ԱԺ-ում քննարկվում է պատգամավորների 1/3-ի նախաձեռնությամբ ներկայացված ՀՀ ընտրական օրենսգիրքը բարեփոխելու մասին ՀՀ ԱԺ-ի որոշման նախագիծն ընդունելու մասին հարցը:
«ՀՀ-ից դուրս այս պահին աշխարհի 45 երկրում 750.000 ՀՀ քաղաքացիներ դիմել են տվյալ երկրների իշխանություններին՝ քաղաքացիություն, էմիգրանտի վիճակ, աշխատանքի թույլատվություն ստանալու համար: Այդ 750.000-ի մեջ չեն մտնում այդ երկրներում ապօրինի գտնվողները: Այս մարդկանց մեծ մասը գտնվում է ՀՀ ընտրական ցուցակներում:10 տարուց ավել է՝ դիմում ենք իշխանություններին, որ այս մարդկանց չզրկելով ընտրելու իրավունքից՝ մաքրենք ցուցակները: Չգնալ ընդառաջ սրան՝ նշանակում է, որ պատրաստ եք կեղծելու այս մարդկանց հաշվին»,-ասաց ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանը:
Պատգամավորը նշում է՝ մեծամասնականի մեջ խոտանն ավելի շատ է, քան համամասնականի:
«Սա վիճակագրական վերլուծություն է, որը չի նշանակում, որ այս մեկը քըխ է: Փորձը ցույց է տալիս, որ համամասնականով եկած պատգամավորներն ավելի արդյունավետ են աշխատում, քան մեծամասնականով: Սրանից պետք չէ խրտնել, սա է իրողությունը: Վերջին ԱԺ ընտրություններին 4 անգամ գիտե՞ք ինչպես եմ կրվել: Իմ մրցակիցն ինձ հաղթել է 15.000 ձայն ավել ունենալով, իսկ ինձ հաղթած 4 պատգամավորներն էլ ոչ մի անգամ խորհրդարանում ելույթ չեն ունեցել, ոչ մի անգամ օրենսդրական նախաձեռնություն չեն բերել, ընտրողներին չեն հանդիպել: Նրանց անունները դուք չեք էլ հիշի»,-ասաց Արամ Մանուկյանը:
Նրա խոսքով՝ Հայաստանում այսօր չկա ընտրական մեխանիզմ:
«Ի շահ ձեր քաղաքական ապագայի՝ հրաժարվեք այս մեխանիզմերից. լուծումներ պետք է գտնեք, գնացեք՝ մտածեք»,-խոսքն ուղղելով ՀՀԿ-ին ասաց պատգամավորը:
ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն էլ, ինչպես ինքը նշեց՝ ստիպված շնորհակալություն պետք է հայտնի խորհրդարանին՝ ՀՀԿ-ի մասին մտածելու համար: