▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Փոքրիկները զրուցում են թուրքերի ու զենքի մասին. մանկապարտեզը՝ թշնամու դիտակետում

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի մի խումբ երիտասարդներ Ամանորին ընդառաջ հետաքրքիր նախաձեռնությամբ են հանդես եկել՝ կազմակերպելով դրամահավաք՝ սահմանամերձ գյուղերի մանկապարտեզների երեխաների համար:  Այսօր նախաձեռնող խմբի անդամները նվերները հանձնեցին սահմանամերձ 4 գյուղերի՝ Չինարիիի, Ներքին Կարմիրաղբյուր, Այգեպարի և Պառավաքարի մանկապարտեզներին:

«Ցանկացանք սահանամերձ գյուղերի փոքրիկներին ուրախացնել և Ամանորն առավել հետաքրքիր ու ուրախ դարձնել, ջերմություն նվիրել փոքրիկ սահմանապահներին: Նվերները գնել էինք՝ նախապես համաձայնեցնելով համայնքների ղեկավարների հետ, որպեսզի ձեռք բերենք այն, ինչի անհրաժեշտությունն ամենամեծն էր: Դրանից զատ՝ ցանկացանք մեր հայրենակիցներին մեկ անգամ ևս շնորհակալություն հայտնել՝ իրենց ամրության ու հայրենի հողին այդքան նվիրված լինելու համար»,- ASEKOSE.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց նախաձեռնող խմբի անդամներից մեկը:

Առաջին կանգառը Չինարին էր...  

Չինարիում գտնվելը հետաքրքիր զգացողություններ է առաջացնում. մի կողմից սարսափն ու զգոնությունը, որ անընդհատ թշնամու դիտակետում ես, մյուս կողից՝ զարմանալի ամուր, մաքուր ու շիտակ չինարեցիների ջերմությունը...

Գյուղի ցանկացած կետից հակառակորդի հենակետերը տեսանելի են անզեն աչքով, ու անընդհատ թիկունքիդ զգում ես թշնամու հայացքը...

Չինարիի մանկապարտեզն անմիջապես թշնամու դիտակետում է: Ադրբեջանցիների հենակատերից հեռավորությունն ուղիղ գծով ընդամենը 600 մետր է... մանկապարտեզի պատերին դրսից  բեկորների հետքեր են, իսկ ներսում՝ ջերմիկ մթնոլորտ:

Մանկապարտեզը 25 սան ունի:

«Փառք Աստծո, մենք գրեթե խնդիրներ չունենք, մանկապարտեզն ամեն ինչով ապահովված է՝ շնորհիվ բարերարների: Մենք միայն խաղաղություն ենք ուզում: Անընդհատ զգոն  ենք: Երբեմն անգամ մենք ենք զարմանում, թե ինչպես ենք կարողանում այսպես ապրել: Սա մեր առօրյան է, երևի քարացել ենք: Վերջերս հյուրեր ունեինք Երևանից: Լրագրողներից մեկն ասաց՝ ոնց էլ կարողանում եք ծիծաղել... նույնիսկ զարմանում են, որ մենք կարող ենք ժպալ»,-պատմում է մանկապարտեզի տնօրեն Փառանձեմ Աղայանը,ապա հավելում.

«Կրակոցների ժամանակ երեխաներին տանում ենք ամենաապահով սենյակ, բարձր երաժշտություն ենք միացնում, կամ հեքիաթ ենք կարդում, սակայն երբ տանում ենք այդ սենյակ, փոքրիկներն անմիջապես հասկանում են ու սկսկում են  հարցնել՝ կրակում են...Դուրս երբեք չենք տանում, միայն կարճ ժամանակով՝ մանկապարտեզի հետնամասում գտնվող ապահով տարածք, սակայն զգուշացնում ենք, որ չաղմկեն: Այդքան փոքր տարիքում իրենք զգում են վտանգը: Երբեմն լսում եմ՝ զրուցում են, խոսում են կամ զենքերի մասին, կամ հարցնում են, թե  թուրքերն ինչպիսին են»:

Սահմանամերձ Այգեպարում ևս մթնոլորտը ջերմ էր: Նախաձեռնության անդամներին դիմավորեցին փոքրիկ սահմանապահները՝ իրենց երգ ու պարով, անհոգ ժպիտներով:

Համայնքի ղեկավար Անդրանիկ Այդինյանը ASEKOSE.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց, որ Ամանորի գիշերը խաղաղ է անցել, դիրքերում պայթյուններ հնչել են, բայց հրավառության:

Նախաձեռնող խմբի անդամները հյուրընկալվեցին նաև Ներքին Կարմիրաղբյուր և Պառավաքար գյուղերում:

Հեղինակ՝ Հասմիկ Գյոզալյան 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее