Նիկոլ Փաշինյանը հեծանիվ քշելուն զուգահեռ՝ նաև ստեղծագործում է՝ բանաստեղծություններ է գրում ու ձոնում Հայաստանին, այսինքն՝ իր ստեղծած «իրական Հայաստանին»։ Բանաստեղծությունը գրելուց հետո Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում արտասանել է այն ու բացատրել է, թե ինչի մասին է գրել։
168.am-ի հետ զրույցում բանաստեղծ Հուսիկ Արան ասել է, որ նման բանաստեղծություն ցանկացած մեկը կարող է գրել, օրինակ, տատիկ-պապիկները։
«Ամեն գիր դեռ բանաստեղծություն չէ, ուղղակի ամոթ է դրա մասին խոսելը։ Հասկանալի է, որ մարդիկ այս իրավիճակում այն քննարկում են, բայց այդ գրածի մեջ որևէ արժեք չկա քննարկելու համար»,- նշել է Հուսիկ Արան։
Բանաստեղծի բնորոշմամբ՝ Նիկոլ Փաշինյանը ծավալվում է այնքան, որքան թույլ է տալիս հայ ժողովուրդը։
«Եկեք թողնենք բնորոշումները, թե նա միամիտ է, հարիֆ է, բան չի հասկանում. չէ, նա շատ լավ գիտի, հինգ մատի նման ճանաչում է այս ազգին, գիտի՝ ինչպես օգտագործի, ինչպես վարվի նրա հետ։ Օրինակ, եթե Ադրբեջանում Ալիևն ասի՝ Ադրբեջանում 3 մլն նախագահ կա, ժողովուրդը նրան կասի՝ հիմար, ի՞նչ ես ասում, եթե մենք նախագահ ենք, բա դու այդտեղ ի՞նչ ես անում, վեր կաց, մենք ենք նստելու։ Նույնը՝ թուրքերն ու ցանկացած այլ ազգ։ Բայց մեզ մոտ Նիկոլը լավ գիտի՝ ինչ է ասում, ասում էր՝ Արցախը տանք, լավ ապրենք, հիմա էլ ասում է՝ Հայաստանը տանք, որ լավ ապրենք, գիտի այս ժողովրդի հետ վարվելու կերպը։
Ցավով եմ ասում, բայց նա գիտի, որ ժողովուրդը՝ որպես էթնոս, կայացած չէ։ Սա վիրավորանք չէ, իհարկե, մեզ մոտ ծնվում են հանճարեղ մարդիկ, բայց մենք որպես հավաքական ուժ՝ մտավոր հետամնաց ենք, որովհետև վերջին տարիները ցույց տվեցին, որ մենք մինիմում չափանիշներին չենք համապատասխանում։
Նիկոլը գիտի՝ ինչ է անում՝ հեծանիվ կքշի, բանաստեղծություն կգրի ու կարտասանի, կչոքի Թումանյանի շիրմաքարի մոտ և նման բաներ այնքան կանի, մինչև վերջնականապես կկործանի երկիրն ու ազգին։
Հիշեք՝ Վրաստանի նախագահ Գամսախուրդիային մի վեց ամիս վրացիները պահեցին, Էլչիբեյին ադրբեջանցիները 8-9 ամիս պահեցին, հեռացրեցին ուղղակի։ Հիմա ասում են՝ մեր հայ ժողովուրդը խաբվել է, լավ, ինչպե՞ս կարող են ամեն օր խաբվել, մի օր, ի վերջո, հասկանում են, չէ՞, որ խաբվել են»,- նշել է կայքի զրուցակիցը։
Բանաստեղծը նաև ընդգծել է՝ Նիկոլ Փաշինյանն անում է այն, ինչ ժողովրդի մի մասն է ուզում, և Փաշինյանը երբեք Հայաստանը բաց չի թողնի այնքան ժամանակ, մինչև վերջնականապես երկիրը չոչնչացնի՝ «հայտարարելով՝ «սա պիտի տանք, որ լավ ապրենք»»։
«Ես խենթի պես եմ սիրում այս երկիրը, այս ժողովրդին, որովհետև ուրիշը չունենք, և ցավով եմ ասում այն, ինչ ասացի։ Բայց այսպես չի կարելի, չի կարելի թույլ տալ, որ արժեքներն այսպես անեն։ Հետո էլ ասեն, թե նախկիններն են արել, հիմա էլ մի աբսուրդ են ասում՝ նախկինները 20-25 տարի առաջ ծրագրել էին, որպեսզի հնդիկներ գան, ապրեն Հայաստանում։ Ստացվում է, որ մեր ժողովուրդն ինքն իր վրա ծիծաղում է։ Այս նույնը եղել է 1915 թվականին, երբ Ադանայում հայերին կոտորում էին, Պոլսում նստած հայերը քեֆ էին անում։ Ամիսներ առաջ, երբ Արցախում էին կոտորվում, Երևանում անտարբեր քեֆ էին անում։
Սա ենք մենք։ Իհարկե, առաջնորդները շատ կարևոր են, որոնք ժողովրդից են ծնվում։ Եթե թուրիմացաբար նրանք վրացիների մեջ ծնվեցին, նրանց քշեցին, բայց Նիկոլը մեզ համար, չգիտես ինչու, դարձել է օրինաչափություն։
Թշնամին պատերազմի է պատրաստվում, բայց սա հեծանիվ է քշում, ու ժողովուրդը չի ասում՝ ի՞նչ ես անում։ Կրկնում եմ՝ ժողովուրդն է իր ճակատագրի տերը, ժողովուրդն է որոշողը։
Պարզվում է՝ հաղթանակը մեզ հարմար չէր, ձեռքին կրակն էինք ընկել, սենյակում տեղ չէինք գտնում, որ դնեինք, զգեստապահարանում պահեինք, թե այլ տեղ։ Բայց պարտությունը դրել ենք սեղանի մեջտեղում ու նայում ենք»,- եզրափակել է Հուսիկ Արան։