▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԱԱԾ պետի նախկին տեղակալը՝ «վերբովկայի» փորձի մասին

Այսօր հայկական համացանցի ամենաբուռն ու թեժ քննարկվող թեման, ամենայն հավանականությամբ,  «Ժառանգություն»  կուսակցության վարչության նորընտիր անդամ, կուսակցության երիտասարդ ներկայացուցիչ Հրայր Մանուկյանի և ԱԱԾ աշխատակից ներկայացած անձի միջև տեղի ունեցած միջադեպն է:

Հիշեցնենք՝  Հրայր Մանուկյանը տեղեկություն է հրապարակել այն մասին, որ իրեն փորձել է հավաքագրել ԱԱԾ աշխատակից ներկայացած ոմն անձնավորություն: Նա նաև տեղադրել է  ձայնագրություն՝ նշելով.  «Հրապարակում եմ ԱԱԾ-ի աշխատակից ներկայացած մարդու հետ իմ զրույցը, որտեղ սպառնում էր ինձ, ընտանիքիս ու մոտիկներիս:

ASEKOSE.am-ի թղթակիցը վերոնշյալի մասին մեկնաբանություն է խնդրել ԱԱԾ պետի նախկին տեղակալ Գուրգեն Եղիազարյանից.

«Նախ դեռ պետք է պարզել՝ ԱԱԾ աշխատակից ներկայացած անձն իսկապե՞ս ԱԱԾ աշխատակից է: Եթե անվտանգության աշխատակից է եղել, ես  որևէ վտանգավոր կամ վատ բան չեմ տեսնում: Սովորական գործընթաց է: Յուրաքանչյուր քաղաքացի պարտավոր է իր երկրին օգնել »,- մեզ հետ զրույցում նշեց Գուրգեն Եղիազարյանը:

 Ի պատասխան մեր հարցին, թե ձայնագրությանը կամ դրա սղագրությանը ծանոթանալիս պարզ է դառնում, որ ԱԱԾ աշխատակից ներկայացած անձը նախ փորձում է գայթակղել, ապա սպառնում է, արդյո՞ք սպառնալիքը սովորական է, Գուրգեն Եղիազարյանը պատասխանեց.

«Ես շատ վատ ձայնագրություն եմ լսել և հետևություններ կարող եմ անել միայն Ձեր ասածից: Եթե այդպես է աշխատել, ուրեմն վատ է աշխատել: Կրկնում եմ՝ եթե իհարկե աշխատող է: Իսկ ինչ վերաբերում է հավաքագրման ընդհանուր գործընթացին, չկա երկիր առանց այսպես կոչված՝ հավաքագրվողների:  Ցանկացած պարկեշտ քաղաքացու պարտականություններից մեկը օգնելն է: Եթե իհարկե անվտանգությունը չի վերածվում գաղտնի ոստիկանության, որն աշխատում է միմիայն ընդդիմության դեմ»:

ԱԱԾ պետի նախկին տեղակալի  խոսքով.

«Եթե  տվյալ քաղաքացուն  փորձեին հավաքագրել օտարերկրյա ծառայությունները, դա կլիներ հանցագործություն, որի համար պատիժ է հասնում»:

Իսկ այս դեպքում եթե պարզվի, որ հավաքագրման փորձ անողն իսկապես ԱԱԾ աշխատակից է, միակ բանը որ պետք է արվի, ըստ Գուրգեն Եղիազարյանի, պետք է ուղղված լինի նրան, որ ավելի պրոֆեսիոնալ աշխատեն: 

 

Կարդացեք նաև`  «Ժառանգության» հայտարարությունը՝ ԱԱԾ-ի սպառնալիքների մասին

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին