԿ-ի պատվիրակներն այցելել են Հայաստանի քաղաքացուն՝ ազատազրկման պայմանները և նրա հանդեպ վերաբերմունքը գնահատելու նպատակով։ Կազմակերպության ներկայացուցիչները նաև կապ են պահպանել Հայաստանում նրա ընտանիքի հետ։ Գործելով որպես չեզոք միջնորդ և իր հանձնագրին համաձայն՝ ԿԽՄԿ-ն աջակցել է քաղաքացիական անձի հայրենադարձման Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության իշխանությունների համատեղ գործողությանը։ Նախքան գործողության իրականացումը՝ անձը հավաստիացրել էր ԿԽՄԿ-ին, որ վերադառնում է հայրենիք իր հոժար կամքով։ Հիմնվելով Ժնևյան կոնվենցիաներով սահմանված իր հանձնագրին՝ ԿԽՄԿ-ն գործում է տարածաշրջանում 1992 թվականից ի վեր՝ Ղարաբաղյան հակամարտության հետ կապված»: