«Ինձ շատ զարմացրեց, որ օրակարգից հանվեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի ընտրության հարցը: Գիտեք, բոլոր միջազգային կառույցները խաղի կանոններ ունեն և հարգում են դրանք: Նույնիսկ, եթե այս կամ այն թեկնածուի հետ անհամաձայնություն ունեին, ապա նախօրոք պետք է ասեին: Ստացվում է, որ առանձին հարցերում Ադրբեջանի ազդեցությունն այդ կառույցներում ավելի ուժեղ է, քան Հայաստանինը: Այդ երկիրը մինչև գագաթնաժողովն ամեն ինչ արեց, որ գլխավոր քարտուղարը հայ չլինի»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Գլոբալիզացիայի և տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը:
Նրա խոսքով՝ թե՛ ՀԱՊԿ-ում, թե՛ ԵԱՏՄ-ում ՀՀ շահերը կտրականապես տարբերվում են և իմաստ չկար մտնել ԵԱՏՄ.
«Ի՞նչ է նշանակում թեկնածուի ընտրության հարցում համաձայնության չգալը: Վաղը, եթե հերթը հասնի Բելառուսին կամ Ղազախստանին, ինչո՞ւ մենք պետք է նրանց թեկնածուին դեմ լինենք, ես չեմ հասկանում: Միայն այս դրվագը ցույց է տալիս մեր իշխանությունների սխալները, որոնք կատարել են ՀԱՊԿ-ի շրջանակներում աշխատելիս, ինչպես նաև հակասությունները տարբեր երկրների հետ: Ուրեմն, մեր պնդումը, որ Հայաստանը պարտավոր է նաև անվտանգության ոլորտում այլընտրանք ստեղծել, ճիշտ է»,-նշեց նա:
Հիշեցնենք, որ 2016 թվականի հոկտեմբերի 14-ին Երևանում կայացավ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանը: Անդամ երկրների ղեկավարները պետք Է որոշեին նաև, թե ով Է լինելու կազմակերպության նոր գլխավոր քարտուղարը։ Ինչպես ամիսներ առաջ հայտարարել Էր ներկայիս քարտուղար Բորդյուժան, հոկտեմբերին, ռոտացիոն կարգով, գլխավոր քարտուղարի պաշտոնը պետք Է անցներ Հայաստանին։ Սակայն դա այդպես էլ տեղի չունեցավ և Հայաստանի ներկայացուցչի հարցը տեղափոխվեց մինչև տարվա վերջ։
Անի Կարապետյան