Հասմիկ Բաբաջանյանը hraparak.am-ում գրում է. Այն, որ նոր վարչապետի նշանակումով ինչ-որ բան հանրապետությունում կփոխվի, տարակույս չկա.
Կփոխվի առաջին հերթին հայ տղամարդկանց ճաշակը՝ փողկապների հարցում.....կսկսվի ծաղկազարդ փողկապների հանդիսավոր շքերթը:
Ակամայից հիշեցի տատուս ծաղկավոր, սատինե գոգնոցը՝ դաղձ ու նանայի, սամիթի ու ռեհանի բույրով:
Ո՜նց էի սիրում, առավոտ կանուխ, տատս, որ բախչից դուրս էր գալիս, իսկույն նետվում էի գիրկը, գլուխս խոթում գոգնոցի մեջ ու սկսում «հոտոտել»: Փոքրիկ ծաղիկներով սատինե գոգնոց էր, աչքերդ շաղվում էին, որ նայում էիր, գոգնոցի մանրիկ ծաղիկների՞ց, թե՞ քաղած կանաչու բույրից թեթև գլխապտույտ էի ունենում ու ասում էի՝ տատի, գլխիս շուռ է տալիս: Ասում էր՝ մի վախի, երկիրն է պտտվում…
Հիմա որքա՜ն պահանջարկ կունենար...տատուս սատինե, մանրիկ ծաղիկներով գոգնոցը:
Նորանշանակ վարչապետի ծաղկազարդ, պուտպուտիկ փողկապները անցած- գնացած մի կյանք են հիշեցնում:
Հաստատ, երբ վարչապետին կառավարական շենքի մի հատվածում կարողանամ բռնեցնել, անսահման մի երկյուղածությամբ կբռնեմ նրա չլպլտուրիկ փողկապն ու կասեմ ՝ բա ու՞ր է նանան ու դաղձը, մեր հայկական բույրը: Նորից կհիշեմ լոբու, կարտոֆիլի թաղից ծլած տատիս, նրա սատինե գոգնոցը ու հայի հոտը:
Է՜լ բույր չկա… մեր հայկական սատինե կտորն էլ փողկապ է դարձել ու քաղաքականացվել… Դաղձի հոտի էլ ենք կարոտ մնալու, դաղձի…
Լոբու կարտոֆիլի թաղում ի՜նչ պակաս լոբի ու կարտոֆիլ ենք՝ խճճված իրար մեջ: Մնում է ուղղակի բաժանել ու տիրել մեզ ......
Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում