Դիտեք նաև՝
Դերասան Հովհաննես Բաբախանյանն արդեն տեւական ժամանակ է, ինչ ընտանիքի հետ միասին տեղափոխվել է ԱՄՆ մշտական բնակության: Life.panorama.am-ի հետ զրույցում դերասանը պատմել է օտար երկիր տեղափոխվելու, կարոտի հաղթահարման, հոլիվուդյան կինոասպարեզ մտնելու և «Օսկար»-ի կարմիր գորգին հայտնվելու երազանքների մասին:
Պարոն Բաբախանյան, Հայաստանում,Դուք «անգործ» դերասանների շարքում չէիք, բայց նախըտրեցիք համալրել ամերիկաբնակ հայ դերասանների շարքերը: Ի՞նչն էր խանգարում կամ պակասում Ձեզ հայրենիքում, որ որոշեցիք Ձեր երեխաներին մեծացնել հայրենիքից հեռու:
Փառք Աստծո, երբեք անգործ չեմ եղել Հայաստանում և ոչինչ չի խանգարել ծառայել իմ գործին: ԱՄՆ տեղափոխվելուս միակ և բուն նպատակը իմ մասնագիտության մեջ ավելի հմտանալն ու տարբեր մշակութային շերտերի հետ անձամբ առնչվելն էր, նաև օտարալեզու պրոեկտներում աշխատել կարողանալը:
Երբ տեղափոխվեցիք Միացյալ նահանգներ, Ձեր աղջիկները արդեն այնքան էլ փոքր
տարիքում չէին, հետաքրքիր է՝ նոր բարքերին, նոր ապրելակերպին սովորելը դժվար
չէ՞ր:
Ճիշտ նկատեցիք, աղջիկներս էլ, տղաս էլ արդեն բավականին մեծ էին և դա ավելի օգնեց պահպանել իրենց իսկ տեսակն ու ավելացնել միայն նոր միջավայրից եկող լավն ու ընդունելին:
Ինչպե՞ս հաղթահարեցիք կարոտը։
Կարոտի դժվարությունները փորձում ենք հաղթահարել ամեն տարի պարտաճանաչ կերպով Հայաստան այցելելով:
Երեխաների դաստիարակության հարցում, ի՞նչ եք կարծում, հնարավոր է զերծ մնալ
այն բոլոր ազդեցություններից, որոնք տալիս է օտար երկիրը:
Իհարկե, օտար երկրները իրենց լավ ներգործությունն էլ են ունենում, բայց հայի տեսակի համար ազգային արժեքների պահպանումը խիստ կարևոր է: Փառք Տիրոջը, մենք ունենք հզոր հայկական համայնք, Զորավոր Հայոց Եկեղեցի, որը հարգելով տվյալ երկրի արժեքները, կարողանում է պահպանել մեր աազգայինը, հայկական Եկեղեցին համախմբելով իր շուրջ այստեղ ապրող ողջ հայերին, ինքնավստահություն ու ուժ է ներշնչում:
Պարոն Բաբախանյան, հետդարձի ճանապարհ տեսնո՞ւմ եք: Գուցե կգա մի օր, երբ
կվերադառնաք հայրենիք մշտական բնակության:
Ամբողջ հարցն այն է, որ ես ապրում եմ և Հայաստանում, և ԱՄՆ-ում:
Դատելով Ձեր գործունեությունից՝ նկատելի է, որ ԱՄՆ-ում դուք բավականին ակտիվ գործունեություն եք ծավալում: Կցանկանայի,որ մանրամասնեք և պատմեք դրանց մասին:
Այո, ես սիրում եմ իմ մասնագիտական զբաղվածությունը, կարծում եմ, որ շատ տխուր կլիներ ինձ համար, եթե չաշխատեի իմ մասնագիտությամբ: Ներգրավված եմ նաեւ թատերական պրոեկտների մեջ, իսկ վերջերս նկարահանվեցի բրիտանական գարեջրի գովազդային հոլովակում: Այսինքն՝ աշխատանքի պակաս դեռ չեմ զգում:
Դուք եւ ձեր դուստրը կարծես փորձում եք հայտնվել հոլիվուդյան կինոասպարեզ,
կխնդրեմ պատմել նաև այդ համագործակցությունների մասին:
Էլլան՝ կրտսեր դուստրս, շատ է սիրում կինոն եւ փորձում է իր ուժերն այդ ասպարեզում: Այս տարի նա արդեն ավարտեց երկրորդ կուրսն ու փոխադրվեց երրորդ՝ ավելի դժվար շրջան: Աստված առաջ, տեսնենք ինչ կստացվի: Մենք միասին նկարահանվեցինք Ռոման Սիմոնի «Love and Lowther» ֆիլմում, իսկ հետո նույն ռեժիսորի հաջորդ ֆիլմում, որը կոչվում է «Black on red»:
Ձեզ կտեսնե՞նք «Օսկար»-ի կարմիր գորգին, դա այստեղ ապրող հայերի համար
մեծ հպարտություն կլինի:
Դրան հասնելու համար ես պետք է շատ ավելի շատ աշխատեմ: Աստված տա, որ մի օր իրականանա այն, ինչ պատկերացնում ենք:
Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում