Հայտարարագրի պարտադիր ներկայացումը վերջին շրջանում մեծ քննարկումների և դժգոհությունների առիթ է դարձել։ Սակայն բացի նրանից, որ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը նոր՝ հայտարարագրից բխող հարկերի միջոցով փորձելու է մինչև վերջ «կլպել» բոլոր քաղաքացիներին, կա նաև մեկ այլ կողմ, որը կարծես թե հանրային քննարկումների ուշադրությունից դուրս է մնացել։
ՕրագիրՆյուզ-ն է գրում ու հավելում․ «Բանն այն է, որ զուտ հայտարարագրումից մոտ 5 մլրդ դրամ հավելյալ գումար է հավաքվելու ՀՀ հպարտ քաղաքացիներից։ Թեև ենթադրելի է, որ երբ մի բան պետությունը դարձնում է պարտադիր ու ուզում է դա խթանել, պետք է նվազեցնի ծախսերը։ Բայց դա չի վերաբերում Նիկոլ Փաշինյանին, ով առաջնորդվում է հին իջևանյան «ավել թիքեն փորը չի ծակի» սկզբունքով։
Սկսենք սկզբից։ Նախ՝ հայտարարագիր ներկայացնելու համար քաղաքացին պետք է բանկից քաղվածք վերցնի: Իհարկե, որոշ բանկեր քաղվածքները անվճար են տրամադրում, որոշ բանկեր մեկ տարվա քաղվածքը 2000 դրամով են տալիս:
Թեմայի վերաբերյալ պարզաբանումներ ստանալու նպատակով կապ հաստատեցինք տնտեսագետ Սուրեն Պարսյանի հետ՝ փորձելով պարզել՝ արդյոք այս քայլի իրական նպատակը թափանցիկություն ապահովելն է, այլ ոչ քաղաքացու «գրպանը մտնելը»։
«Քաղաքացին կարող է ինքը փոխել իր բանկը՝ հաշվի առնելով բանկային ծառայությունների սակագինը: Ծառայությունների տեսանկյունից բանկերը կարող են քաղվածքները նաև օնլայն տարբերակով տրամադրել: Այն, որ որոշ բանկեր քաղվածքների համար գումար են վերցնում, իհարկե նոր երևույթ չէ: Այդ նույն երևույթին մարդիկ բախվում են, օրինակ, երբ գնում են արտերկիր, և նրանց պետք են քաղվածքներ կամ տեղեկանքներ վիզա հանելու համար, բայց նույն քաղաքացիները այդ ժամանակ չեն բողոքում: Այս հարցը անշուշտ պետք է բարձրացվի Կենտրոնական բանկի մակարդակով, ԿԲ-ն պետք է պարտադրի բոլոր բանկերին, որ նմանատիպ ծառայությունները անվճար տրամադրվեն, եթե թղթային չէ, գոնե էլեկտրոնային տարբերակով: Սա և՛ ԿԲ-ի, և՛ կառավարության տիրույթում գտնվող հարց է»,- ասաց Սուրեն Պարսյանը:
Քանի որ տնտեսագետը չպատասխանեց մեզ հետաքրքրող հարցին, որոշեցինք ինքներս պարզ հաշվարկ անել՝ հասկանալու, թե ինչքան պետք է վճարի քաղաքացին հայտարարագիր լրացնելու համար, և ով է դրանից շահում։
Նախ՝ տնտեսագետի այն պնդումը, թե քաղաքացին կարող է փոխել իր բանկը, այդքան էլ ճիշտ չէ․ եթե քաղաքացու եկամուտների մասին տվյալները տվյալ բանկի տրամադրության տակ են, տրամաբանորեն նա քաղվածքը պետք է ստանա այդ նույն բանկից։
Երկրորդ՝ բաց աղբյուրներից հայտնի տվյալներից պարզ է դառնում, որ քաղաքացին ID քարտ ստանալու համար ևս պետք է վճարի 3000 դրամ, էլեկտրոնային ստորագրությունը հեռախոսահամարին կցելու համար՝ 500 դրամ և ևս 3000 դրամ Ekeng-ին՝ Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակին, որպեսզի ակտիվանա էլեկտրոնային ստորագրությունը։
Արդյունքում ստացվում է, որ քաղաքացին պետք է վճարի 6500 դրամ։ Հայտնի է նաև, որ այս տարի հայտարարագրման պարտավորություն ունի ավելի քան 700.000 մարդ, եթե այս թիվը բազմապատկենք 7500-ով, կստացվի 5 մլրդ 250 հազար ՀՀ դրամ, որը, մեղմ ասած, փոքր թիվ չէ։
Ստացվում է, որ կրկին տուժում է քաղաքացին, շահում՝ չգիտես ով՝ բանկերը, պետության ֆունկցիաները ստանձնած մասնավոր կազմակերպությունները և մի քիչ՝ անձնագրայինները։
Հարց է առաջանում՝ եթե իսկապես այս գործընթացի բուն նպատակը երկրում կարգուկանոն հաստատելն է և թափանցիկություն ապահովելը, իսկ Նիկոլ Փաշինյանն անձամբ «քյար» չունի սրանից, ինչո՞ւ այդ ամենը չի արվում բացարձակ անվճար։
Հեղինակ՝ Գևորգ Էմին–Տերյան
Հ․Գ․ Հոդվածը պատրաստ էր, երբ Արսեն Թորոսյանը ֆեյսբուքում գրառում կատարեց, տեղեկացնելով, որ էլեկտրոնային ստորագրության համար 3000 դրամը չեն գանձելու»։