«Հայացք» թերթը գրում է, որ հնարավորություն ունի ընթերցողներին ներկայացնել Հայաստանում տեղի ունեցած աղմկահարույց շատ սպանությունների և սպանությունների փորձերի վերաբերյալ դատավճիռներ, որոնցում առանձին դրվագներ սենսացիա անվանելը ուղղակի չափազանց մեղմ բնորոշում կլինի: Մեր ձեռքի տակ է ՀՀ պետեկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանի սպանության փորձի աղմկահարույց գործի դատավճիռը` հանրահայտ «Մուսկուլ» Գագոյի (Գագիկ Մաթևոսյան) գործը:
Դատավճռում մի աբսուրդ ու անհավատալի հատված կա, որից մի պատառիկ ներկայացնում ենք մեր ընթերցողներին.
«Համարելով իր և զինակից ընկերների մարտական ծառայությունները և արժանիքները հանիրավի անուշադրության և մոռացության մատնված և այդ պատճառով անհանդուրժողաբար վերաբերվելով վերջին տարիներին երկրի զարգացման դրսևորումներին ու երկրի ղեկավարների վարած ներքին և արտաքին քաղաքականությանը, Գագիկ Մաթևոսյանը 2008 թվականից նպատակադրվել է իրականացնել Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և գործող նախագահ Սերժ Սարգսյանի սպանությունները: Ծրագրել է սպանություններն իրագործել շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով` հզոր պայթուցիկ նյութի գործադրմամբ: Արտակ Ղուկասյանին տեղեկացնելով իր հանցավոր մտադրության մասին, հանձնարարել է միջոցներ ձեռնարկել այդպիսի պայթուցիկ նյութ ստանալու ուղղությամբ:
Ինտերնետային համապատասխան կայքերում ուսումնասիրելով առկա տեղեկությունները, Արտակ Ղուկասյանը Գագիկ Մաթևոսյանին առաջարկել է տնայնագործական եղանակով պատրաստել «աստրոլիտ» տեսակի փշրտող գործողության պայթուցիկ նյութ: Պարզաբանել է, որ այն հեղուկ վիճակում գետնին լցված լինելով, չորանալով 3-4 օր կարող է պահպանել պայթունավտանգ բոլոր հատկությունները` նույնիսկ անձրևի ազդեցության պայմաններում: Տեղեկացված լինելով, որ ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին ուղեկցող ավտոմեքենաները հագեցված չեն էլեկտրաալիքները ճնշող սարքավորումներով, հնարավոր է համարել, նախապես ընտրված վայրում` ճանապարհին լցված «աստրոլիտ»-ը պայթեցնել հեռակառավարման սարքի միջոցով: Այնուհետև` նպատակադրվել է Ռոբերտ Քոչարյանի հուղարկավորության արարողության ժամանակ իրականացնել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի սպանությունը` համապատասխան վայրի հողածածկույթի մեծ մակերեսը նախապես նույն պայթուցիկ նյութով մշակելու միջոցով»:
Իշտահներիդ քացախ: