Այն, որ Պարույրը դավադրության զոհ է դարձել հասկանում են գրեթե բոլորը: Ոչ բոլորն են հասկանում թե ում դավադրության զոհ է նա դարձել եւ ահա այստեղ է որ բազմաթիվ ու բազմազան կարծիքներ ու տեսություններ են հնչում, կարծես բոլորս մոռացել ենք, որ հենց մենք բոլորս ենք զոհ այս նույն դավադրության: Ո՞ւմ է պետք թույլ, պառակտված, թեւաթափ ու թերահավատ Հայաստանը: Բոլորին, բացի մեզնից: Բոլոր մեր հարեւաններին, թշնամիներին ու «բարեկամներին», բոլոր նրանց, ով օգտվում է այս մեր վիճակից: Բայց ով է ստեղծել այս վիճակը, ով է բերել այս խայտառակ վիճակի մեր հպարտ, հաղթող, միակամ ազգը, որը քսան տարի առաջ արժանապատվությամբ ու պատվով դիմակայում էր բնության ու թշնամու բոլոր հարվածներին? Ոչ մի հարեւան, ոչ մի դրսի դավադրություն, ոչ մի դեսպանատուն կամ գաղտնի ծառայություն նման բան չէին կարող անել եթե չլիներ ներսի դավաճանությունը: Քսան մեկ դար առաջ Տիգրանակերտը ընկավ ոչ թե հռոմեական պաշարման պատճառով, այլ քաղաքի ներսում հյուսված դավադրության ու դավաճանության արդյունքում: Քսան երեք դար առաջ Դարիուս Գիստասպը ասել էր`«Հայերին անհնար է հաղթել, եթե նրանց ներսից չբաժանես»: Պարույրի դեմ դավադրությունը, շինծու է այն թե իրական, մնում է տեռորիստական այն մթնոլորտի արտահայտությունը, որը սկսեց ներթափանցել Հայաստան դեռեւս 90-ականների սկզբին պատվիրված քաղաքական սպանություններով` Ղանդիլյան, Յուզբաշյան, հետո Արթուր Մկրտչյան, հետո Համբարձում Գալստյան, հոկտեմբերի 27-ը: Իսկ ընթացքում անձնավորված քաղաքական սպանությունները աննկատ կերպով վերածվեցին հակաժողովրդական պետական տեռորիզմի: Դա սկսվեց մոտավորապես 95-ին դաշնակցական թերթերի փակելուց եւ ողջ մամուլը վերահսկողության ենթարկելուց, ինչին անիջապես հետեւեց 96 թ. նախագահական ընտրությունների կեզծումն ու զորքերի օգտագործումը բողոքարարների դեմ: Մարտի 1-ը այնտեղ է սկսվել: Այսպես էինք մենք կորցնում մեր ազատությունն ու ինքնիշխանությունը: Եւ դա դրսի «մութ ու դավադիր ուժերի» կողմից չէր արվում, թեեւ նրանց հավանությամբ... Պարույրին ուղղված կրակոցները կարծես թե խլացրել են մի քանի ժամ անց Սարի Թաղում հնչած այլ կրակոցներ, որ արձակել էր ՀՀԿ թեկնածուի դրածոներից մեկը, նույն այս վախի, տեռորի ու անպատժելիության հոտից հարբաց: Այս նույն արյան ու թողտվության հոտն էր գրգռում "Պոպլավոկում" Պողոս Պողոսյանի եւ "Հարսնաքարում" Վահե Ավետյանի դահիճներին: Այս նույն հոտն է ոգեւորում ոստիկանության բաժիններում, բանտերում ու բանակում ծեծող, խոշտանգող, հոշոտող տականքներին: Եւ Պարույրն այստեղ ոչ միայն ու ոչ այնքան հայոց անկախության խորհրդանիշն է, որքան հենց հայոց կախվածության զոհը` մեր ներքին, համակարգային, պետական մակարդակի հասած անարդարության, անպատժելիության, ամենթողության, զորբայության, բազազարտեմության, զիմզիմովության զոհը: Ինչպես եւ մենք բոլորս, մեզնից յուրաքանչյուրը: Ով է այսօր ապահով իրեն զգում մեր Ապահով, Բարգավաճ, Օրինաց երկրում: Եւ ո՞վ է մեղավոր դրա համար: Ահա այստեղ է որ ակամա հիշում ես Սերժ Սարգսյանի հանպատրաստի, ուստի եւ անկեղծ զարմանքը Մովսես գյուղում` «Բա սրա (արտագաղթի) համա՞ր էլ ես եմ մեղավոր...» Հայկական դասական կինոյով, այլ ոչ այսօրվա սերիալակլիպերով դաստիարակված հասարակությունը մի մարդու պես այդ պահին մտքում կամ բարձրաձայն պատասխանել էր. «Բա էլ ո՞վ, Ընկեր պե՞տը» Բանն այն է, որ «ընկեր պետը» տվյալ դեպքում հենց նա է, հաճախ զարմացող ու մեկ-մեկ էլ զզվող նախագահն է: Նա տարիներ շարունակ, տարբեր բարձր պաշտոններում անում էր ամեն հնարավոր ու անհնար բան, որ ստանձմի «ընկեր պետի» այս միանձնյա մենաշնորհը, ուստի նրա զարմանքը թե կառավարության կաշառակերության, թե բանակում բռնության ու սպանության, թե թոշակառուներից ու մանկապարտեզներից գողության դեպքերում մեղմ ասած անհամոզիչ է: Չեք փոխվում, որ հավատանք, պարոնայք: Դուք, ձեր համակարգը, ձեր ագահությունն ու ընչաքաղծությունն են հասցրել մեր հայրենիքը այսպիսի խայտառակ, ողբերգական վիճակի, երբ քսան տարում բնակչության կեսը գաղթել է երկրից, իսկ մնացած կեսի կեսը երազում է հեռանալ... Դուք եք մեղավոր, պարոնայք նախագահներ, երեքն էլ, բայց հատկապես այսօրվա թեկնածուն, որը շարունակում է կեղծիքներով ու բռնությամբ պատանդ պահել այն երկիրը, որտեղ ձգտում է նախագահել եւս մի քանի տարի... Մենք ստրուկ չենք լինի եւ մեր կանանց ու երեխաներին ստրկության մեջ չենք թողնելու: Դուք մեղավոր եք մեր երբեմնի ընդհանուր Հայրենիքի ստորացման, թուլացման, պառակտման համար, մեղավոր եք բռնության ու վախի, սպանությունների ու անպատժելիության մթնոլորտի տարածման համար: Դա պետական հանցագործություն է, դավադրություն սեփական ժողովրդի դեմ, դավաճանություն մեր ընդհանուր պայքարի ու հաղթանակի: Մենք չենք հավատում ձեզ ու չենք վստահում ձեր «ապահովությանը» մեր երեխաների, մեր երկրի, մեր ազգային արժանապատվության ճակատագիրն ու պաշտպանությունը: 1988 թվականի փետրվարից 25 տարի անց մենք նորից անցնում ենք ինքնակազմակերպմանն ու ինքնապաշտպանությանը: Եւ մենք նորից հաղթելու ենք:
Տիգրան Խզմալյանի գրառումը` ֆեյսբուքյան էջից