«Մենք միշտ պատրաստ ենք պատերազմի: Պետք չէ խոսել հողերի զիջման մասին, քանի որ այդ դեպքում բանակի ձեռքն ու ոտքը թուլանում է: Եթե զիջելու եք, բա ինչո՞ւ եք զոհեր տալիս, և ընդհանրապես, մենք ինչո՞ւ ենք զոհ տալիս, չի կարելի՞ խուսափել դրանից: Կարծում եմ, որ կարելի է, սակայն Պաշտպանության նախարարն ու գլխավոր հրամանատարն իրենց տեղում չեն: Նրանց հասու չէ այս գործը»,-Asekose.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի նախկին պատգամավոր, ղարաբաղյան պատերազմի մասնակից, ազատամարտիկ Վահան Բադասյանը՝ նշելով, որ այս ամենից խուսափելու համար բազում առաջարկություններ են արել, որոնք չեն ընդունվել: Հայոց բանակի, տարածքների զիջման, Թալիշի կորցրած բարձունքների վերադարձման, Սասնա ծռերի, Սեֆիլյանի գումարտակի և այլ հարցերի շուրջ զրույցը՝ ստորև.
Ինչո՞ւ ՊՆ-ի գող գեներալներին բանտ չեն տանում
«Ասում ենք, որ բանակի վրա չի կարելի վերահսկող 8 համակարգ դնել: Դրանք կեղեքում ու քանդում են բանակը: Օրինակ ոստիկանությանը վերահսկող քանի՞ համակարգ կա: Ոչ մի: Նայե՛ք ոստիկաններին, նրանց լկտիությանը, օրենքի նկատմամբ վերաբերմունքին, քաղաքացուն «պաշտպանելուն» ու բանակի վիճակին: Ի՛նչ անի խեղճ բանակը: Այսօր հազարավոր սերժանտ ու սպա բանտարկված է և նրանցից ոչ ոք մեղավոր չէ: Նրանց հանցանքը Պաշտպանության նախարարության գեներալների հանցանքի 5 տոկոսի չափ էլ չկա: Ինչո՞ւ են նրանք ազատության մեջ, իսկ այս սպաները բանտարկված: Ինչո՞ւ ՊՆ-ի գող գեներալներին բանտ չեն տանում: Ո՞ւր է գլխավոր հրամանատարը, նրա հետ կիսվում են, թե՞ ոչ: Հիմա կասեն՝ խոսում է: Ես ապրում և աշխատում եմ առաջնագծում, իրավունք ունեմ խոսելու: Այսօր ուժեղ բանակից այս անշնորհքները ոչինչ չեն թողել: Ինչո՞ւ պետք է ադրբեջանցին այսօր ինձ սպառնա: Ես ինչո՞ւ եմ ծնել այդ բանակը, ինչո՞ւ են մեր ընկերները զոհվել»:
Ո՞վ է քեզ խանգարում, որ 80 կամ 100 միլիմետրանոց արկով խփես և ոչնչացնես Ադրբեջանի դիպուկահարի կետը
«Ադրբեջանցին, խախտելով հրադադարը, խփում և մեր զինվորին խրամատում սպանում է: Ո՞վ է քեզ խանգարում, որ 80 կամ 100 միլիմետրանոց արկով խփես և ոչնչացնես այդ դիպուկահարի կետը: Ո՞վ: Մոսկվա՞ն, Փարի՞զը, թե՞ Վաշինգտոնը:
Մեր պաշտպանության նախարարն ու գլխավոր հրամանատարը չունեն այդ կամքն ու շնորհքը: Այսօր զինվորն ու սպան տեսնում են, որ անտեր են, անպաշտպան, ինչն էլ մարտական պատրաստակամության թուլացմանն է հանգեցնում: Ասում են, թե եթե մենք ոչնչացնենք իրենց դիպուկահարի կետը, պատերազմ կսկսեն: Բա պատերազմ չի՞: Վերջին տասը տարվա մեջ քանի՞ զոհ ենք ունեցել: Սա է արդյունքը, որ թշնամին դիպուկահարների բերելուց հետո դիվերսիոն գործողություններ սկսեց, ապա հարվածեցին նռնականետերով, ականանետերով ու հարձակվեցին: Իսկ մենք ոչինչ չենք անում:
Ինչ վերաբերում է Ադրբեջանի զինտեխնիկայի առավելությանը, իհարկե, չեմ արդարացում մեր իշխանությանը, քանի որ բանակը զինելու համար 22 տարի ժամանակ ունեին, բայց ո՞ւր է այդ զենքը: Ասեմ, այն գտնվում է Ռոբերտ Քոչարյանի ձեռքում , ով 4,5 միլիարդ դոլարը վերցրած այժմ զավակների ու թոռների հետ բնակվում է ԱՄՆ-ում: Աստված պահի զավակներին ու թոռներին, բայց մեր բանակի սպառազինությունն ո՞ւր է: Վաղն էլ Սերժի մասին այսպես կասենք: Ո՞ւր է մեր երաշխիքը, որ նա իր եղբոր ու ընտանիքի հետ չի հեռանա: Այսօր նրանց զավակները Հայաստանում չեն: 100 տոկոսով համոզված եմ՝ նրանք էլ են գնալու: Բա մենք ի՞նչ անենք, ինչքա՞ն հանդուրժենք, ինչպե՞ս հանդուրժենք: Արցախի առաջին նախագահը, նույն ինքը՝ Ռոբերտ Քոչարյանն, Արցախում չի բնակվում, Այստեղ չեն նաև երկրորդ նախագահը՝ Արկադի Ղուկասյանը, ԱԺ նախագահ Օլեգ Եսայանը, ո՞ւր են վարչապետներ Անուշավան Դանիելյանն ու Ժիրայր Պողոսյանը, ո՞ւր են նախկին նախարարները: Նրանցից ոչ ոք Արցախում չի բնակվում: Ամո՞թ է, ո՜չ...նրանք այնպիսի բարքեր են ստեղծել այստեղ, որ վտանգավոր է շարքային քաղաքացու կարգավիճակով ապրելը»:
Կարծում են, թե իրենց հրամանները, աթոռներն ու կոստյումներն են կարևոր
«Ապրիլյան պատերազմը վատ ու լավ կողմեր ունի: Լավն այն էր, որ ժողովուրդը համախմբվեց, 1000-ավոր կամավորներ եկան, իսկ վատն այն է, որ հակառակորդը հարձակվեց, իշխանությունները պատրաստ չէին դրան, կազմակերպչական առումով սխալներ շատ գործեցին, չկարողացան կամավորների ռեսուրսն օգտագործել, տուժեց նաև տնտեսությունը, որովհետև գյուղացիները, ովքեր կամավոր էին գնացել, մնացին այնտեղ մինչև ապրիլի վերջը, քանի որ հերթափոխն այդ ժամանակ եղավ և, արդյունքում, զրկվեցին բանաջարաբոստանային կուլտուրաների ցանքսից, իսկ հիմա ամեն մեկն իր գլխի ճարը պետք է տեսնի: Հարց է, թե ձմեռն ինչպե՞ս են ապրելու:
Իշխանություննները հետևություն չարեցին պատերազմից հետո, դասեր չքաղեցին ՝ սխալներն ուղղելու առումով.լինի տնտեսական, ներքաղաքական, իրավական…
Պետք է հետևություն անեին և կարևորեին քաղաքացու դերը: Կարծում են, թե իրենց հրամանները, աթոռներն ու կոստյումներն են կարևոր: Չունեն ազնվականի կեցվածք: Տեսեք, ամբողջ ազգը բանակը զինեց, այնինչ դա պետության պարտավորությունն էր: Ժողովրդի մոտ այն տպավորությունն է, որ գումարը գողանում են: Վատ է, որ մարդիկ չեն վստահում իշխանությանը»:
Ես թքած ունեմ նրանց վրա, ովքեր ցանկանում են խաղաղապահների բերել այստեղ
«Սերժ Սարգսյանը Արցախ կատարած վերջին 2 այցերի ժամանակ ասել է որ խաղաղապահ ուժերը պետք է գան: Ես թքած ունեմ նրանց վրա, ովքեր ցանկանում են խաղաղապահների բերել այստեղ, որովհետև կույր են և հիշողություն չունեն: Թող նախ ասեն՝ որտեղ որ եղել են խաղաղապահ ուժեր, կոտորած չի՞ եղել: Թողնենք ուրիշ երկրներն ու մեզ անդրադառնանք: 1988 թվականին, երբ այս խնդիրը եղավ, ԽՍՀՄ 4-րդ բանակային կորպուսը խաղաղապահ ուժ չէ՞ր, որ եկավ այստեղ, ի՞նչ օյին բերեց մեր գլխին, մոռացե՞լ եք: Զինեց ադրբեջանական կողմին, հատուկ ջոկատայիններ ստեղծեց, իսկ մեր ոստիկանությունից ոչ միայն զենքերը, այլև ժողովրդի որսորդական հրացանները վերցրեց: Մեր 1500-ից ավելի ակտիվ երիտասարդներ Ադրբեջանի և Շուշիի բանտերում էին, գալիս ու հոտերով անասուններ էին տանում, իսկ երբ չքվեցին՝ դեմ դիմաց մնացինք մենք ու Ադրբեջանը: Վերջինը ագրեսիվ գործողություններ սկսեց, մենք էլի անզեն էինք ու ազգը զինեց և այն առավելությունը, որ այն ժամանակ Ադրբեջանն ուներ մեր նկատմամբ, հիմա այդքան չէ: Հիմա ընդամենը մի քանի զենքով են առավել մեզանից:
Խաղաղապահներն այնքան են ստորացրել մեզ, որ բերեցին ու ադրբեջանական հատուկ ջոկատայիններին լցրեցին, որպեսզի Ստեփանակերտի օդանավակայանը հսկեն, իսկ դա Երևանին կապող միակ օղակն էր: Հիմա նույնը պետք է անեն, չէ՞: Հիշում եմ՝ Սովետական բանակը ադրբեջանցի ՕՄՕՆ-ների հետ միասին «Օղակ» գործողության ժամանակ բռնի տեղահանեց Շահումյանի շրջանի գյուղեը՝ Գետաշենը, Մարտունաշենը, բայց ամենաշատը Հադրութի շրջանի գյուղերն էին(14 գյուղ), այդ թվում և մեր գյուղը՝ Խանձաձորը: Ես կարողացա 95 տոկոսին անտառի միջով բերել Հադրութ, ջոկատներ կազմել ու սկսել գյուղի ազատագրման գործընթացը՝ մինչև 1991 թվականի հոկտեմբեր-նոյեմբերը, սովետական զորքի այստեղից հեռանալը: Նրանք գյուղը վառել էին, մտածելով, թե կհրաժարվենք հետ վերցնել, բայց սխալվել էին: 1991 թվականի նոյմեբերին գյուղը մեր ենթակայության ներքո էր, 1993 թվականին արդեն գյուղացիներին օգնել եմ վերադառնալ այնտեղ, արոտավայրերից մեծ քանակությամբ անասուն ենք քշել-բերել, ցորեն, գարի, լույս…: 1995 թվականին արդեն լրիվ վերականգնվել էին այրված 14 գյուղերը: Ցավոք, այսօր գյուղերը դատարկվում են:
Մեր թիմն ունի այս հարցի լուծման տարբերակն ու պարտադրելու է, որ ընդունվի. առաջինը հողերը չզիջելն է, երկրորդ՝ Հայաստանը նշանակալից ուժ պետք է դառնա մեր ռազմավարական գործընկեր Ռուսաստանի համար, Ադրբեջանին պետք է մոռացնել տանք Արցախի ու ևս 3 շրջանների մասին.