Երբ 2013 թ. սեպտեմբերի 13-ին ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը համբուրեց դատախազության դուռը եւ հեռացավ, 1 ամիս անց՝ հոկտեմբերի 1-ին, ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնը զբաղեցրեց Գեւորգ Կոստանյանը: Սկզբում ամեն ինչ սահուն էր, մինչեւ ձեւավորվեց քննչական կոմիտեն՝ իրավապահ համակարգում դերաբաշխման կոնկրետ խնդիրներ հարուցելով:
Ռաունդ առաջին
Հոկտեմբերի 27-ին ՀՀ գլխավոր դատախազության կարեւոր գործերով քննության վարչության դատախազների որոշումներով՝ ՀՀ քննչական կոմիտեի Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնի պետի, նույն բաժնի քննիչի, ՀՀ քննչական կոմիտեի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնի ավագ քննիչի կողմից իրենց վարույթում գտնվող քրեական գործերի նախաքննության ընթացքում պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքերի առթիվ հարուցվել էին քրեական գործեր եւ ուղարկվել ՀՔԾ: Բնականաբար նորաստեղծ քննչական կոմիտեն չէր ընդունում մեղադրանքը՝ հայտարարելով, որ քրեական գործերի հարուցման հիմքում դրված են եղել ընդամենն առանձին դատավարական ժամկետների բացթողման հանգամանքները: ՀՔԾ-ն էլ երեք շաբաթ քննեց գործը եւ փորձեց շախմատային լեզվով՝ «շախով», պատասխանել ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանին: Որոշվեց կարճել Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնի պետի, նույն բաժնի քննիչի պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործը:
Ռաունդ երկրորդ
Ըստ շախմատային տրամաբանության՝ ՀՀ գլխավոր դատախազությունը պետք է պաշտպանվեր, քանի որ «մատ»-ի հեռանկարը սարերի հետեւում չէր: Ուստի նոյեմբերի 18-ին ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարեւոր գործերով քննության վարչության դատախազի որոշմամբ վերացվեց ՀՀ քննչական կոմիտեի Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնի պետի եւ նույն բաժնի քննիչի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործը կարճելու վերաբերյալ ՀՔԾ որոշումը: Ավելին՝ դատախազությունը եկավ այն համոզման, որ քրեական գործով ձեռք բերված ապացույցների բավարար համակցությունը հիմք է տալիս որպես մեղադրյալ ներգրավելու ՀՀ քննչական կոմիտեի Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնի պետ Ս. Մկրտչյանին եւ ՀՀ քննչական կոմիտեի Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնի քննիչ Հ. Մանուկյանին: Այսինքն՝ արդեն հրապարակեց կոնկրետ քննիչների անուններ, որոնք էլ ստիպված են եղել փաստաբաններ ներգրավել գործում:
Արդյունքը
Ինչ տվեց այս իրավիճակը գլխավոր դատախազին: Եթե առաջին տպավորությամբ արձանագրելու լինենք, պետք է նշել, որ Գեւորգ Կոստանյանը պահպանեց դատախազի տիտղոսը: Ասել է թե՝ իրավական դաշտում թելադրողը, «ասողն» ինքն է: Սակայն իրավական առումով գլխավոր դատախազի դիրքերը բավականին թույլ են, քանի որ քննիչի կողմից մի քանի ժամով կամ օրով որեւէ գործի զեկուցումն ուշացնելն այն մեծ հանցանքը չէ, որի առթիվ քրեական գործ հարուցվի, մեղադրյալներ ներգրավվեն: Այսինքն՝ իրավիճակային առումով Կոստանյանը հաղթող դուրս եկավ, քանի որ քննիչները կսկսեն ավելի զգոն լինել դատախազությունից՝ հնարավոր քրեական պատասխանատվությունն աչքի առաջ իբրեւ նախադեպ ունենալով: Բայց քանի որ իրավական փաստարկները թույլ են, հասկանալի է, որ բանը չի հասնի դատապարտման, ինչը նշանակում է, որ խնդիրը լայնամասշտաբ գործողության տիրույթում դիտարկելու դեպքում ձեռնտու ելք չի կարող ապահովել Կոստանյանի համար (ի վերջո, քննչական կոմիտեի ղեկավար Աղվան Հովսեփյանն ու ՀՔԾ պետ Վահրամ Շահինյանը ձեռքները ծալած չեն նստի):
Давайте жить дружно
Իսկ ինչպե՞ս է լուծվելու այս խնդիրը: Ըստ էության, հարցի պատասխանը մեր երկրում կարող է տալ մեկ մարդ: Հակառակ զարգացած երկրներում առկա նախադեպերի՝ անձնական որոշմամբ կարող է թուլանալ այս լարված իրավիճակը, այլ ոչ թե օրենսդրության կիրառմամբ: Կասկածից վեր է, որ պետք է գործին խառնվի անձամբ Սերժ Սարգսյանը: Միգուցե իրավապահ համակարգի ղեկավարների մասնակցությամբ խորհրդակցություն հրավիրելու պահն արդեն հասունացե՞լ է:
Իսկ ինչ որոշում կկայացնի Ս. Սարգսյանը. կկանգնի լարված հարաբերությունները քրեական հարթություն տեղափոխած գլխավոր դատախազի՞, թե՞ քննչական կոմիտեի փորձառու ղեկավար Աղվան Հովսեփյանի կողքին, դժվար է ասել: Բայց որ իր հայտնի բառապաշարով բացման խոսքում կնախատի կողմերին՝ «Կռվում եք, որ ինչ անեք», թերեւս կանխատեսելի է: Նա նաեւ հրապարակային կոչ կանի կողմերին « Ребята давайте жить дружно»-ի կարգախոսով՝ հորդորելով համագործակցված աշխատել: Ամբողջ խնդիրն այն է, թե երբ նա կզգա այդ «խորհրդակցություն-հավաքի» անհրաժեշտությունը:
Խնդիր չկա
Այնուամենայնիվ, «Ժողովուրդ»-ը զրուցեց ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Քրիստինե Մելքոնյանի հետ՝ խնդրելով մեկնաբանել, թե ինչու է ՀՀ գլխավոր դատախազությունը միջանձնային հարաբերությունները տեղափոխել իրավական դաշտ: Ք. Մելքոնյանի խոսքերով՝ միջանձնային խնդիր չկա եւ չի կարող լինել: Ըստ նրա` ՀՀ գլխավոր դատախազությունն իր գործունեությունն իրականացնում է ՀՀ Սահմանադրության եւ օրենքներով իրեն վերապահված լիազորությունների շրջանակում:
Իսկ ահա մեզ հետ զրույցում ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը ասաց. «ՀՀ քննչական կոմիտեն ձեռնպահ կմնա քրեական գործի վերաբերյալ մեկնաբանություններով հանդես գալուց, որպեսզի դա չգնահատվի որպես միջամտություն: Կոնկրետ քրեական գործով նախաքննությունը շարունակվում է, եւ որքանով տեղյակ եմ, քննչական բաժնի պետը եւ քննիչը, որոնց որպես մեղադրյալ ներգրավելու որոշում է կայացվել, օգտվելով սահմանադրական իրենց իրավունքից, ընդգրկել են փաստաբաններ, ովքեր կներկայացնեն իրենց շահերը: Հարցերի համար խնդրում եմ դիմել կողմերին»:
Հեղինակ` ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
Շարունակությունը և ուշագրավ այլ հոդվածներ` «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում