Ռուսաստանի հայերի միության նախագահ, «Մեր տունը Հայաստանն է» կուսակցության առաջնորդ Արա Աբրահամյանը Հայաստանը համակարգային ճգնաժամից դուրս բերելու խնդիր է իր առջեւ դրել:

«Արա Աբրահամյանի ներգրավվածությունն այս ընտրություններում հետեւյալն է. լինելով սրտացավ մեր պետության անմխիթար վիճակի հանդեպ՝ շատ լավ տեսնում է՝ լինել-չլինելու առջեւ ենք կանգնած: Որպես հայորդի՝ բազմաթիվ անգամ շեշտել է, որ լինելով շատ մեծ հնարավորությունների տեր, հաջողակ գործարար լիարժեք երջանիկ չէ: Ելնելով այդ հանգամանքից՝ նա ուզում է իր հեղինակությունն ու հնարավորությունները ներդնել եւ աջակցել այն առողջ ուժերին, այն ինտելեկտուալներին, որոնք մեր երկրի համար սրտացավ են ու կարող են իրենց համեստ ներդրումն ունենալ այս փրկության գործում»,- Asekose.am-ին ասաց «Մեր տունը Հայաստանն է» կուսակցության ներկայացուցիչ, սահմանադրագետ Վարդան Այվազյանը:
Ընտրություններն իր հետ բերում են պաշտոնների ու աթոռի կռիվ, ինչպես է ստացվել, որ Արա Աբրահամյանը չունի պաշտոնի հավակնություն, Վարդան Այվազյանի խոսքով. «Մի փոքր անհամեստ գտնվեմ ասել, որ մեր երեք միլիոնանոց երկրում երեւի թե չկա նման պաշտոն, որ նրա այսօրվա կարգավիճակին, ձեռքբերումներին համահունչ լինի»:
Այս ընտրություններում հաջողություններ ունենալու դեպքում ո՞րն է լինելու Արա Աբրահամյանի դերակատարումը հարցին, Վարդան Այվազյանը պատասխանեց. «Արա Աբրահամյանը կունենա որոշակի քաղաքական հենարան, որ իր հայրենանվեր գաղափարները՝ օրենսդրական նախաձեռնություններ, կառավարության, միջպետական համաձայնագրեր կնքելը, բարեկամ պետություններ ձեռքբերելը, դիվանագիտական ոլորտում կապերն ավելի ամրապնդելը , անվտանգության, սոցիալական-տնտեսական խնդիրներ լուծելը իրագործելը: Մեր երկրին օգնելու բազմաթիվ փորձեր է արել, բայց հանդիպել է գործող իշխանությունների խոչընդոտներին»:
Ի՞նչ կարղ է անել Արա Աբրահամյանը Հայաստանի համար, որ չեն կարող անել այլ քաղաքական ուժերի ղեկավարները, ըստ Վարդան Այվազյանի «Խոսքը վերաբերում է ահռելի մեծ էական ներդրումներ ներգրավելու, իր անձնական կապերի շնորհիվ մեծ ձեռնարկությունների, տնտեսական գիգանտների մասնաճյուղեր Հայաստանում հիմնադրելու մասին… Նա 14 երկրների գործարարների խորհրդի համանախագահ է, ազդեցիկ պետությունների ղեկավարների հետ մտերմիկ հարաբերություններ ունի ու ցանկություն իր ամբողջ ներուժը ներդնել մեր երկրի փորկության համար»:
Արցախի խնդրի լուծման ու մասնավորապես Ադրբեջանի կողմից գրավված տարածքների վերադարձի լուծումը, ըստ Վարդան Այվազյանի, Արա Աբրահամյանը նույնպես ունի. «Ռուսաստանում հայերի միության ջանքերով՝ մեծ երկհատորյակ է տպագրվել Արցախի հարցի լուծման վերաբերյալ ախարհի առաջատար միջազգայնագետների կողմից, լուծման ուղիները եւ այլն: Ցավոք, իշխանությունները երեւի չեն էլ կարդացել այդ գրքերը ու քաղաքական ոլորտում հաջողություններ արձանագրելու դեպքում Արա Աբրահամյանը կառաջնորդվի հենց երկհատորյակի լուծումներով, կներգրավի աշխարհի լավագույն միջազգայնագետներին ու միջազգային կառույցներում կգեներացնի գործընթացներ այդ հարցի վերաբերյալ, ու կունենանք խնդրի հայանպսատ լուծումներ»:


