«Հայաստանում ծավալված աննախադեպ շարժումը հավաքեց այնպիսի թափ, որի պարագայում իշխանությանը, ըստ էության, չէր մնում այլ ելք, սակայն մյուս կողմից` իրավիճակը գուցե ունի, այսպես ասած, երկու ծայր կամ երես, և անկասկած է, որ այս ամենն արդեն ուրիշ Հայաստանի դրսևորում է: Ընդ որում` ուրիշ Հայաստանը ամենևին իդեալական, անթերի, անխնդիր Հայաստանը չէ, և պետք էլ չէ մտածել այդպիսի Հայաստանի մասին կամ ընդհանրապես այդպիսի պետության: Ուրիշ Հայաստանն այն Հայաստանն է, որտեղ խնդիրներն ու հարցերը լուծվում են պարզապես ուրիշ` օրենքի և իրավունքի, ազատությունների և արդար մրցակցության միջոցով:
Գնո՞ւմ ենք դեպի այդ Հայաստան: Իհարկե, դեռ պարզ չէ, իհարկե, համաժողովրդական ցնծության ու վերելքից հետո գրեթե անխուսափելի է լինում անկումը, սակայն խնդիրը հենց այն է, որ ուրիշ Հայաստանի մեխանիզմները պետք է ապահովեն, որ անկումը լինի ընդամենը այնպիսին, ինչպիսին տոնից հետո աշխատանքային առօրյայի վերադառնալն է, որն անխուսափելի և անհրաժեշտ է հաջորդ տոներն ունենալու համար
Ըստ այդմ` այսօր Հայաստանում տոն է ոչ թե Սերժ Սարգսյանի հեռանալու, այլ դրա առիթով տոն, որն իրականում հասարակության վերելքի ինքնավստահության, սեփական ուժերին հավատալու, հաղթանակի զգացումը վերագտնելու, պետականության զգացումը վերբեռնելու տոնն է:
Ինչպե՞ս կվերադառնանք աշխատանքային առօրյա, ինչպե՞ս կկազմակերպենք աշխատանքը, ինչպե՞ս կշարունակենք ու կամրացնենք ուրիշ Հայաստանը: Դրանք հարցեր են, որոնց պատասխանները պետք է փնտրվեն հանրության բոլոր շերտերում` դասեր քաղելով այլևս անցնող երկու տասնամյակի կամ քառորդ դարի խորքային սխալներից, և ուժ ստանալով արցախյան շարժման երեսնամյակին ձևավորված նոր շարժման հաղթանակից ու տոնից»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: