▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ռոբերտ Քոչարյանն Ալիևի հետ դու-ով է խոսել. «Վիկիլիքսի» գաղտնազերծումներն ու բացահայտումը

Armlur.am-ը գրում է.

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ճանապարհին հաշված թվով հանդիպումներ են եղել, որոնք կարող էին ճակատագրական լինել խնդրի լուծման հարցում: Դրանցից մեկն էլ 2006թ. փետրվարի 10-ին Ռամբուեում կայացած բանակցություններն էին Ռոբերտ Քոչարյանի եւ Իլհամ Ալիեւի միջեւ: Միջնորդները այնժամ հուսառատ էին, որ լուրջ տեղաշարժ է արձանագրվելու: Բնականաբար, որեւէ առաջընթաց չեղավ, սակայն հանդիպումն իր արտառոց բնույթով գրավեց ամերիկացիների ուշադրությունը: Այդ առումով բավականին հետաքրքիր է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր Ջոն Էվանսի` 2006թ. մարտի զեկուցագիրը` ուղարկված ԱՄՆ Պետդեպարտամենտին:

 «Վիկիլիքսի» կողմից բացահայտված դիվանագիտական այս փաստաթուղթը դրոշմված է իբրեւ խորհրդապահական եւ պատմում է դեսպան Էվանսի ու Ռոբերտ Քոչարյանի հանդիպման մասին: Զրույցի ընթացքում հիմնական հարցերը վերաբերել են ԼՂ հակամարտության կարգավորմանը, մասնավորապես` վերոնշյալ Ռամբուեի հանդիպմանը: Դիվանագետը հայտնում է, որ Քոչարյանը զրույցի ընթացքում քանիցս շեշտել է իր թերհավատությունը, որ ունեցած է եղել մինչեւ Ֆրանսիայում Ալիեւի հետ տարված բանակցությունները: Քոչարյանի համոզմամբ` Ռամբուեում անհաջողությունը դրսեւորված է եղել մինչեւ իսկ հանդիպման մեկնարկը, քանզի ինքը հավատացած էր, որ Ալիեւը լուրջ քննարկումների համար չի ժամանել: Ըստ Քոչարյանի` մինչ Փարիզ գնալն արդեն իսկ ուներ այն զգացումը, որ լուրջ քննարկում չի լինելու: Շեշտելով նախագահ Շիրակի ներդրած ջանքերը` Քոչարյանը ընդգծել է, որ դրանք լիովին ապարդյուն անցան:

 Ժակ Շիրակի բարձրացրած հարցը Արցախում հանրաքվե անցկացնելու կապակցությամբ Քոչարյանը համարել է Ալիեւի խնդիրը: Նա պնդել է, որ Ադրբեջանի խորհրդարանում ընդամենը մի քանի ընդդիմադիր կա, եւ Ալիեւն ազատորեն կարող է Սահմանադրությունը փոխել ու համաձայնել հանրաքվեի տարբերակին: Հետաքրքիր է, որ Շիրակը այնժամ փորձում էր գտնել մի տարբերակ, որով հանրաքվեի հարցի պարագայում կփրկվեր թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի իշխանության դեմքը: Տարիների ընթացքում նման մի բան գտնվեց` հանձին «ազատ կամարտահայտություն» եզրույթի, որ հայտնվեց հենց այս հանդիպումից մեկ տարի անց փոխադարձաբար ընդունելի «Մադրիդյան սկզբունքների» մեջ: Հատկանշական է, որ եթե հանրաքվեն հստակ իրավական ուժ ունեցող գործընթաց է ենթադրում, ապա կամարտահայտությունը կարող է լինել լոկ պլեբիսցիտի` հարցման տեսքով եւ որեւէ օրինական արտավորություն չառաջացնել փուլային տարբերակով առաջնահերթորեն 5 շրջան ստացող Ադրբեջանի համար:

Քոչարյանը Էվանսին պատմել է, որ զրույցի ընթացքում Ալիեւի հետ փորձել է ուղիղ խոսակցություն ծավալել «դու»-ի մակարդակով եւ գերազանցապես մեկ հիմնական հարցով` «Դու այստեղ ես համաձայնության հասնելո՞ւ համար, թե՞ մենք պիտի ձեւացնենք, որ բանակցում ենք»: Քոչարյանը տեղեկացրել է նաեւ, որ միջնորդներն առաջարկել են երկրորդ օրն էլ մնալ Ռամբուեում, սակայն ինքը դա համարել է անիմաստ ժամավաճառութուն: Քոչարյանը տարակուսում էր, որ Ալիեւը մերթ ազդակներ է փոխանցում առ միջնորդներ, թե իբր պատրաստ է փոխզիջումներով հարցը կարգավորել, բայց եւ նույն պահին ներքին սպառման հայտարարություններ է անում, ըստ որի` ժամանակն աշխատում է Ադրբեջանի օգտին, եւ իրենք երկար սպասել չեն կարող: Քոչարյանը հարց է բարձրացրել` արդյո՞ք սրանք մի մարդու հայտարարություններ են, որ իսկապես շահագրգռված է վերջնական համաձայնությամբ: Քոչարյանի տպավորությամբ` Ալիեւը իրականում չգիտի էլ, թե ինչ է ցանկանում: Քոչարյանն օրինակ է բերել իր անձնական կյանքից: Ըստ նրա` ինքը ճանաչում էր մի մարդու, որը փութաջանությամբ դավաճանում էր սեփական կնոջը, բայց նաեւ նրան մշտապես պատվում էր նվերներով, քանզի խիղճը տանջում էր իր արաքի պատճառով: Նմանեցնելով Ալիեւին` Քոչարյանը սրամտում էր, որ Ալիեւը չի ցանկանում իր վրա նվազագույն իսկ պատասխանատվություն ստանձնել հարցի կարգավորման գործում, թեպետ ավելի ուժեղ քաղաքական դիրքերում է գտնվում` ի տարբերություն Քոչարյանի: Վերջինս ավելացնում էր, որ Ալիեւը համաձայնություններին հետեւելու բնավորություն չունի եւ ավելի շատ մեկ քայլ առաջ, մեկ քայլ ետ վարքագծի հետեւորդ է: 

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее