▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հրաչյա Հարությունյանը մեղավոր է ճանաչվել

Մոսկվայի Տրոիցկի դատարանը ՀՀ քաղաքացի Հրաչյա Հարությունյանին մեղավոր է ճանաչել Պոդոլսկի մոտակայքում ուղևորատար ավտոբուսի և «ԿամԱԶ» մակնիշի բեռնատարի բախման գործով, որի հետևանքով զոհվել է 18 մարդ.գրում է  ИТАР-ТАСС-ը:

Հարությունյանի մեղքն ամբողջությամբ ապացուցվել է ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնների խախտման մեջ:

«Հարությունյանը վարել է չգրանցված տրանսպորտային միջոց, չի հետևել ճանապարհային երթևեկության կանոններին՝ ընտրելով ոչ ապահով արագություն, ուշադիր չի եղել երթևեկության այլ մասնակիցների նկատմամբ, ճանապարհը չի զիջել գլխավոր ճանապարհով անցնող տրանսպորտային միջոցին»,- հայտարարել է դատավորը:

Դատավճռում նշվում է նաև, որ Հարությունյանը տեղյակ է եղել «ԿամԱԶ»-ի արգելակման համակարգի անսարքության մասին: Ամբաստանյալը չի կարողացել վերահսկել մեքենան և ստեղծել է վթարային իրավիճակ:

Այժմ դատարանը շարունակում է դատավճռի հրապարակումը, որը կտևի մոտ 6 ժամ:

Ամբաստանյալի փաստաբան Ռուբեն Մարգարյանի տեղեկացմամբ` մահացածների և տուժածների բարեկամները քաղաքացիական հայցեր են ներկայացրել Հարությունյանի դեմ մոտ 16 միլիոն ռուբլու չափով բարոյական և նյութական վնասի փոխհատուցման համար: Փաստաբանի խոսքով՝ Հարությունյանը տվյալ հայցերը մասամբ է ճանաչել:

Մասնավորապես՝ նա համաձայն չէ հայցերում հայտարարված գումարների հետ: Ինչպես նշել է ամբաստանյալը, նա այդպիսի գումարներ չունի:

Երկուշաբթի դատարանը լսել է Հարությունյանի վերջին խոսքը, որտեղ նա ևս մեկ անգամ ներողություն է խնդրել տուժածներից: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее