Կառլեն Ավետիսյանի «Մեր լեզուն... բայց ու՞մ խոսքը» հրապարակախոսական հոդվածը
Մոտավորապես երեսուն տարի առաջ՝ մեր երկրի անկախության հետ համընթաց, մի որոշում ընդունվեց, համաձայն որի հետայսու միայն ջահելները պիտի ընդունվեին աշխատանքի։ Ինչ խոսք, դատապարտելի ոչինչ չկար, ուղղակի անհասկանալի էր, թե ինչու՞ հատկապես միայն երիտասարդները պիտի աշխատեին։
Բայց դա շուտով պարզվեց․ բանն այն է, որ դալար շիվը հեշտությամբ է բեկվում, թեքվում, մինչդեռ տարիքով, արդեն հասունացած ճյուղը, լավագույն դեպքում, կարող է կոտրվել։
Ու փաստորեն հենց այդ օրվանից էլ սկսվեց․․․ ես ուրիշ հիմնարկ-ձեռնարկությունների մասին չգիտեմ, բայց խմբագրությունները լցվեցին ջահել աղջնակների ճռվողյունով։ Իսկ այդ երիտասարդները, զգալով, թե իրենցից ինչ մեծ բան է պահանջվում (նորովի մտածողություն, նոր խոսք և այլն) սկսեցին կատարել այդ պատգամը։ Այդ օրվանից, փաստորեն, մեր լեզվում սկսեցին հարկերը ոչ թե հավաքվել, այլ՝ հավաքագրվել, տեղեկությունը փոխարինվեց տեղեկատվությամբ, ուսանողական վարձերը՝ վարձավճարով և այսպես շարունակ։ Սկզբում մեզ թվում էր, թե այդ ամբողջը ժամանակավոր երևույթ է, շուտով իրենք էլ կզգան իրենց կատարածի անհեթեթությունը և կանցնեն նորմալ, սովորական խոսքի, բայց․․․ Շատ չանցած այդ «նորամուծությունը» սիրով վերցրին պետական այրերը և գնա՜ց․․․
Ինչ խոսք, լեզուն կենդանի օրգանիզմ է, միշտ էլ ծնվում են նոր բառեր, մահանում` հները, սակայն դա
պետք է լինի բնական ընթացքով։ Օրինակ, ի՞նչ իմաստ ուներ տասնամյակներով ձևավորված համագործակցությունը փոխարինել փոխգործակցությամբ կամ արտասահմանը՝ արտերկրով, բուժվողը՝ բուժառուով և այլն։ Դա մի՞թե ցույց չի տալիս իրենց գոյությունը արդարացնելու համար նոր բառեր ստեղծելու մոլուցքը։ Ժամանակին ստեղծվեցին հեռացատկ, բարձրացատկ բառերը, որոնք ճշգրիտ արտահայտում էին այդ մարզաձևերի էությունը։ Մեր նորահայտ «լեզվաբանները», անկարող լինելով այդպիսի նոր բառեր ստեղծելու, ստիպված գնացին վերը նշված խոտոր ճանապարհով։ Հիմա արդեն սովորական է դարձել բարի լույսի փոխարեն բարի առավոտով ողջունելը։ Ինչ խոսք, բարի առավոտը սխալ չէ, բայց մեր ժողովուրդը դարեր շարունակ միմյանց բարի լույս է մաղթել։ Ես չգիտեմ մի ուրիշ ժողովուրդ, որն այդ արտահայտությունն օգտագործի՝ բարի լույս։ Դե որ բարի առավոտն ընդունելի է, ինչու՞ չի
կարելի ասել՝ բարի կեսօր, բարի կեսգիշեր և նմանատիպ այլ տարօրինակություններ։
Վերջին ժամանակներս մարդու ականջ է սղոցում աշուղ բառը։
Մի քանի օր առաջ հեռուստաալիքներից մեկով համերգային ծրագիր էի դիտում․ «Այժմ լսեք աշուղ Աշոտի «Ուր է» երգը»։ Եվ այդ հանրահայտ երգի հենց առաջին տողն այսպիսին է․ «Ո՜վ դու գուսան, չես իմանում․․․»։ Խեղճ Աշոտը չէր իմանում, որ ինքը գուսան չէ, այլ՝ աշուղ։ Զարմանալին այն է, որ բոլորն անխտիր արագորեն սկսեցին օգտագործել աշուղ օտար բառը։ Ճիշտ է, աշուղը, ասում են, արաբական արմատներ ունի, բայց դա փոքր մխիթարություն է, քանզի այդ բառը մեր լեզու մտել է թուրքերենի միջոցով։ Եվ հիմա անհավատալի է, որ այդ նույն արագությամբ մեր գուսան բառը նորից վերադառնա մեր լեզու։ Այդ խոսքերը հաստատելու համար բերեմ մի այսպիսի օրինակ․ վերջին տարիներս մեր լեզվում համառորեն պտտվում է նանա բառը։ Երբ տարիներ առաջ առաջին անգամ լսեցի այդ նանան, զարմացա և դիտողություն արեցի, թե ինչու՞ նանա և ոչ թե դաղձ կամ անանուխ։ Տեսնել էր պետք, թե ինչպես միահամուռ հակահարձակման անցան՝ փորձելով ապացուցել, որ նանան լրիվ ուրիշ բույս է, թեկուզ՝ նման դաղձին կամ անանուխին։
Վերջերս հեռուստատեսությամբ մի խոհարարական հաղորդում էի նայում, և ո՜վ զարմանք։ Այնտեղ էլ այդ նույն թուրքական բառն օգտագործեցին։ Այդ հեռուստաընկերության միայն գովազդային բաժնի համարն էր հայտնի ինձ։ Ես ստիպված զանգեցի այդ հեռախոսահամարով և խնդրեցի հաղորդել այդ հաղորդման հեղինակներին, որ չի կարելի հայկական եթերում թուրքերեն բառ օգտագործել։ Աղջիկը պատրաստակամորեն խոստացավ իմ մտահոգությունը հայտնել ըստ պատկանելվույն։
Ես չգիտեմ՝ մեր օտարամոլությա՞նը վերագրել այդպես հեշտ ու հանգիստ սեփական բառ ու բանից հրաժարվելը. օրինակ, ինչու՞ Էջմիածինը դարձավ Վաղարշապատ։ Ինձ կասեն՝ մի՞թե վատ է, որ վերադառնում ենք մեր արմատներին, բայց ամբողջ հարցն այն է, որ «աբադ» բառի բ-ն պ-ով փոխարինելով, այն չի դառնում հայկական։ Ինչպես հայկական չեն դառնում օտար լեզուներից պատճենահանված բազմաթիվ բառեր և արտահայտություններ։
Երևի մի հիսուն տարի առաջ մեր գրախանութներում հայտնվեց Հայնրիխ Բյոլի «Անտերունչ տունը» վեպը։
Մեզ զարմացրեց թարգմանչի գտած այդ բառը՝ անտերունչ։ Թարգմանությունը կատարվել էր ռուսերենից՝ «Дом без хозяина»։ Թարգմանիչը կարող էր թարգմանել «Անտեր տունը», «Տիրազուրկ տունը», «Տունն առանց տիրոջ», բայց ի փառս նրա՝ նա գտել էր մի բառ, որը ճշգրտորեն արտահայտում էր հեղինակի ասելիքի էությունը։ Այդ տարիներին, բարեբախտաբար, մեր թատերագիրները մտահոգված էին ժողովրդին իրենց հետևից տանելով, այլ ոչ թե ժողովրդի հետևից գնալով։ Հիմա դժվար է պատկերացնել անգամ, որ տաքսիստը օգտագործի ուղևոր, ճամպրուկ և նման բառեր։ Մինչդեռ նրանք ասելիք ունեին, որի պատճառով էլ հանդիսատեսը սիրով էր ընդունում մինչև օրս էլ պահանջված այդ թատերգությունները։
Այստեղից հետևություն․ լեզուն իմանալը քիչ է, պիտի նաև լեզվի նրբերանգներին տիրապետել։
Գրեցի այս տողերն ու մտածեցի՝ ուր է թե գոնե լեզվին տիրապետել իմանային։ Հեղույս, մանեկ, երիթ, շրիշակ և այլն։ Այս բառերը, ցավոք, աստիճանաբար դուրս են մղվում մեր լեզվից և, որքան էլ տարօրինակ է, այստեղ իր մեղքի մեծ բաժինն ունի հեռուստատեսությունը։ Իր սերիալներով, փողոցային ժարգոնով, գովազդներով։ Երբ փորձում ես դիտողություն անել, անմիջապես հետևում է պատասխանը․ մենք ժողովրդին հասկանալի, նրա լեզվով ենք խոսում։ Մի առանձին հմայք ունեն մեր ֆուտբոլային մեկնաբանների մեկնաբանությունները․ «պորտուգալացու մոտ հարվածը չստացվեց», «շքեղ հարված», «հեռացող հարված», «այսինչ թիմը երրորդ տուրի շրջանակներում հաղթեց այնինչ թիմին»․․․
Պատահական չէ, որ իմ ծանոթներից շատ-շատերը ֆուտբոլային հաղորդումները դիտում են առանց
մեկնաբանության։
Ինչ արժե, օրինակ, գովազդներից մեկում հնչող արտահայտությունը․ «Մարդիկ գալիս են ստեղ յոթ կռուգ ֆռում»։ Դրա հեղինակները չգիտե՞ն, որ այդ նախադասության մեջ երկու օտար բառ են օգտագործում (կռուգ, ֆռալ)։ Եթե չգիտեն, ուրեմն ինչի՞ համար են այդ հեռուստաընկերությունների խմբագիրները։ Իսկ եթե գիտեն, ու այդպես են խոսում, ուրեմն դա ավելի վատ է առաջին հերթին հենց իրենց համար։
Ընդհանրապես, հեռուստատեսության մասին կարելի է շատ խոսել, բայց, եթե Տերը կամենա, մենք մի առանձին անդրադարձ կանենք այդ մասին։ Իսկ այժմ ասեմ միայն, որ հայկական տեսակ-տեսակ հեռուստաընկերությունները վատ, շատ վատ ծառայություն են մատուցում ժողովրդին։
Բայց մենք ստիպված ենք համակերպվել այդ իրավիճակին։ Ոչ միայն անթիվ-անհամար սերիալներով, այլ նույնիսկ արդեն պաշտոնատար անձանց խոսքը նմանվում է երևանյան փողոցային ժարգոնին (այսպես շարունակելու դեպքում մենք շուտով կսկսենք գովերգել Արարատյան դաշտի հավողը): Եվ հերն անիծած, որ այսուհետև էլ մեր ականջները պիտի սղոցեն այնպիսի բառեր և բառակապակցություններ, ինչպիսիք են դեռյեվս, ընդհուպ մինչև, փառատոններ, համբյուր, ամենակարևորագույն...