▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

500 դրամանոց զուգարանի թուղթ՝ քննիչների համար.«Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Կառավարության մարմինների ներկայացրած 2016թ․ գնումների պլանից պարզ է դառնում, որ Աղվան Հովսեփյանի ղեկավարած Քննչական կոմիտեն 500 դրամանոց զուգարանի թղթի պահանջ է ներկայացրել։ Վերահսկիչ պալատում էլ դեմ չեն թանկանոց զուգարանի թղթից օգտվելուն․ այստեղ էլ նախապատվությունը տվել են 350 դրամանոցին։ Համեմատության համար նշենք, որ մյուս գերատեսչություններում 100-150 դրամանոց զուգարանի թղթով են բավարարվում։

Տարվա ընթացքում օգտագործվելիք զուգարանի թղթի քանակով էլ աչքի է ընկնում Ռոբերտ Նազարյանի ղեկավարած Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը՝ ոչ ավել, ոչ պակաս 2 հազար «ռուլոնի» պահանջ է ներկայացրել ՀԾԿՀ-ն, դրան էլ ուղիղ համեմատական է օդի թարմացուցիչների հայտը՝ 100 հատ, հատը 4 հազար 200 դրամ։ ՀԾԿՀ-ն նաեւ սեդան թափքի մեկ մեքենա է ուզում 2016-ին՝ 10 միլիոն դրամ արժողությամբ:

Դատական դեպարտամենտում էլ մակաբույծներն են չափից դուրս շատացել․ ախտահանման եւ մակաբույծների ոչնչացման համար 2 մլն․ 400 հազար դրամ են պահանջել բյուջեից, մինչդեռ տրանսպորտի նախարարությունը, օրինակ, դրա համար 46 հազար դրամի հայտ է ներկայացրել: Դատական դեպարտամենտում նաեւ տեխնիկա «կրծողներն» են շատ: Համացանցի համար 20 միլիոնի հայտ են ներկայացրել, հանրային հեռախոսային ծառայությունների համար՝ 84 միլիոն։ Վերջին ծառայության համար կապի եւ տրանսպորտի նախարարությունը, օրինակ, ընդամենը 10 միլիոն դրամ է խնդրել:

Դեպարտամենտում գազի եւ էլեկտրաէներգիայի համար էլ բյուջեից պետք է տրամադրվի 165 եւ 161 միլիոն դրամ, Վերահսկիչին ու տրանսպորտի ու կապի նախարարությանը մոտ 5 միլիոնն էլ բավարար է: Դատական դեպարտամենտում ամեն ինչն է ճոխ, անգամ բենզինի գները, բոլոր գերատեսչություններում թիվը 1 լիտրի դիմաց տատանվում է 390-430 դրամի սահմաններում, իսկ Դատական դեպարտամենտը հաշվարկել է, որ մեզանում բենզինն արժե 450-480 դրամ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին