Վրաստանի ՆԳՆ-ն կանխել է թմրանյութերի ապօրինի շրջանառության միջազգային փորձը: Ինչպես հայտնում է РИА Новости-ն` ՆԳՆ մամլո ծառայությանը հղումով, Վրաստանի տարածքով Ադրբեջանից Թուրքիա ուղևորվող բեռնատարում ստուգումներ անելիս ոստիկանները 3 տոննա հերոին պարունակող լուծույթ են հայտնաբերել:
«Նման քանակով թմրանյութի առգրավումը աննախադեպ է Վրաստանի համար: Քրեափորձագիտական ծառայության նախնական տվյալների համաձայն` առգրավված թմրամիջոցը պարունակում է 80 տոկոս մաքուր հերոին տեսակի թմրանյութ, որի շուկայական գինը հարյուրավոր մլն դոլար է կազմում», - նշում են Վրաստանի ՆԳՆ-ում:
Թմրանյութը տեղափոխվում էր 30 լիտր տարողությամբ 93 տակառում: Հետաքննություն է անցկացվում թմրանյութերի անօրինական տրանզիտի գործով: