ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հարցազրույց է տվել «Կոմերսանտ» թերթին: Սերժ Սարգսյանն անդրադարձել է նախագահական ընտրություններին, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին և Հայաստանի համար կարևորություն ունեցող միջազգային հարցերի:
-Սերժ Ազատի, եկեք սկսենք նրանից, թե որ քաղաքական գործիչն է Ձեզ համար օրինակ: Ներկայում և անցյալում պետության առաջին դեմքերի շրջանում Դուք Ձեզ համար իդեալ տեսնու՞մ եք:
-Բարդ է պատասխանել: Կարծում եմ, որ կոնկրետ մարդ չկա: Բայց կա ընկալում նրա, թե ինչպես այն մարդը, որին ընտրել են, պետք է ծառայի իր ժողովրդին: Ժողովրդին ծառայել՝ նշանակում է միշտ պատրաստ լինել աշխատել, միշտ տանել ամեն ինչ և եթե պետք է՝ տալ կյանքը: Հասկանում եք՝ նախագահը պետք է պատրաստ լինի ամեն քայլի: Ինձ համար օրինակ է ոչ թե մարդը, այլ` այս գաղափարները:
-Փետրվարի 18-ին Հայաստանում նախագահական ընտրություններ են: Դուք երկրորդ անգամ այս բարձր պաշտոնի թեկնածուն եք: Որո՞նք են Ձեր գլխավոր ձեռքբերումները կառավարման առաջին շրջանում:
-Հինգ տարի առաջ քաղաքական հակադրությունները և ատելությունը բացառիորեն թունավորել էին կյանքը երկրում: Պետք էր քանդել այդ ողջ բարդ հանգույցը, քանզի մեջքից հարվածել չէր կարելի: Մեզ հաջողվեց կայունացնել և բացել քաղաքական համակարգը, անհրաժեշտ մակարդակով խորհրդարանական ընտրություններ անցկացնել: Մենք արդյունավետ համակարգեր ստեղծեցինք հասարակական-քաղաքական երկխոսության համար: Համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը շատ ցավոտ հարվածեց Հայաստանին: Մեզ մոտ տնտեսությունը նկատելիորեն անկում ապրեց: Մենք ստիպված եղանք դուրս գալ փոսից: Ստիպված եղանք փոխել մեր տնտեսության կառուցվածքը և բովանդակությունը: Անցյալ տարի մենք հասանք 7 տոկոսանոց աճի: Հիմա կարևոր է պահել ձեռքբերածը: Բացի այս երկու ճգնաժամերից, 2008թ-ին սկսվեց Հարավային Օսիայի կոնֆլիկտը, որը ևս ցավոտ հարվածեց Հայաստանին: Ապրանքների մեծ մասը, որոնք նախատեսված էին Հայաստանի համար, գալիս էին և շարունակում են գալ Վրաստանի տարածքով, ուստի արտաքին աշխարհի հետ կապը կտրվել էր: Ես այստեղ նույնիսկ չեմ հիշատակում Ղարաբաղյան հիմնահարցը և բարդ իրավիճակը տարածաշրջանում: Այս հարցում մենք մեծ առաջընթաց չունեցանք, սակայն պահպանեցինք խաղաղությունը, որը շատ բան արժե: Մեր բոլոր միջազգային գործընկերներին պարզ դարձավ, որ Հայաստանը հիմնախնդրի լուծման խաղաղ կողմնակից է: Ընդհանուր առմամբ, ճգնաժամը կբավականացներ մի քանի նախագահների: Բայց մենք դրանից դուրս եկանք ավելի ամրացած և այսօր ավելի վստահ գնում ենք առաջ:
-Ինչպիսի՞ն են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի լուծման հեռանկարներն ըստ Ձեզ:
-Ղարաբաղցիներն իրենք պետք է որոշեն, թե ինչ քաղաքական ստատուսով պետք է ապրեն ապագայում: Սա ինքնորոշման պայքարի դասական օրինակ է, և ոչ մի փաստ չկա, թե ինչու Արցախի բնակչությանը պետք է մերժել այդ իրավունքի իրացման հարցում: Մնացած բոլոր հարցերը անծանցվում են սրանից: Նշանակալիորեն կարևոր է ամրապնդել միջազգային համակարգերը մեր տարածաշրջանի սպառազինություններն արդյունավետ վերահսկելու համար: Ադրբեջանը հանդիսանում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամ և գրեթե սպառազինության մրցավազք է