Նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանին մինչ այժմ պաշտպանել են, այսինքն դրական խոսքեր են ասել օրինակ Ճոյտը, Շմայսը, Գեներալ Սեյրան Սարոյանը, Բելաջոյի Գրիշը, Լիսկան, Հայաստանի հանքերը թալանած Վարդան Այվազյանը, Թոխմախի Մհերը և այսպես շարունակ: Պարզ է չէ՞ ժողովուրդ ջան: Դե իհարկե, բա հո՞ նրան չէին պաշտպանի լուրջ տնտեսագետներ, վերլուծաբաններ, մտավորականներ, արվեստագետներ, մանկավարժներ, հասարակական կազմակերպություններ և այլն: Ամեն ինչ օրինաչափ է: Շարմազանովը, երբ նիստից առաջ ասում էր, որ ժողովուրդը գոհ կմնա, հո՞ ինձ ու ձեզ նկատի չուներ, այլ այս մարդկանց: ՀՀԿ՜ի համար միշտ էլ ժողովուրդ հասկացությունը սկսել և ավարտվել է օլիգարխ ու կիսաքրեական այս մարդկանցով: Կարևորը մաֆիան գոհ լինի: Իսկ ինչի՞ պիտի այս մարդիկ դժգոհ լինեն: Վարչապետ է նշանակվել յուրայինը, նույն կերպ մտածողը, նույն կերպ գործողը: Խնամի թագավոր ախպոր մասին էլ չեմ խոսում: Բարգավաճի բերանը կարմիր խնձոր չի գնում:
Հայաստանում քաղաքականությունը վաղուց վեր է ածվել կլանի շահերը սպասարկելու գործիքի: Ու շատ զարմանալի կլիներ, եթե Սերժ Սարգսյանի ընտրությունն այլ լիներ: Ի՞նչ է մնում անել Հովիկ Աբրահամյանին: Որպեսզի օպերացիան բարեհաջող ավարտ ունենա, նա պետք է կառավարությունից անմիջապես հեռացնի շատ թե քիչ կիրթ ու գրագետ մարդկանց: Չեք հավատու՞մ, որ անելու է: Դե կտեսնեք: Նա երբեք չի դավաճանի մաֆիայի սկզբունքներին: Դե ուրեմն առաջ դեպի ֆեոդալների Հայաստան: Ականջդ կանչի Ռոբերտ Քոչարյան: Ձեր սրտով էլ է չէ՞ Հովիկի վարչապետացումը: Մի տեսակ ձայնդ չի լսվում: