▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԱԱԾ տնօրենը «նախազգուշացրել է» իշխանություններին տապալելու կոչեր հնչեցնողներին

«Արմենպրես» գործակալության հաղորդման համաձայն` Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Գորիկ Հակոբյանը հայտարարել է, որ ԱԱԾ-ն «վճռականորեն կանխելու է» սահմանադրական կարգի խախտմանն ուղղված հակաօրինական ցանկացած դրսեւորում:

«Մերօրյա որոշ գործիչներ փորձում են հանրության մի մասը կրկին ներքաշել արկածախնդրության հորձանուտ, հնչեցնում են ապստամբությունների, իշխանություններին ուժով տապալելու անպատասխանատու կոչեր»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշել է Հակոբյանը` ելույթ ունենալով Ազգային անվտանգության ծառայության մասնագիտական տոնի կապակցությամբ անցկացվող հանդիսավոր նիստի ընթացքում: - «Մեր կողմից կձեռնարկվեն անհրաժեշտ բոլոր միջոցները հանրապետության սահմանադրական կարգի խախտմանն ուղղված հակաօրինական ցանկացած դրսեւորում վճռականորեն կանխելու համար: Սա սպառնալիք չէ, սակայն նախազգուշացնելու անհրաժեշտությունը մենք տեսնում ենք»,- հայտարարել է ԱԱԾ տնօրենը:

Գորիկ Հակոբյանը շեշտել է, որ այլակարծության, ընդդիմախոսության, կուսակցական ազատ մրցակցության, բողոքի արտահայտման իրավունքները ժողովրդավարական հիմնարար արժեքներ են և չեն կարող կամայականորեն արգելվել կամ սահմանափակվել, սակայն հավելել է, թե քաղաքական գործունեությունում ուժային մեթոդներ կիրառելու, զանգվածային անկարգություններ ու բախումներ հրահրելու «սադրանքներին» իշխանությունները հակադրելու են «միայն օրենքի ուժը»:

ԱԱԾ տնօրենն անդրադարձել է նաև արտերկրի համայնքներում շտաբեր ձևավորելու նախաձեռնություններին` դա որակելով ապակառուցողական քայլ, որը «պառակտման պայմաններ» կստեղծի և որի ազդեցությունը «խիստ անբարենպաստ» կլինի:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին