«Առավոտ»-ն իր խմբագրականում գրում է. «Իրավաբանությունը բարդ գիտություն է՝ այնքան բարդ, որ մարդկանց համար, որոնք կողքից դիտում են և առավել ևս լուսաբանում են դատական պրոցեսները, դրանք կորցնում են իրենց բուն բովանդակությունը և դառնում են անիմաստ ծեսեր: ՊՊԾ գունդը գրաված զինյալ խմբի և Սեֆիլյանի դատավարությունների շրջապտույտը դրա վառ օրինակներից մեկն է: Խմբի անդամները չեն հարգում Հայաստանի դատարանը և դա բնական է՝ ոստիկանության գնդի վրա զինված հարձակում գործողը կարող է նման վերաբերմունք ունենալ պետության նկատմամբ: Իրենց իրավունքն է: Դատավորն էլ իրավունք ունի դատարանը չհարգելու համար ամբաստանյալների հեռացնելու նիստերի դահլիճից:
Բայց ամենազավեշտական ծեսն, իմ կարծիքով, դատավորին ինքնաբացարկ հայտնելու պրակտիկան է: Ես դարձյալ չգիտեմ իրավաբանական նրբությունները, բայց «կողքից» դա ներկայանում է հետևյալ կերպ: Նախ պարզ է, որ Հայաստանում ցանկացած դատավարության ժամանակ ցանկացած փաստաբան կարող է ինքնաբացարկ հայտնել ցանկացած դատավորի: Օրինակ` այն հիմքով, որ դատավորը կաշկանդված է: Որովհետև մեր երկրում անկաշկանդ դատավորներ չկան: (Ի դեպ, դա չի նշանակում, որ նրանց մեջ չկան լավ մասնագետներ, պարզապես համակարգն է այդպիսին): Եվ ահա փաստաբանը ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացնում դատավորին: Վերջինս ընդմիջում է հայտարարում և հեռանում խորհրդակցական սենյակ: Ո՞ւմ հետ է նա այնտեղ խորհրդակցում, ինքն իր հե՞տ, ինքն իր մասի՞ն: Հնարավո՞ր է, որ նա հետո գա նիստերի դահլիճ և ասի՝ «ես երկու ժամ խորհրդակցեցի ինքս ինձ հետ, երկար խորհեցի իմ վարքի մասին, մտածեցի-մտածեցի և եկա այն եզրակացության, որ դուք, հարգելի փաստաբաններ, ճիշտ եք, ես վատ դատավոր եմ և չեմ կարող վարել այս դատավարությունը»: Եղե՞լ է արդյոք Հայաստանում գոնե մեկ նման դեպք: Եթե կա այդպիսի դատավոր, ապա նրա տեղը հաստատ դատարանում չէ: Նա պետք է վանական դառնա ինչ-որ մի հեռավոր մենաստանում»:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: