▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

99 տարվա չառերերսվող ցավ. 24 ապրիլ, 1915թ. թուրք սյունակագիր

Ամեն տարի ապրիլին Թուրքիայի քաղաքական օրակարգում անխուսափելիորեն հայտնվում էր Հայոց ցեղասպանության թեման: Այս տարվա Թուրքիայի ներքաղաքական հարուստ լարվածությունը կարծես թե երկրորդ պլան էր մղել ցեղասպանության հարցը: Բայց հենց ԱՄՆ սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում ընդունվեց Հայոց ցեղասպանության ճանաչման օրինագիծը, իրերի դրությունը կրկին փոխվեց: Այս ամենի վրա ուշադրություն է հրավիրում թուրքական «T24» լրատվական կայքի սյունակագիր Մուրաթ Աքսոյը: Գրում է ermenihaber.am-ը:

«99 տարվա չառերերսվող ցավ. 24 ապրիլ 1915» վերտառությամբ հոդվածում Աքսոյը նկատել է տալիս, որ ամեն ապրիլի 24-ին ԱՄՆ-ում կամ արևմտյան բլոկի երկրներից մեկում վերհանվում է Հայոց ցեղասպանության հարցը, Թուրքիան իսկույն հակագրոհ գործողությունների է անցնում և հաջողությամբ շրջանցում իրեն սպառնացող վնասը: Հեղինակի համոզմամբ` ցեղասպանության վիշտը չի կարող ամոքվել երրորդ երկրների ընդունած բանաձևերով կամ որոշումներով, այն միայն հայ և թուրք ժողովուրդների ջանքերով լուծվելիք հարց է: Երրորդ երկրների միջամտությունը, ըստ Աքսոյի, պայմանավորված է զուտ շահախնդրությամբ և քաղաքական առևտրով:

Հոդվածի հեղինակը համոզմունք է հայտնում, որ խնդրի լուծման բանալին բացառապես Հայաստանի և Թուրքիայի ձեռքին է: Երկուստեք քաղաքական կամքի դրսևորման, երկկողմ հարաբերությունների կարգավորման, ժողովրդավարական և իրավական նորմերի կիրառման պարագայում հնարավոր կլինի անցյալի հետ առերեսումն ու բարեկամության հաստատումը:

«Եթե այդքանն արվի, ապա մնացածն արդեն ժամանակի խնդիր է. ժամանակը կարողանալու է ապաքինել ցանկացած վիշտ ու վերք»,- գրում է Մեհմեթ Աքսոյը:

Նա նաև հիշեցնում է ցյուրիխյան արձանագրությունների ձախողումը, երբ առաջ քաշված նախապայմանները թույլ չտվեցին կյանքի կոչել հարաբերությունների կարգավորմանը միտված այդ ստորագրությունները: Միևնույն ժամանակ Աքսոյը նշում է, որ անկախ ամեն ինչից Թուրքիան չի կարող մշտապես խուսափել իր անցյալի ողբերգական էջերի հետ առերեսվելուց: Եթե անգամ քաղաքական ու իշխանական հարթակներում այդ առերեսումից խուսափելու ջանքեր են գործադրվում, ապա քաղաքացիական հանրության և այլախոհ մտավորականության շրջանակներում հետզհետե ավելի է բարձրաձայնվում 1915-ը: Արդեն Ստամբուլի Թաքսիմ հրապարակում քանի տարի է, ինչ ապրիլի 24-ին ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված մոմավառություն է կազմակերպվում, հայերից ներողություն խնդրելու արշավներ են ձեռնարկվում և այլն:

«Թուրքիային 1915-ին տեղի ունեցած դեպքերի հետ առերեսման բերողը լինելու է դեմոկրատ գործիչների հեռատեսությունը»,- եզրակացնում է թուրք հոդվածագիրը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին