▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ադրբեջանի տնտեսության, մեղմ ասած, տխուր վիճակի մասին տեղեկատվությունը՝ առաջին ձեռքից.«168 ժամ»

Ներկայացնում ենք «168 ժամ» թերթի սյունակագիր Բաբկեն Թունյանի հոդվածը կրճատումներով.

 
«Մարտի սկզբին այնպես ստացվեց, որ ինձ (և Հայաստանից ևս 2 փորձագետի) հրավիրեցին ԱՊՀ երկրներից մեկը՝ մասնակցելու մի քննարկում-սեմինարի, որը նվիրված էր հիմնականում տարածաշրջանային համագործակցության և ինտեգրացիայի հարցերին։ Ներկայացված էին միջինասիական երկրները և կովկասյան 3 հանրապետությունները՝ Հայաստան, Վրաստան, Ադրբեջան։ Նախկինում մեկ անգամ՝ տարիներ առաջ, առիթ ունեցել էի ադրբեջանցիների հետ քննարկման մասնակցելու։ Համոզվել էի, որ, եթե չկան տեսախցիկներ և հրապարակայնացման խնդիր, նրանք սովորաբար չափը չեն անցնում և աշխատում են ընդհանրապես չշոշափել ղարաբաղյան հակամարտության թեման (եթե քննարկումն այդ թեմայով չէ)։ Սակայն նրանք առավել զգուշավորության ցուցաբերում են ոչ թե մեր՝ հայերիս, այլ՝ իրենց իշխանությունների նկատմամբ։ Անգամ, եթե 100%-ով համոզված լինեն, որ իրենց ասածները մնալու են այդ պատերի ներսում, միևնույն է՝ անգամ թեթև քննադատության չեն ենթարկում իրենց իշխանություններին։ Այս անգամն ինձ համար իսկական անակնկալ էր։ Ադրբեջանի պատվիրակները՝ երիտասարդ տղա և աղջիկ, այնպես էին քննադատում Ալիևի վարչակազմին, որ դա իսկական անակնկալ էր մեզ համար։ Նրանք ասում էին, որ Ադրբեջանի տնտեսության վիճակը, մեղմ ասած, տխուր է։ Ասում էին, որ տարիներ շարունակ որևէ լուրջ բարեփոխում   չիրականացնելով,   տնտեսության մեջ կառուցվածքային փոփոխություններ չկատարելով՝ Ալիևի վարչակազմը հույսը դրել էր միայն նավթադոլարների վրա։ Ու նավթի գների անկման արդյունքում՝ երկիրը փաստի առաջ է կանգնել։ Ասում էին՝ բյուջեն կատարելու համար իսկական պետական ռեկետ է իրականացվում՝ Հարկայինն ընկերություններին տուգանում է մի քանի տասնյակ միլիոն դոլարի հասնող տուգանքներով։ Նրանց խոսքերով՝ համատարած կրճատումներ են գնում, կա ընկերություն, որ աշխատակիցներից 6000 հոգու կրճատել է։ Այս խոսքերը, հարկ եղած դեպքում, կարող են հաստատել ինձ հետ նույն տեղում գտնված հայ գործընկերներս։

 

Իհարկե, մինչ այդ էլ գիտեինք, որ Ադրբեջանում գործերն այնքան էլ լավ չեն։ Սակայն «առաջին ձեռքից» այդ մասին լսելն ուրիշ էր։ Անկեղծ ասած՝ այդ պահին հազիվ ինձ զսպեցի, որ չհարցնեմ՝ որ ընկերությունների մասին է խոսքը։ Նման տեղեկատվություն ստանալու դեպքում դժվար է հասկանալ՝ ուրախանա՞լ է պետք, թե՞ տխրել։ Ցավոք, փորձը ցույց է տվել, որ Ադրբեջանում ներքին քաղաքական և սոցիալական խնդիրների ժամանակ՝ սահմանային պրովոկացիաները հաճախակի են դառնում։ Փորձում են ժողովրդի ուշադրությունը շեղել արտաքին թշնամու ուղղությամբ։ Կարծում ենք՝ ոչ ոք չի ժխտի, որ Ադրբեջանի սանձարձակ պահվածքի պատճառներից մեկը հենց   տնտեսական   դժվարաթյուններն են (մեղմ ասած)։ Սակայն վերջին սրացումն ավելի խորը պատճառներ ունի։ Խոսքը նավթի գների անկումն է (Ծավալուն վերլուծությունը կարդացեք թերթի այսօրվա համարում)

 

Ընթացիկ սրացումն ալիևյան վարչակազմի վերջին շանսն է՝ իշխանությունը չկորցնելու համար։ Որը, սակայն, մոտեցնելու է նրանց վերջին։

 

Հ.Գ. Հոդվածի սկզբում նշված երկրի անունը չեմ նշել, որովհետև իրենց երկրին քննադատած ադրբեջանցիների ինքնությունը հնարավոր կլիներ պարզել, և նրանց համար խնդիրներ կծագեին։ Պատճառը ոչ միայն այն է, որ սեմինարի ընթացքում հնչած դետալները, ըստ պայմանավորվածության, չպետք է հրապարակվեին։ Այլ նաև այն, որ հարևան երկրում մեզ պետք են նման մարդիկ, ովքեր գոնե կարող են փորձել ինչ-որ բան հասկացնել իրենց հայրենակիցներին»,–գրում է թերթը։


Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին