«Սասնա ծռեր» զինված խմբավորման անդամների` զենքերը վայր դնելուց եւ իշխանություններին հանձնվելուց հետո մեր քաղաքացիների շրջանում հակասական տրամադրություններ էին տիրում: Հանրության մի ստվար զանգված անորոշության մեջ էր, մյուս մասը հիասթափություն էր զգում, մեկ այլ հատված էլ խրախուսում էր խմբավորման անդամների արարքը:
«Ժողովուրդ»-ը զրուցեց դերասանուհի, ռեժիսոր, «Ժառանգություն» կուսակցության անդամ Թամար Հովհաննիսյանի հետ, ով ի պաշտպանություն «Սասնա ծռեր»-ի բողոքի ակցիաների առաջնորդներից մեկն է:
-Տիկի՛ն Հովհաննիսյան, «Սասնա ծռեր»-ի գործողություններին հաջորդած իրավիճակից ի՞նչ ենթադրություններ կարելի է անել, մի՞թե նույնիսկ զենքի ուժով մեր երկրում հնարավոր չէ հասնել փոփոխությունների:
-Ամբողջ խնդիրն այն է, որ մեր ժողովուրդն անհամբերի, իր գործը մինչեւ վերջ չտանողի, ժամանակից շուտ արդյունքներ ակնկալողի նկարագիր ունի: Մարդիկ շատ շուտ են հուսահատվում եւ սկսում եզրակացություններ անել: Չէ՞ որ ժողովուրդը կազմված է անհատներից, եւ ամեն մարդ նախ պետք է վերանայի սեփական տեսակետը, այլ ոչ թե կանխագուշակություններով կամ վերլուծություններով զբաղվի: Պետք է դուրս գալ, քայլել այն վայրը, որտեղ տեղի է ունենում պայքար` ի պաշտպանություն քո երկրի պետականության: Օրինակ` Ազատության հրապարակում ամեն ուրբաթ հավաքներ են լինում, դատարաններում «Սասնա ծռեր»-ի անդամների դատերն են ընթանում, բողոքի ակցիաներ են կազմակերպվում եւ այլն: Իսկ մարդիկ փոխարենը մասնակցեն դրանց, վաճառողուհուց մինչեւ տաքսու վարորդ հարցնում են` ոնց եղավ, ինչ եղավ: Այսինքն` հերիք չի մարդիկ մասնակից չեն գործողություններին, դեռ մենք էլ պետք է հաշվետու լինենք իրենց: Բանից դուրս է գալիս, որ ժողովուրդն ակտիվ է հետաքրքրվելու, որակումներ տալու դեպքում: Փոխանակ պայքարելու, նման արտահայտություններ են անում. «Սաղ սուտ ա», «Ամեն ինչ փողով ա էս կյանքում», «Ա՛յ մարդ, էս իշխանությունների դեմ խաղ չկա» եւ այլն: Այնինչ, երբ մարդ չի պայքարում որեւէ բանի համար, նա չի կարող լիարժեք լինել: Ի վերջո, մենք քրիստոնեությունն առաջինը ընդունած ազգ ենք, իսկ այն, կարծում եմ, ուսմունք է, որը դրդում է մարդուն ձգտել դեպի կատարյալը: Քրիստոսն ինքը մարդ էր, որը ձգտում էր կատարյալին եւ դրա համար աստվածացավ:
-Քաղաքական կյանքում ակտիվություն ցուցաբերելուց հետո իշխանությունների կողմից Ձեր հանդեպ ուղղակի կամ անուղղակի ճնշումներ եղե՞լ են :
-Չէ, բայց արդեն վախով եմ դա ասում, հանկարծ ինքս ինձ աչքով չտամ (ծիծաղում է): Մտածում եմ` կա՛մ ինձ լուրջ բանի տեղ չեն դնում, կա՛մ Մհերի (Թամար Հովհաննիսյանը նշանավոր արտիստ Մհեր Մկրտչյանի այրին է -հեղ.) անունից են խույս տալիս, կա՛մ կին եմ, դրա համար չեն ճնշում, կա՛մ էլ պատրաստվում են «մեծամասշտաբ գրոհի» (ծիծաղում է). խոսքը վրաս բիծ փնտրելու, ժողովրդի մոտ խայտառակ անելու, ինձ զզվեցնելու ու այդ կերպ երկրից հեռացնելու մասին է: Բայց ես նման փորձառություն արդեն ունեմ. երբ արտերկրում էի ապրում, իմ մասին ինչ աբսուրդ բան ասես խոսել են…
-Դուք ի՞նչ կարծիք ունեք այն արվեստագետների մասին, որոնք թեական վերաբերմունք ունեն բողոքի ակցիաների միջոցով ինչ-որ բան դեպի լավը փոխելու տեսլականի նկատմամբ:
-Դա իրենց գործն է, որը ինձ չի վերաբերում: Եթե այդ մարդիկ այնքան խելացի են, որ պայքարի ալտերնատիվ տարբերակներ ունեն, թող դիմեն դրանց, թող այդ «գաղտնի» ճանապարհներով պայքարեն: Գիտեք` շատ հայտնի, ինձնից էլ տարիքով մեծ մի արվեստագետ (անունը չեմ տա), ասաց. «Է՜, խելքի արի, միտինգ անելով չի»: Ես լռեցի, որովհետեւ ոչինչ չունեի ասելու: Նա այդպես է կարծում, որովհետեւ իրեն հարմար է այդպես կարծել: Իսկ մենք այնպիսի վիճակում ենք, որ անպատեհ դատողություններ ու վերլուծություններ անելու իրավունք չունենք: Պետք է վայր դնենք գրիչը, փակենք մեր բերանը, դուռը բացենք եւ, ինչպես նշեցի, գնանք դեպի գործողության վայր: Յուրաքանչյուրը, հանուն երկրի պետականության եւ հանուն վաղվա օրվա, պետք է պատասխանատվություն կրի անցյալի, ներկայի ու ապագայի, եւ, ի վերջո, իր մարդկային բնույթի առջեւ:
Աննա Բաբաջանյան