Հասարակական, քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում հեգնում է. «Աշխարհում կա մի երկիր, որի ղեկավարներն անխելք են, իսկ անասնագոմերը՝ խելացի»։ |
Կարդացեք նաև՝ «Հետք»-ի հոդվածը․ Վարազդատ Հայրապետյանը Շիրակի մարզի Նոր կյանք գյուղում է ապրում։ 2018թ․-ին Հայաստան է եկել Ուկրաինայի Օդեսա քաղաքից։ Վարազդատը երրորդ մոդելի անասնաշենք է կառուցել, որի համար Էկոնոմիկայի նախարարությունը 17․5 մլն դրամ է հատկացրել, ինքն էլ 22 մլն դրամ է ներդրել։ «Ասացին՝ գոմը կարող եք գրավ դնել, գումար վերցնել, որպեսզի անասուն առնեք, բայց այնպես ստացվեց, որ բանկը վարկ չտվեց։ Ստիպված մեքենաներս, տունս գրավ դրեցի, ցեղական անասուն գնեցի։ Պահել եմ մի երկու տարի, բայց անասուններից հինգը հիվանդացան, սատկեցին, այդպես խնդիրների առաջ կանգնեցինք»,- պատմում է Վարազդատը։
Նա 20 մլն դրամով 20 տոհմային անասուն էր գնել, ասում է՝ պետությունից այս հարցում աջակցություն չի ստացել, միայն խոստացել էին՝ կաջակցեն, կաթը կվաճառի, բայց այդպես էլ չաջակցեցին։ Տոհմային անասունները Սպիտակից էր առել։ Հինգը սատկել է, մնացածը վաճառել է, ասում է՝ էլ ուժ չունեի։ «15-ը վաճառեցի, հազիվ վարկերն եմ փակում, ինչ ունեմ-չունեմ՝ վաճառել եմ արդեն, ամիսը 600-700 հազար դրամ վարկ եմ տալիս, դեռ մի տարի էլ ունեմ փակելու։ Այդքան ծախսեցինք, հավատացինք, չարչարվեցինք, հիմա չգիտեմ՝ արդեն ինչ անեմ, Աստծո հույսով եմ»,- ասաց Վարազդատը։
Էկոնոմիկայի նախարարությունը դատարան է դիմել՝ պահանջով, որ 17․5 մլն դրամը վերադարձնի պետական բյուջե։ Նախարարությունը կարծում է, որ խախտվել են պետական օժանդակության ծրագրի պայմանները՝ անասնաշենքը առնվազն հինգ տարի նպատակային չի օգտագործվել։ Բացի այդ՝ ֆերմերը ծրագրի ընթացքում հաշվետվություններ չի ներկայացրել։ «Խելացի անասնաշենքեր»-ի պետական աջակցության ծրագրում նշված է, որ վերոնշյալ կետերի խախտման դեպքում շահառուն պարտավոր է պետական աջակցությամբ տրամադրված գումարը, այս պարագայում՝ 17․5 մլն դրամը, վերադարձնել պետական բյուջե։ Դատարանը որոշել է բավարարել էկոնոմիկայի նախարարության պահանջը՝ ֆերմերից պետք է գանձվի պետական օժանդակությունը։
Մենք խոսեցինք այն մարդկանց հետ, որոնք օգտվել են «խելացի» անասնաշենք ծրագրից եւ չեն հաջողել` հասկանալու ձախողման պատճառը։ Իսկ նրանք, ովքեր ծրագրի շահառու են եղել եւ շարունակում են զբաղվել անասնապահությամբ, տարբեր խնդիրների են բախվում։
«Չորս կով սատկել է, թե ինչու՝ չգիտենք։ Անալիզ ենք հանձնել, բայց այդպես էլ պատճառները չիմացանք»
Սնանկացած ֆերմեր Վարազդատը միակը չէ, որի ցեղական կովերը սատկել են։ Կոտայքի մարզի Արգել գյուղում Արմեն Գասպարյանը երրորդ մոդելի անասնաշենք է կառուցել։ 17․5 մլն դրամ պետական աջակցություն է ստացել։ Ասում է՝ անասնաշենքը կառուցելու և կովերը գնելու համար 100 մլն դրամից ավելի գումար է ծախսել։ Եվրոպայից 42 հատ «Շվից» ցեղատեսակի կով է բերել, որոնցից 41-ը՝ հղի։ 10-ը վիժել են, իսկ մնացած հորթերը թերզարգացած են ծնվել։ Ֆերմերը ենթադրում է, որ արհեստական բեղմնավորումը Եվրոպայում գուցե լավ չեն արել։ Չորս կով էլ սատկել է։
«Հիվանդություն էր շուտ ընկնում մեջները։ Հոդերի, կճղակների հետ կապված խնդիրներ կային։ Անընդհատ բժիշկ էինք կանչում, կովը թույլ էր։ Դրսից բերածների հետ անընդհատ կային այդ խնդիրները։ Մի խոսքով, չէր արդարացնում իրեն։ Վաճառել ենք կովերը, գոմը կա, բայց դատարկ է, չենք զբաղվում անասնապահությամբ»,- ասում է Արմենը։
Նրա պատմելով՝ օրական 20 լիտր կաթը լավագույն արդյունքն էր, դա էլ այն դեպքում, եթե կովը նորմալ էր ծնել. «Մեկ լիտր ջուրը ավելի թանկ էր, քան թե կաթը, 230-250 դրամով ենք վաճառել»։
Ավելին՝ սկզբնաղբյուրում։
Դիտեք նաև՝