«Ադրբեջանն ու Թուրքիան վերահսկում են Հայաստանի վերազինման գործընթացները». Բայրամովը` Թուրքիայում
Հայաստանի վերազինումը լրացուցիչ սպառնալիք է տարածաշրջանի համար, հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն Անկարայում թուրք գործընկեր Հաքան Ֆիդանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ։
Նրա խոսքով, Հայաստանին դրան են մղում երրորդ երկրները. «Դիտարկված միտումը մտահոգիչ է։ Այս սխալ քաղաքականությունը լրացուցիչ սպառնալիքի աղբյուր է դառնում տարածաշրջանի համար։ Իհարկե, Ադրբեջանը վերահսկում է գործընթացները, և դա արվում է Թուրքիայի հետ համաձայնեցված։ Սա փոխադարձ աջակցություն է, ռազմավարական գործընկերություն և դաշնակցային հարաբերություններ։ Մենք հավատում ենք, որ մեր երկրների այս քաղաքականությունը տարածաշրջանում խաղաղություն, անվտանգություն և կայունություն կբերի»,- ասել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարը։
Բայրամովը հայտարարել է նաև, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանին Ղարաբաղի վերականգնման գործընթացում. «Թուրքական ընկերությունները մեծ աջակցություն են ցուցաբերում տարածաշրջանի ադրբեջանական ընկերություններին... Ակնկալվում է, որ մինչև այս տարվա վերջ ավելի քան 20 հազար նախկին ներքին տեղահանվածներ կվերադառնան իրենց հողերը. իսկ 2026 թվականի վերջին վերաբնակեցման առաջին փուլի շրջանակներում Ղարաբաղ կվերադառնա ավելի քան 140 հազար քաղաքացի»։