Ինչպես մեր պատմական բոլոր հերոսների, այնպես էլ Նժդեհի պարագայում մենք փորձում ենք ոչ թե վերլուծել և հասկանալ վերջինիս, այլ նրան զմռսել «ժամանակակից հայրենասիրական» կլիշեների մեջ: Տարօրինակ է, բայց անկախության և ազատության համար պայքարող Նժդեհի մասին, եթե փորձես պաշտոնականից անկախ և ազատ միտք արտահայտել, քեզ վրա միանգամից հարձակվում է «նժդեհասերների» կուռ և կատաղած բանակը:
Նժդեհի ռազմական արվեստը, որի արդյունքում փրկվեց Լեռնահայաստանը, հիացմուքի է արժանի: Բայց վերջինիս գաղափարական մասը՝ հատկապես ցեղակրոնությունը, 21-րդ դարում, մեղմ ասած, անընդունելի է: Ցանկացած մարդ, ով ծանոթ է ֆաշիստական գաղափարախոսությանը և կարդացել է Նիցշեի «Այսպես խոսեց Զրադաշտը», «Չարից և բարուց անդին», «Չաստվածների մթնշաղը» գրքերը առանց մեծ ջանքերի կնկատի, որ Նժդեհի շատ մտքեր ոչ միայն գրվել են դրանց ազդեցությամբ, այլև ուղղակի վերցված են այնտեղից:
Եվ որքան էլ ես համոզված եմ, որ այդ մտքերը այսօր ոչ միայն ժամանակավրեպ են, այլև վտանգավոր մեզ համար, շատ ավելի համոզված եմ, որ դրանք դույզն-ինչ չեն նսեմացնում Նժդեհի վառ, հերոսական և ողբերգական կերպարը: Որովհետև այդ ամենը անհրաժեշտ է նայել այն ժամանակվա ներքաղաքական և աշխարհաքաղաքական կոնտեքստում:
Իսկ այսօր Նժդեհին վարկաբեկողների պակաս չկա: Նժդեհյան գաղափարախոսությունը կրող, կուսակցական զնաչոկները նույնիսկ գիշերանոցներին փակցրած, անսկզբունք երիտկարիերիստները, Լեռնահայաստանի երկու սյուները, գողական մարզպետը և գաղափարակիր Խաչիկ Ասրյանը, որ Նժդեհից թխել է եռամիասնության գաղափարը և քծնանքի համար ավելացրել նախագահին՝ իրեն պատկերացնելով ժամանակակից Նժդեհ: Կլիպմեյքերը, որ տաղտկալի կլիպներ նկարելուց հետո անցել է Նժդեհի մասին ֆիլմ նկարելուն: Եվ վերջիվերջո, մենք բոլորս մեր հարմարվողականությամբ և օտարվածությամբ հայրենիքից:
Հեղինակ` Պետրոս Ղազարյան
Աղբյուր` ejournal.am