Շահումյան, Գանձակ, Դաշքեսան: Մենք պետք է որոշենք, թե ինչպես գծվի քարտեզը: Պետք է Ադրբեջանի թալիշներին, լեզգիներին անկախություն տանք, իսկ այդ երկիրը քարտեզի վրայից գրեթե պետք է վերանա: Ու այս դեպքում մեզ կողջունի թե՛ Ռուսաստանը, թե՛ Արևմուտքը: Սա է մեր առաքելությունը: Չպետք է մեզ թույլ պահենք, այլապես կօգտագործեն: 1994 թվականին մենք հզոր և ուժեղ էինք, նաև Ադրբեջանն էր հարգում, վախենում էր և մինչև 2000 թվականը դիպուկահարը չէր կրակում մեր զինվորի վրա, իսկ ի՞նչ եղավ դրանից հետո: Պարզապես սկսեցինք զիջել մեր դիրքերը՝ նաև տարածքային առումով: Կրակում էին, մենք պատասխան չէինք տալիս, զինում էին իրենց բանակը, մենք՝ ոչ, իրենք սկսեցին դիվերսիոն խմբեր ձևավորել, մենք՝ ոչ: Այսինքն, մենք ուտուշ-խմուշով ենք զբաղված, հակառակորդը իր փղերն է մարզում ու թրերը սրում»:
Եթե տղաներն առանց զենքի գունդ գրավեցին, Թալիշի բարձունքներն էլ կգրավեին
«Չէի հավատում, որ 800 հեկտարի հանձնումը պայմանավորված է եղել, բայց, հիմա բոլոր գործողություններն ապացուցում են, որ ոչ միայն դա, այլ տարածքներ ևս պետք է վերադարձվեն պատերազմով և դրա ողջ պատասխանատվությունն ընկնում է Սերժ Սարգսյանի վրա: Տեսեք, Ժիրայր Սեֆիլյանը պատրաստ էր կորցրածը հետ վերադարձնել, քանի որ Սերժ Սարգսյանն ինքնաթիռում ասաց, որ չի կարող, քանի որ զոհեր կտանք, իսկ ով ուզում է, թող գնա վերցնի: «Սասնա ծռերի» քայլից ժողովուրդը հասկացավ, որ եթե տղաներն առանց զենքի գունդ գրավեցին, Թալիշի բարձունքներն էլ կգրավեին: Քիչ չեն եղել դեպքերը, երբ առանց զոհերի դիրքեր ենք գրավել»:
Թալիշի մոտակայքում ավան ստեղծելու առաջարկը բութ մտածելակերպի արդյունք է
«Եվ սա ասում եմ որպես զինվորական: Պետք է անպայման հետ վերցնել Թալիշի բարձունքները, առաջ մղել դիրքերը:
Ասենք այդպես ո՞նց կլինի: Հադրութը եթե հանձնեն, Ստեփանակետում ուրիշ Հադրութ ստեղծե՞նք»:
Օ՜, ռո՞ւմբ եք դնում մեր տակը
«Նախագահն իր ելույթում պարզ ասաց, որ հողերը՝ 7 շրջան, հանձնելու ենք: Ասաց, որ զիջումը միակողմանի չի լինելու: Լավ, բա ադրբեջանցին ի՞նչ է զիջելու: Զիջելու է այն, ինչ ես ունե՞մ, այն է՝ իր կազմի մեջ չլինելը: Մենք անկախությունը վաստակել ենք մեր արյամբ, կյանքի գնով: Մեր զիջումը կարող է սահմանը բացելը լինել: Մինսկի խմբի կողմից դրված չէ՞ փոխվստահությունը, ո՞ւր է դա: Նրանք անվստահելի են: Այսինքն, ես Լաչինով պետք է գնամ, իսկ ադրբեջանցին վերահսկի՞: Ո՞ւր է երաշխիքը, որ չի խփի: Խաղաղապահ ուժե՞րը: Օ՜, ռո՞ւմբ եք դնում մեր տակը: Թող Սերժ Սարգսյանն ռումբը իր տակը դնի ու նստի Բաղրամյան 26-ում: Իմ տակը իրավունք չունի ռումբ դնել»:
Ի՞նչ է նշանակում՝ սա Բեյրութը չէ, Հալեպը չէ
«Նախագահին պաշտոն զբաղեցնողը մի քիչ դիվանագետ պետք է լինի ու հարևան պետությունների նկատմամբ կոռեկտ արտահայտվի: Ի՞նչ է նշանակում՝ սա Բեյրութը չէ, Հալեպը չէ: Ինքը գիտի՞ որ Բեյրութը Միջին Արևելքի Փարիզն է, ինքը տեղյա՞կ է Սիրիայի խնդիրներին: Միգուցե Սեֆիլյանին ու Ենիգոմշյանին նկատի ունի: Եթե այո, ապա նրանց անձը չի կարելի համեմատել իր անձի հետ: Նրանք նախկինում, հիմա և համոզված եմ, ապագայում որպես ազնիվ հայոդիներ ու պատմության լավագույն էջերում են մնալու, իսկ ինքը հայտնվելու է «նույն տեղում»՝ Քոչարյանի ու Լևոն Տեր-Պետրոսյանի հետ»:
«Սասնա ծռեր»-ին դատապարտել են միայն կերակրատաշտից օգտվողները
«Սասնա ծռեր»-ի քայլը շատ ծայրահեղ էր, բայց տղաներից շատերը մեծ վաստակ ունեն Արցախի ազատագրման գործում: Արևմուտքն ու Ռուսաստանը նույնպես իրենց գնահատականն են տվել՝ նրանց ապստամբներ ու զինված խումբ անվանելով, իսկ ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցնող անձը նրանց ահաբեկիչ է անվանում՝ վարկաբեկելով սեփական երկրին ու իրեն:
Տղաների խոսքով՝ այս քայլի պատճառը սահմանադրական ճանապարհով ժողովրդի կողմից իշխանություն ձևավորելու հնարավորությունը խորը թաղված լինելն է: Մուկուչյանը, որպես դավաճան, պատմական դեմք կհանդիսանա, քանի որ նրա միջոցով միշտ նկարում են ընտրությունների արդյունքները:
Հաջորդ պատճառը հողերի հանձնումն է, որը բերելու է պետականության կործանման: Սահմանադրությունը ոտնահարված է: Որոշ լկտի գործիչներ ասում են, թե հարցը պետք է լուծվի ՀՀ օրենքի և Սահմանադրության միջոցով: Օրինակ Արծվիկ Մինասյանն էր լկտի հայտարարություններ անում, մարդ, ով տարիներ առաջ արդարության դիրքերից լոլոներ էր կարդում: Նման մարդկանց տականք եմ համարում, քանի որ դավաճանում են սկզբունքներին: Ի՞նչ օրենքի մասին կարող է խոսք գնալ, երբ մարդուն ձեռքին գտնվող օդամղիչ ատրճանակի համար 9 տարվա ազատազրկման են դատապարտում: Օրենքը դա՞ Է նախատեսում, իհարկե՝ ո՛չ: Առաջնորդվում են ոչ թե օրենքով, այլ ատելության չափով: Կամ ինչու՞ են ազատազրկման ենթարկել Գևորգ Սաֆարյանին: Օրինակ`Լիսկայի լակոտը աչք հանելու համար պետք է անպայման խրախուսվեր ու պաշտո՞ն ստանար, կամ հայրը մարդ սպաներ ու մարզպե՞տ նշանակվեր ու կրկին թալանե՞ր: Եթե սա է օրենքի և սահմանադրության պայմանը, ապա դուք` պարոնա՛յք իշխանավորներ, հանդիսանում եք որպես այս ազգի ահաբեկիչներն ու ձեր նկատմամբ պետք է հակաահաբեկչական գործողություններ կատարվեն, ինչը արեցին «Սասնա ծռեր»-ի տղաները: Պատահական չէ, որ ժողովուրդը ողջունեց թեկուզ այս ծայրահեղ քայլը: Դատապարտել են միայն կերակրատաշտից օգտվողները, և նրանք բոլորը ընկնելու են պատմության աղբամանը:
Նայե՛ք, «Սասնա ծռեր»-ին, տեսեք, այնտեղ կա՞ հանցագործի կերպար, իհարկե` ոչ: Նրանց մեջ անձնուրաց զինվորականի կերպարն է և այդ քայլը բնորոշ է հայրենասերին:
Գիտեք, ես էլ էի գումարտակի հրամանատար, Սեֆիլյանն էլ: Մեր խմբերում 250-400 մարդ էր լինում: Ժիրայր Սեֆիլյանի գումարտակում ընդգրկվածների թիվը միշտ 250 էր, դրանից շատ չէր լինում: Բայց, ի տարբերություն մյուսների, նա կարողանում էր երկու անգամ ավելի տարածք պահել: Իր գումարտակում լավագույններն էին: Ցանկացածին կարելի էր առաջադրանք տալ, իսկ մեր դեպքում այդպես չէր: Անձնուրաց և պրոֆեսիոնալ մարտիկներ էին թե՛ Արայիկ Խանդոյանը(Միայնակ գայլ), թե՛ Պավլիկ Պանուկյանը, թե՛ Արմեն Լամբարյանը, և թե «Դեդ» -ը (Մարտիրոս Հակոբյան):
Մի քանի օր առաջ Սերժ Սարգսյանն ուներ ուժեղ նախագահ դառնալու հնարավորությունը, եթե նրանց ստորագրությամբ ազատ արձակեր, Կառավարությունը լուծարեր, ժողովրդից ներողություն խնդրեր ու փորձեին պարզել, թե ո՞վ է սպանել գնդապետ Վանոյանին: Իսկ այն մի ոստիկանին, որ իրենք են սպանել, անձամբ Վլադիմիր Գասպարյանը պետք է պատասխան տա: Բայց, քանի որ ճնշում կա դրսից, բազարի մեջ է, սրանց պետք է անպայման խոշտանգի, որպեսզի տարածքները շարունակի հանձնել: Ցավոք, ինքը սխալվել է, այսօր 1000-ավոր սասնա ծռեր կան: Անձամբ ես սասնա ծուռ եմ, թող գա և ձերբակալի: Պայքարելու եմ, որ ոչ մի թիզ հող չհանձնվի: Այսպես շարունակելով Սերժ Սարգսյանը Հաագայի դատարանի առջև է կանգնելու»:
«Սասնա ծռեր»-ի տղաները խոշտանգումների են ենթարկվում
«Վիտալի Բալասանյանին որպես միջնորդ ընտրելը ճիշտ էր, սակայն Բալասանյանը ճակատագրական սխալ թույլ տվեց: Շփվելով Սերժ Սարգսյանի և շրջապատի հետ, ցավոք, մի քանի քաղաքական հայտարարություններ արեց ու հեղինակազրկվեց ժողովրդի աչքում: Առաջին` ասաց, որ Հայաստանում քաղաքական բանտարկյալներ չկան:Սա արդեն շատ վատ էր, մինչ այդ այդպես չէր խոսում: Երկրորդ` հայտնեց, որ խմբի տղաները կտտանքների չեն ենթարկի, բայց տեսնում եմ, որ իր խոստումը չի կարողանում կատարել: Ըստ երևույթին իրեն էլ են խաբել: Այս պահին խոշտանգումների են ենթարկվում բոլորը: Ես ինքս վիրավորվել եմ և շատ լավ գիտեմ, թե ինչ է նշանակում գնդացրով հարված ստանալն ու հիվանդանոցում պառկելը: Տղաներին հատուկ խնամք է հարկավոր: «Դատապարտյալների հիվանդանոց»-ում առանց համապատասխան պայմանների են պահում նրանց: Մենք երբ ադրբեջանցի գերի էինք ունենում, նրան բուժում էինք հիվանդանոցային լավագույն պայմաններում: Զինվորը զինվորին պետք է հարգի, այլապես դու դատապարտված ես: Հույս ունեմ,որ Վիտալին, եթե տան հնարավորություն, կկատարի իր խոստումը, ինքը խղճով մարդ է»:
Անի Կարապետյան