սկսել ու բացահայտ խախտում է Եվրոպայի սովորական սպառազինությունների վերաբերյալ համաձայնագրով ստանձնած իր պարտավորությունները: Մենք շարունակում ենք բանակացություններն Ադրբեջանի հետ: Սակայն նման պայմաններում որևէ առաջաընթացի սպասելն իրական չէ: Բոլորը, ովքեր զբաղվում են այս հարցով և՛ Մոսկվայում, և՛ Վաշինգտոնում, և՛ Փարիզում, շատ լավ գիտեն, թե ում պատճառով է, որ մինչև հիմա չկա լուծում: Նրանք շատ լավ հասկանում են, թե ով տապալեց բանակացությունները Քի Վեստում և Կազանում: Եվ նրանք գիտեն, որ խնդրի էությունը Լեռնային Ղարաբաղի ինքնապաշտպանության ուժերի կողմից շրջակա տարածքների վերահսկման մեջ չէ և հետեւաբար լուծումը կախված չէ դրանց վերադարձից:
-Իսկ ի՞նչ կարող է անել Ռուսաստանը, որպեսզի նվազի Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի պայթյունավտանգությունը:
-Ռուսաստանը ԱՄՆ-ի և Ֆրանսիայի հետ կարևոր միջնորդ է համարվում այս խնդրում: Շնորհիվ Ռուսաստանի միջնորդության` 1994թ.-ին հնարավոր եղավ հրադադար կնքել: Լուրջ հույսեր էին կապվում վերջին շրջանում ևս ռուսական բարձր միջնորդության հետ: Սակայն, ցավոք, Ադրբեջանը կասեցրեց այդ գործընթացը՝ անընդհատ հանդես գալով նոր ուղղումներով և փոփոխություններով արդեն համարյա համաձայնեցված փաստաթղթի շուրջ: Ես շնորհակալ եմ Ռուսաստանի բարձր ղեկավարությանը կոնֆլիկտի լուծման հարցում հետևողական և անմիջական մասնակցության համար:
-Գնալով իրական է դառնում Հայաստանի երկաթուղային շրջափակման լուծման հարցը՝ Աբխազական երկաթուղու բացման միջոցով: Ի՞նչ է դա նշանակում երկրի համար:
-Շրջափակման վերացումը մեծագույն գործ կլիներ մեզ համար: Առաջին հերթին տնտեսության համար: Տրանսպորտային փոխադրումների բացակայության պատճառով մեր ապրանքները մրցունակ չեն: Անշուշտ, պետք է չորս երկրների համաձայնությունը և վերջերս մեզ մոտ էր Վրաստանի վարչապետ Իվանիշվիլին, ով ինձ վստահեցրեց, որ Վրաստանին բաց ճանապարհները ևս ձեռնտու են:
-Իրանն այսօր Հայաստանի գլխավոր տնտեսական գործընկերներից մեկն է: Ինչպե՞ս եք Դուք հարաբերություններ կառուցում այդ պետության հետ, որին շրջափակման մեջ է պահում գրեթե ողջ աշխարհը:
-Դուք նկատի ունեք պատժամիջոցնե՞րը, որոնք դրված են ՄԱԿ-ի կողմից: Դժվար թե դա կարելի է տոտալ շրջափակում համարել: Հայաստանը գործում է միջազգային իրավունքի պայամաններում: Պատժամիջոցներ, անշուշտ, կան: Դրանք հարվածում են Իրանի տնտեսությանը: Բայց մենք շարունակում ենք համատեղ հետաքրքիր ծրագրեր մշակել, մասնավորապես հիդրոէներգետիկայի ոլորտում: Ներկայումս ակտիվ աշխատանքներ են տարվում միջազգային ճանապարհի կառուցման հարցում, որը միացնում է Հայաստանը Իրանին, իրագործմանն է սպասում նաեւ երկաթուղային նախագիծը: Իրանում բնակվում է մեծ և շատ հետաքրքիր իրանահայ համայնք: Հայ-իրանական բարեկամությունն ունի բազմադարյա պատմություն: Եվ այսօր մեր հարաբերությունները ակտիվ զարգանում են: Մենք այդ հարաբերությունները կառուցում ենք փոխշահավետության և փոխադարձ հարգանքի վրա: Տարօրինակ կլիներ, եթե հարևանները դրան չձգտեին: Իմ կարծիքով` դա բնական է, այսպիսին պետք է լինեն բոլոր հարևանների միջև հարաբերությունները: Մենք շատ կուզենայինք, որ կողմերը վերջնականապես հստակեցնեին իրենց դիրքերը և իրանական միջուկային թեման վերջնականապես փակվեր: