Wnews.am-ը գրում է. Կոմիտասի թանգարան-ինտիտուտն այսօր մեծ ձեռքբերում ունեցավ. ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը եւ «Փյունիկ» հիմնադրամը համագործակցաբար թանգարան-ինստիտուտին նվիրեցին ճապոնական Shigeru Kawai ապրանքանիշի ռոյալ։
Առաջինը նոր գործիքին նվագելու պատիվը վստահվեց ՀՀ վաստակավոր արտիստ, միջազգային մրցույթների դափնեկիր, Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դաշնամուրային ֆակուլտետի դեկան, դաշնակահար Արմեն Բաբախանյանին։ Այնուհետեւ թանգարան-ինստիտուտում տեղի ունեցավ «Հայաստանի Հանրապետության եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տաղանդավոր պատանի երաժիշտ կատարողների զարգացման եւ կատարելագործման նպատակային ծրագրի» մասնակիցների համերգը։
Միջոցառմանը ներկա էին ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը, ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, «Փյունիկ» համահայկական հիմնադրամի նախագահ Գաբրիել Չեմբերջյանը։
Կայքին տված բացառիկ հարցազրույցում առաջին տիկինը կիսվեց համերգից իր տպավորություններով.
-Ես շատ ուրախ եմ, որ կա Կոմիտասի թանգարան-ինստիտուտը եւ ուրախ եմ, որ այս թանգարանում այսուհետ համերգներ են լինելու։ Երբ իմացա, որ թանգարան-ինստիտուտը ռոյալի կարիք ունի, դիմեցի պարոն Չեմբերջյանին եւ նա ինձ օգնեց այն ձեռք բերելու հարցում։
Այսօր երեխաների ելույթից հպարտություն էի զգում. նրանք ապացուցեցին, որ շատ տաղանդավոր են։ Մի քանի տարի անց ես նրանց տեսնում եմ ավելի մեծ դահլիճներում, մեծ բեմերում, կտեսնեք, որ հենց այդպես էլ լինելու է։
–Տիկի’ն Սարգսյան, Դուք երաժիշտ եք, դաշնակահարուհի, որքա՞ն հաճախ եք դաշնամուր նվագում։
-Պիտի ամոթով խոստովանեմ, որ վերջին մեկ տարում սկսել եմ քիչ նվագել, իսկ մինչեւ այդ հաճախ էի նվագում։ Պատճառն այն է, որ ժամանակս չի բավականացնում։
-Ու՞մ ստեղծագործություններն եք հաճույքով կատարում։
-Հաճույքով եմ նվագում Միքայել Թարիվերդիեւի ստեղծագործությունները։ Նա ազգությամբ հայ է, սակայն Հայաստանում իրեն գրեթե չեն ճանաչում, իր ստեղծագործությունները քչերն են կատարում բայց ես նրան եմ շատ սիրում եւ իր ստեղծագործություններն եմ նվագում։ Նվագում եմ թեթեւ երաժշտություն ավելի շատ իմ հանգստի համար,ռելաքսի օրինակ`Առնո Բաբաջանյանի ստեղծագործությունները։
– Ձեր թոռնիկները ե՞ւս զբաղվում են երաժշտությմաբ:
-Թոռնիկս դաշնամուր է նվագում։ Նա հաճախում է երաժշտական դպրոց։ Կցանկանայի, որ իմ աղջիկներն էլ նվագեին, բայց, ցավոք սրտի, իրենք ուրիշ մասնագիտություն ընտրեցին։
-Որպես երաժիշտ օգնու՞մ եք նրան։
-Ոչ, չեմ հասցնում։ Ցավոք սրտի, ժամանակ չունեմ։ Բացի այդ, դա ճիշտ չեմ համարում։ Հիշում եմ, երբ երեխաներիս դպրոց էի տանում, դժվար էր լինել միաժամանակ ուսուցչուհու եւ մոր դերում. եւ’ ես էի բարկանում, եւ’ նրանք ինձ այդքան չէին լսում։Ես հասկացա, որ այդպես չպետք է լինի։ Ծնողը չպետք է լինի նաև ուսուցիչ:
Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում