«Չարթըր Քոմունիքեյշընզ» ընկերությունը վերջերս «Հորիզոն» հայկական հեռուստաընկերության տնօրինությանը տեղեկացրեց, որ երկու տասնամյակից ավելի ԱՄՆ-ում գործող և հայ համայնքին իր ծառայությունները մատուցող կայանը փետրվարի 19-ին պիտի հանվի ընկերության կայանների ցանկից: «Հորիզոն» -ի տարածած հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. «Այս ցնցող ու միակողմանի որոշումը՝ առնուած ընկերութեան մը կողմէ, որ կը տնօրինէ Կլենտէյլի, Պըրպենքի, Լա Քրեսենթայի, Լա Քանիատայի, Փասատինայի եւ Սան Կապրիէլ Հովիտի քապելային կայաններու համակարգը, պիտի զրկէ իր յաճախորդները համայնքի իրադարձութեանց մասին վստահելի տեղեկութիւններ ստանալու կարելիութենէն, այնպիսի կարեւոր ժամանակաշրջանի մը, երբ Պըրպենքի, Կլենտէյլի, Լոս Անճելըսի եւ շարք մը այլ հարեւան քաղաքներու մէջ շուտով տեղի պիտի ունենան քաղաքային ընտրութիւններ»:
«Հորիզոն» -ի տնօրինությունը ապշած է «Չարթըր» ընկերության կայացրած որոշումից, որովհետև դեկտեմբերին հեռուստաընկերության ղեկավարությունը համաձայնել էր «Չարթըր»-ի առաջարկած նոր պայմաններին և չունի նյութական պարտավորություններ:
«Հորիզոն»-ը հեռուստահաղորդումների հեռարձակումը սկսել է 1989-ին` հայ համայնքին ծառայելու և տեղեկատվություն մատուցելու առաքելությամբ:
««Չարթըր» ընկերութեան այս քայլը կարելի է միայն բնութագրել իբրեւ ճնշում՝ գործադրուած ոչ-շահութաբեր կազմակերպութեան մը վրայ, որուն նպատակը հայ համայնքին ծառայել է: Այս քայլը արհամարհանք է՝ ուղղուած Կլենտէյլի, Պըրպենքի եւ շրջակայ քաղաքներու հայ հաւատարիմ յաճախորդներուն, եւ՝ անզգայութիւն անոնց հանդէպ»,- ասվում է «Հորիզոն»-ի ղեկավարության տարածած հայտարարության մեջ:
Հեռուստաընկերության աշխատակազմը վստահ է, որ «Հորիզոն»-ի արդար բողոքին կմիանան հայ համայնքում գործող տարբեր կազմակերպություններ, ղեկավարներ և գործարարներ և իրենց զայրույթն ու բողոքը կարտահայտեն ուժի նման կամայական կիրարկման դեմ, որի նպատակը կենսունակ համայնքի ձայները լռեցնելն է: Առաջիկա օրերին «Հորիզոն»-ի տնօրինությունից և համայնքի ներկայացուցիչներից կազմված աշխատանքային հատուկ խումբը կմշակի իրավական և այլ քայլերի ծրագրային փաթեթ` ԱՄն-ում գործող Հայկական հեռուստակայանը պահպանելու համար:
Յուրաքանչյուր ոք, ով ցանկանում է իր բողոքն արտահայտել «Չարթըր» ընկերության կամայական որոշան դեմ և աջակցել «Հորիզոն»-ին, կարող է իր ստորագրությունն ավելացնել հեռուստակայանի տարածած էլեկտրոնային դիմում-բողոքին` այցելելով նշված կայքէջ: