Նոյեմբերյանի զորամասում գրանցված մահվան ելքով միջադեպն ու զինծառայողի հուղարկավորության օրը տեղի ունեցած իրադարձությունները ևս մեկ անգամ ցույց տվեցին, որ բանակն առավել ընդգծված իր վրա կրում է երկրում առկա բազմաթիվ խնդիրների հետևանքները:
Մյուս տեսանկյունից, պետք չէ բանակում առկա խնդիրներն ամբողջությամբ պայմանավորել երկրում կամ հասարակության մեջ առկա այս կամ այն բացասական երևույթներով: Երբ մենք հայտարարում ենք, որ բանակը մեր երկրի ամենակայացած կառույցներից է, դա ենթադրում է, որ այն ոչ միայն պետք է օրինակ ծառայի մնացած կառույցներին, այլ «հրող» դերակատարություն ունենա:
Միաժամանակ պետք է փաստել, որ բանակում երբեմն կարելի է հանդիպել այնպիսի երևույթների, որոնց առկայության պայմաններում անհնար է խոսել բանակում արատավոր երևույթներն արմատախիլ անելու մասին:
Ինչպե՞ս կարող է բարձր պաշտոն զբաղեցնող գեներալը վերահսկել իր ենթակայության տակ գտնվող ոլորտը կամ զորամասերի կարգապահությունը, մարտունակությունը, եթե նա միաժամանակ բիզնեսմեն է ու օրվա մի մասը նվիրում է գործարարությանը:
Ինչպե՞ս կարող է զինվորների հետ հայհոյանքով խոսող, «գողական գնացող» սպան ծառայության ընթացքում զինվորի համար ծնող լինել ու զբաղվել նրա դաստիարակությամբ:
Ինչպե՞ս կարող են զինվորներն ու նրանց ծնողները ռազմական ոստիկանության նկատմամբ վստահություն ունենալ, եթե բանակում ծառայած յուրաքանչյուր զինվոր միայն տհաճությամբ է հիշում ՌՈ ներկայացուցիչների հետ իր շփումների մասին, իսկ ՌՈ մեկուսարանում տիրող իրավիճակի մասին լեգենդներ են շրջում:
Այս «ինչպեսները» կարելի է շարունակել, սակայն…
Իհարկե, չափազանցրած կլինեմ պնդելով, որ վերոնշյալ երևույթները ամբողջապես «տիրել» են բանակը, սակայն սրանք երևույթներ են, առանց որոնց վերացման դժվար է ակնկալել, որ բանակում տեղի ունեցող միջադեպերը կտրուկ կնվազեն:
Միաժամանակ չենք կարող չընդգծել, որ նախորդ տարիների համեմատ, մահվան ելքով միջադեպերը նվազելու միտում են արձանագրել: Մեծ թվով խնդիրներ կարգավորվել են, սակայն բանակում առկա որոշ արատավոր երույթները արմատախիլ անելու հարցը` օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներով, մնում են չլուծված:
Քաղաքական փորձագետ Տիգրան Աբրահամյանի գրառումը
Ֆեյսբուք