▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Խաչը դարձավ երկնքի և երկրի միջև եղած վիհը միացնող կամուրջը

Խաչվերացը քրիստոնեական տոն է, որը տոնվում է Հայ Առաքելական Եկեղեցու, Կաթոլիկ և Ուղղափառ եկեղեցիների կողմից։ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնում է Խաչվերացի տոնը սեպտեմբերի 11-17-ն ընկած ժամանակահատվածում, կիրակի օրը։ Խաչվերացը տաղավար հինգերորդ և վերջին տոնն է։
Խաչվերացը տոնվում է ի հիշատակ Քրիստոսի խաչափայտի՝ պարսկական գերությունից Երուսաղեմ վերադարձի և Գողգոթայում կանգնեցման (վերացման)։ Այստեղից էլ տոնը կոչվում է Խաչվերաց։
614թ. Պարսկաստանի Խոսրով Բ թագավորը հարձակվում է Երուսաղեմի վրա, ավերում այն, սրի քաշում ժողովրդին, մեծ թվով գերիներ տանում։ Որպես անարգանք քրիստոնյաներին՝ Սուրբ Հարության տաճարից գերեվարվում և Պարսկաստան է տարվում նաև խաչափայտը։
Խաչափայտը գերության մեջ է մնում 14 տարի։
628 թ. Բյուզանդիայի Հերակլ կայսրը քրիստոնեական մի հսկա բանակով հարձակվում է պարսիկների վրա, ազատագրում Ս. Խաչը և այն վերադարձնում նախկին վայրը։ Որպես պատմական վկայություն՝ նշենք, որ հայ ժողովուրդն անմասն չէ խաչի ազատագրման գործից։ Կայսրին ռազմական օժանդակություն է ցույց տվել նաև հունական մասի հայոց զորքը՝ Մժեժ Գնունու գլխավորությամբ։
Կայսրը խաչափայտը սրբությամբ երեք տարի Կ.Պոլսում պահելուց հետո անձամբ, կառքի մեջ ծնկած, այն ձեռքերում բռնած, Երուսաղեմ է տանում և իր ուսի վրա դրած Գողգոթայի գագաթը հանելով՝ բարձրացնում է Սուրբ Հարության վերանորոգված տաճարում՝ ի տես բոլոր քրիստոնյաների։ Այդ ժամանակից էլ վերջնականորեն հաստատվեց և սկսվեց մեծ հանդիսավորությամբ տոնվել խաչի բարձրացման հիշատակը՝ Խաչվերացը։
Գրիգոր Տաթևացին ասում էր՝ Խաչը դարձավ երկնքի և երկրի միջև եղած վիհը միացնող կամուրջը, «դրախտի դռները բացողն ու երկնային արքայությունը որպես ժառանգություն տվողը»։
Շնորհավորում եմ բոլորիս նվիրական տոնը....

 

Սուրեն Սուրենյանց

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее