Դեդ Հասանին «օրենքով գողերի» աշխարհում կփոխարինի ազգությամբ եզդի 59-ամյա Զախարի Քալաշովը, ով հանցավոր աշխարհում հայտնի է Շաքրո Մոլոդոյ մականունով: Այս պահին Քալաշովն իր հերթական պատիժն է կրում իսպանական բանտում, Դեդ Հասանին նա կփոխարինի բանտից դուրս գալուց հետո: Մինչ այդ Շաքրոյի ժամանակավոր պաշտոնակատարը Դեդ Հասանի զարմիկն է` Դմիտրի Ճանտուրիան` Միրոն (կրկին ազգությամբ եզդի):
Զախարի Քալաշովը` Շաքրոն, Ռուսաստանում երեք անգամ դատապարտվել է: 2003թ-ին նա տեղափոխվել է Իսպանիա, որտեղ սկսել է զբաղվել փողերի լվացմամբ: 2005թ-ին իսպանական իրավապահները մեծածավալ օպերացիա անցկացրեցին ընդդեմ ռուսական մաֆիայի ներկայացուցիչների, որի հետևանքով մի քանի տասնյակ մարդ ձերբակալվեց: Սակայն Շաքրոյին հաջողվեց ճողոպրել ու թաքնվել ԱՄԷ-ում: Նրան ձերբակալեցին միայն 2006թ-ին: Նրա ձերբակալությունից հետո քրեական աշխարհում լուրջ պայքար սկսվեց, թե ով պետք է կառավարի Շաքրոյի բիզնեսը: Հիմնական պայքարողներից մեկն էլ Ասլան Ուսոյանն էր` Դեդ Հասանը: 2010թ հունիսի 1-ին Մադրիդում իսպանական դատարանը Քալաշովին դատապարտեց 7 տարվա ազատազրկման և 20 միլիոն եվրոյի չափով տուգանքի: Ավելի ուշ իսպանական դատարանի կայացրած դատավճիռը վերանայվել է և ազատազրկման ժամկետը երկարացվել է մինչև 9 տարի: 2010թ-ին Վրաստանն Իսպանիային է դիմել Քալաշովի արտահանձնման համար: Հեռակա կերպով Քալաշովին Վրաստանում դատապարտել են 18 տարվա ազատազրկման: Իսպանական դատարանը մի քանի անգամ համաձայնել է նրա արտահանձնել Վրաստանին, սակայն նրա փաստաբաններն ամեն անգամ կայացված որոշումը վիճարկել են: