ՀՀ Երևանի պետական համալսարնի հայ բանասիրության ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանողները ամեն տարի գործուղվում են Երևանի տարբեր դպրոցներ` դասավանդելու հայոց լեզու և գրականություն:
Այդ մեկ ամսվա պրակտիկան թերևս ամենալուսավոր պահերից մեկն է երիտասարդ բանասեր բակալավրերի համար, և շատ դեպքերում նրանք դժվարությամբ են բաժանվում արդեն հարազատ դարձած դպրոցի պատերից, դասամիջոցներից, մեծ ու խելացի աչքերով աշակերտներից:
Երկար ու ձիգ լեկցիաներից հոգնած ուսանողները, որքան էլ սիրով ու գաղափարական բարձր մոտիվացիայով մոտենան իրենց մեկամսյա պրակտիկային, չեն կարող չնկատել, որ դպրոցները կղզիացած են պետությունից և ոչ մի կապ կամ ակնկալիք չունեն այսօրվա ղեկավար մարմինների հետ:
Եվ հանրակրթական դպրոցների հետ փոքր- ինչ առնչություն ունեցող ցանկացած ոք կարող է հաստատել, որ դպրոցը գոյատևում և առաջ է գնում միայն մի քանի գաղափարական ու ռոմանտիկ ուսուցիչների ծանր աշխատանքի արդյունքում, իսկ տնօրեններն ու իրենց ստեղծած բուրգը աշխատում է միայն իշխող կուսակցության և կուսակցության միմոսի` Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի համար:Հայաստանի Հանրապետական կուսակցության , այսպես ասած, կեղծ գաղափարական ընձյուղը վերցված է Գարեգին Նժդեհի ազգապահպան ու ազգանպաստ աշխատություններից ու աշխարհընկալումից:
Եվ հենց Նժդեհն էր ասում. « Այն ազգը,որը չի կարողանում պահել դպրոցներ,դադարում է ազգ լինելուց», իսկ մեր դպրոցները մի քանի անձնուրաց ուսուցիչների ուսերին են, ովքեր վերջին լուսատու մոհիկաններն են մեր հասարկության մեջ:
Կրթությունն ու գիտությունը ոչ մի ընդհանուր բան չպետք է ունենան քաղաքականության, կուսակցական խարդավանքների,դրանց ներքին խոհանոցային արիշվերիշների, «աբիժնիկության», քաղաքական հետապնդումների հետ:
Բայց ,ինչպես մի քանի օր առաջ ականատես եղավ ամբողջ ազգը ,ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը մինչև կոկորդը թաղվեց քաղաքական աղբի մեջ և ինքն իր գործածած աղբ-բառապաշարով վարկաբեկեց իր հեղինակությունը:
Ցավալի է, որ մի ճաղատ կուսակցական գործչի պատճառով վարկաբեկվում է ամբողջ համակարգն ու անձնազոհ ուսուցիչների տարիների ձեռքբերումը...Ես` որպես երիտասարդ պրակտիկանտ, ցանկանում եմ ազգիս ներկայացնել ապագայի իմ դպրոցը: Այն դպրոցը, որտեղ վաղը հնարավոր է՝ ես դասավանդեմ, և իմ երեխան սովորի հայոց այբուբենը:
Այն ոչ մի կապ չի ունենա Արմեն Աշոտյանի, Սերժ ու Սաշիկ Սարգսյանների, Գագիկ Ծառուկյանի, Ռոբերտ Քոչարյանի, Լևոն Տեր-Պետրոսյանի հետ, այն կապ չի ունենա բանսարկության, դանոսչիկության, մարդասպանության, մարդատյացության, փախուստի, արտագաղթի, թշնամանքի, վարկերի ու տոկոսների և, վերջապես, եղեռնի հետ…
Այն լուսավոր է լինելու, և այնտեղ է լինելու մեր փրկությունը:
Հովհաննես Եսայան
Լուսանկարը` hetq.am-ի