«Ռուսաստանի Միներալնիե Վոդի քաղաքից հասնող տեղեկություններն իսկապես տագնապալի են. բախվել են հայեր և ռուս զինվորականներ: Զինվորականներից մեկը սպանված է դանակահարության հետևանքով: Եթե նույնիսկ չլիներ «Ռոսբալտ» գործակալության հաղորղագրությունը, ռուսական այդ քաղաքում տեղի ունեցած բախման մասնակիցների ազգային և մասնագիտական կազմը խոսուն է: «Ռոսբալտ» գործակալությունը հաստատեց կասկածները, բանավեճը սկսվել է Գյումրիում տեղի ունեցած իրադարձությունների քննարկումներից: Այս հերթական ողբերգությունը ահազանգ է այն մասին, որ սխալվում են բոլոր նրանք, ովքեր կարծում են, թե հունվարի 15-ի իրադարձություններից հետո Գյումրին խաղաղվեց, հանդարտվեց: Այսպես մտածողները խաբում են իրենք իրենց, որովհետև կապ չունի, թե հենց այսօր ինչ-որ բան տեղի՞ է ունենում Գյումրիում, թե ոչ:
Քանի դեռ այս հարցի համատեքստում հայ-ռուսական խորքային հակասությունը չի լուծվել, քանի դեռ արմատական լուծում չի տրվել հարցին, ամեն օր Հայաստանի և Ռուսաստանի տարբեր քաղաքներից կարող ենք վատ, չափազանց վատ լուրեր լսել հայերն ընդդեմ ռուսների, ապա ռուսների արժանի հակահարվածը: Իսկ այս պահի հայ-ռուսական հակասությունը վերաբերում է նրան, թե որտե՞ղ պետք է գտնվի Պերմյակովը, ո՞ւմ իրավազորության ներքո: Բնական հարց կարող է ծագել, թե ի՞նչ կապ ունի Պերմյակովի կալանքի վայրի հասցեն Միներալնիե Վոդիում տեղի ունեցած սպանության հետ: Կապն այն է, որ հայկական և ռուսական ընկալումների մեջ դիսոնանս է առաջացած, այդ դիսոնանսը անընդհատ ու անընդհատ էներգիա է կուտակում և այդ էներգիան պիտի պարպվի որևէ ձևով: Քանի դեռ Պերմյակովը հայկական իրավապահ մարմինների հսկողության տակ չէ, հայ հանրությունը մտածելու է, որ Ավետիսյանների տանը տեղի ունեցած սպանությունը ռուսական դավադրություն է և ռուսները նրան չեն ուզում մեզ հանձնել ինչ-որ ավելի հրեշավոր բան թաքցնելու համար: Եվ այն պարագայում, երբ պաշտոնապես հաստատվեց, որ սահմանը խախտելու փորձ կատարած Պերմյակովին ռուսները պարտավոր էին հանձնել Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությանը, բայց չեն հանձնել այդ ընկալումը ավելի է խորանալու:
Տարօրինակն այն է, որ նույնիսկ Ռուսաստանում հայտնի անձինք սկսել են հասկանալ Պերմյակովին Հայաստանին հանձնելու խնդրի ռազմավարական կարևորությունը, բայց Հայաստանում դեռ կան մարդիկ, ում ընկալումը զարմանալիորեն մակերեսային է…»–գրում է թերթը։
Ուշագրավ այլ նյութեր «Հայկական ժամանակ» թերթում