Օգոստոսի 9-ին կկայանա Հայաստանի Հանրապետության Նախագահի հանդիպումը Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
Հայկական կողմը պատրաստակամություն է հայտնել այցի շրջանակում անցկացնել նաև եռակողմ հանդիպում` Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանական Հանրապետության նախագահների հետ` քննարկելու համար ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման խնդիրները, ինչպես նաև վերջին օրերին Ադրբեջանի կողմից հրահրած լարման արդյունքում ստեղծված իրավիճակը: Նախատեսվող հանդիպման, դրանից բխող հետևանքների, Ադրբեջանի վարած քաղաքականության, ՀՀ դիվանագիտական բացթողումների և այլ հարցերի շուրջ Asekose.am-ի թղթակիցը զրուցել է քաղաքագետ Արամ Մանուկյանի հետ:
Որքանո՞վ արդյունավետ կլինի այս հանդիպումը, այն արդյունք կտա, թե ՞ ոչ:
-Ներկա իրողություններն հաշվի առնելով` Մոսկվային շահեկան չէ լայնամասշտաբ պատերազմի ծավալումը Հարավային Կովկասում, քանի որ դա հղի է լուրջ վտանգներով և տարածաշրջանում Ռուսաստանի դիրքերի թուլացմամբ: Ակներև է, որ նման սցենարի դեպքում Մոսկվան չի կարողանա չեզոքություն պահպանել, իսկ կողմերից որևէ մեկին նախապատվություն տալով զգալիորեն կթուլացնի իր ազդեցությունը մյուս երկրում: Բացի այդ, վերջին շրջանում Թուրքիան փորձում է մանևրելու հնարավորություն ստեղծել Արևմուտքի և Ռուսաստանի միջև, ինչն օրինակ արտահայտվում է Ռուսաստանի հետ տնտեսական համագործակցությունը խորացնելու պատրաստակամության ցուցաբերմամբ: Սա որևէ կերպ չի տեղավորվում Ռուսաստանին մեկուսացնելու Արևմուտքի քաղաքականության տրամաբանության շրջանակներում: Մինչդեռ ակնհայտ է, որ լայնամասշտաբ պատերազմի վերսկսման պարագայում Թուրքան ևս չի կարողանա չեզոքություն պահպանել և դա էական բացասական ազդեցություն կունենա Թուրքիա-Ռուսաստան հարաբերություններում վերջին շրջանում նկատվող դրական միտումների վրա: Ուստի պատահական չէ, որ առաջին իրական շոշափելի քայլը լարվածությունը թուլացնելու ուղղությամբ ձեռնարկվում է հենց պաշտոնական Մոսկվայի կողմից: Սոչիում կայանալիք հանդիպման շրջանակներում Պուտինը փորձելու է ստանալ երաշխիքներ, որ այս ամենը չի վերաճի լայնամասշտաբ պատերազմի: Կարելի է ակնկալել, որ Մոսկվան կփորձի հասնել նախագահների կողմից հայտարարություն, որ խնդրի լուծման հարցում նախապատվությունը տալիս են խաղաղ բանակցային գործընթացին և պատրաստակամ են քայլեր ձեռնարկելու` լարվածությունը մեղմելու համար:
Ադրբեջանն ամեն կերպ միջազգային ատյաններին վստահեցնում է, որ ինքը չէ հրադադարի ռեժիմը խախտողը, ավելին, կոչ է անում միջազգային հանրությանը՝ քննարկել ՀՀ նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու հնարավորությունը: Երեկ էլ գերի ընկած գյուղացուն ներկայացրեցին որպես դիվերսանտ՝ հագցնելով կիսաճտքավոր ռազմական կոշիկներ, այն դեպքում, երբ սկզբում իրենց կողմից տարածված տեսանյութում նա սպորտային կոշիկներով էր: Որտե՞ղ ենք մենք թերանում, որո՞նք են մեր դիվանագիտական բացթողումները:
-Այստեղ մենք գործ ունենք առաջին հերթին տեղեկատվական դաշտում իրականացվող պատերազմի հետ, երբ իրականությունը խեղաթյուրելու միջոցով փորձում են միջազգային հանրությանը մատուցել իրենց համար շահեկան ապատեղեկատվությունը: Պատժամիջոցների վերաբերյալ Ադրբեջանի կողմից հնչող առաջարկություններն էլ սեփական ապատեղեկատվությանն ավելի համոզիչ երանգներ հաղորդելու ձախողված փորձերից մեկն է: Միևնույն ժամանակ պետք է ցավով նշել, որ միջազգային հանրության և կազմակերպությունների կողմից Ադրբեջանի սադրանքների հանդեպ ցուցաբերվող ոչ համարժեք մոտեցումը լարվածության ներկայիս խորացման պատճառներից մեկն է: Ինչ վերաբերում է դիվանագիտական քայլերին, ապա կարծում եմ, որ առաջին հերթին մենք կարող ենք պահանջել ՀԱՊԿ ղեկավարությունից, որպեսզի այդ կառույցը հանդես գա հստակ դիրքորոշմամբ, ինչը կարող է զգալիորեն թուլացնել լարվածությունը և կանխարգելիչ նշանակություն ունենալ պատերազմի վերսկսման հարցում: Առավել ևս, որ տվյալ կազմակերպության ձևավորման հիմքում ընկած է այն սկզբունքը, որ անդամ երկրներից որևէ մեկի հանդեպ ցուցաբերվող ագրեսիան դիտարկվելու է որպես ագրեսիա կազմակերպության անդամ բոլոր երկրների հանդեպ: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ադրբեջանի ռազմական ուժերը լարվածություն են ստեղծում նաև ՀՀ պետական սահմանին, մենք բոլոր հիմքերն ունենք պնդելու, որպեսզի ՀԱՊԿ-ը հանդես գա կոշտ դիրքորոշմամբ:
Արտաքին ռազմական վտանգը միավորեց քաղաքական ուժերին: Կարծիք կա, որ այս միասնությունը կարող է առիթ դառնալ անընդհատ լարվածության, որպեսզի իշխանության փոփոխության հարցը օրակարգից դուրս գա: Սա հնարավոր համարո՞ւմ եք:
-Չափազանց կարևոր է, որ այսպիսի պահերին մեր հասարակությունը կարողանում է համախմբվել արտաքին թշնամու դեմ` մի կողմ թողնելով ներքին տարաձայնություններն ու հակասությունները: Ընդհանուր շահի գիտակցումը և արտաքին թշնամու դեմ համախմբված հանդես գալու պատրատակամությունը մեր ազգային անվտանգության ապահովման առումով խիստ կարևոր է: Ինչ վերաբերվում է ներքաղաքական դաշտում պայքարի երկրորդ պլան մղվելուն, ապա, կարծում եմ` դա շարունակական կարող է լինել միայն պատերազմի իրական վտանգի առկայության պարագայում:
Հարցազրույցը` Անի Կարապետյանի