11 տարի առնետների հետ` առանց ջրի, կոյուղու. Այս շաբաթ համացանցի օգտատերերի ուշադրության և հոգածության կենտրոնում հայտնվեց Ռոման Բուժակովի ընտանիքը։ Ռոման Բուժակովը` կնոջ և 3 անչափահաս երեխաների հետ ապրում է Երևանի Սասունցի Դավիթ կայարանի հարևանությամբ գտնվող սեփական տներից մեկում։ Ռոմանի ու նրա կնոջ խոսքով` իրենք բազմիցս դիմել են նպաստ ստանալու համար, բայց միշտ բացասական պատասխան են ստացել։ Տանը որևէ կենցաղային հարմարություն չունեն, նույնիսկ ջրագիծ և կոյուղի։ Երեք տղա երեխաների հորը անհանգստացնում է իր զավակների ճակատագիրը:
Անապահով այս ընտանիքին օգնելու ողջունելի ու ոգևորիչ նախաձեռնությամբ հենց այս շաբաթ հանդես եկան Անի Կարապետյան-Մինասյանը, Արթուր Իսպիրյանն ու Աննա Մնացականյանը: Գրելով, որ Ռոման Բուժակովի ընտանիքն ապրում է փլատակ սենյակի մեջ, որտեղ ոչ տանիք կա, ոչ պատուհան, ոչ կոմունալ, ոչ էլ ` այլ հարմարություն, Անի Կարապետյան-Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում բոլորին կոչ արեց մի կողմ թողնել կուսակցական պատկանելություն կամ միություն, հավաքվել նախ և առաջ որպես հայ, քանի որ այս ընտանիքը շտապ կարիք ունի մեր յուրաքանչյուրի օժանդակությանը: «Ձեռք մեկնենք, քանի որ վաղն այս ընտանիքը ազգին տալու է 3 զինվորներ, 3-ն էլ ծառայելու են հայոց բանակում, գոնե մենք էլ մեր կարողության սահմաններում ձեռք մեկնենք այս ընտանիքին»,-նշեց Անին:
Asekose.am- ի նկարահանող խումբը` Անիի, Արթուրի, Աննայի, ինչպես նաև սոցիալական աշխատողների ուղեկցությամբ, այցելեց Ռոման Բուժակովի ընտանիքին: Բուժակովների ընտանիքի ճակատագրի ու նրանց տրամադրվող օգնության մասին մենք պարբերաբար կներկայացնենք, իսկ մինչ այդ կադրերն ու երեք զավակների մոր խոսքն` առանց մեկնաբանության:
Լուսանկարը` hraparak.am-ի