▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հերիք է բաժանել մեր հասարակությունն ըստ հաշմանդամների և ոչ հաշմանդամների

Հայաստանում, անշուշտ, հաշմանդամություն ունեցող անձաց ճանապարհին հանդիպող խնդրները անթիվ են` միջավայրի մատչելիություն, կրթության բացեր, առողջապահական խնդիրներ, ավելի հեշտ է թվարկել, պարզապես, կյանքի բոլոր բնագավառները` սկսած հաշմանդամության խմբի նշանակումից: Ակտիվ հասարակական կազմակերպությունները, ջանքերը չխնայելով, փորձում են փոխել իրավիճակը և բարելավել պայմանները: Սակայն յուրաքանչյուր ՀԿ-ն ունի իր պայքարի ձևերը` մեկի մոտ դա ցուցադրական հակամարտությունն է, ամպագորգոռ հայտարարություններն են, մյուսների մոտ դա իրականացվում է բանակցությունների և գործնական առաջարկների միջոցով: Ներկայումս ստեղծվել են բազմաթիվ հանձնաժողովներ` ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, մարզպետարաններին, քաղաքաքապետարաններին կից: «Ունիսոն» ՀԿ-ն, մշտապես մասնակցելով այդ հանձնաժողովներին, կարող է հավաստել, որ առաջարկների և քննադատությունների համար ստեղծված է բարենպաստ դաշտ: Եվ, ի դեպ, նման հանդիպումների ժամանակ հենց «Ունիսոնն» է հանդես գալիս որպես խիստ քննադատ և խնդիների բարձրաձայնող:

Անդրադառնալով disabilityinfo-ի կողմից «Էրեբունի-Երևան 2796»-ին ընդառաջ նախաձեռնած ստորագրահավաքին, հարց է առաջանում` երբ քաղաքապետարանի կողմից հնչեց անմատչելի անցումների, ինչպես նաև նորակառույց թեքահարթակների վերաբերյալ կոնկրետ տեղեկատվության և կարծիքի տրամադրման առաջարկը, ինչո՞ւ դրա առարկայական արձագանքը հիմնականում եղավ  «Ունիսոն» և «Փյունիկ» ՀԿ-ների կողմից, իսկ շատերը, չգիտես թե ինչու, այդ ժամանակ գերադասեցին ոչ մի գործնական քայլ չանել: Գուցե խոսելը ավելի հե՞շտ է, քան կատարել  համապատասխան չափումներ և օգնել խորհրդատվությամբ: Գուցե մատչելի Երևան տեսնելու այս մարդկանց շահագրգռվածությունը միայն ցուցադրակա՞ն է: 

Բացի այդ, մենք բոլորս պայքարում ենք հավասար հնարավորությունների և պատշաճ վերաբերմունքի ձևավորման համար և քաջ տեղյակ ենք, որ հասարակության մեջ հաշմանդամություն ունեցող անձանց հանդեպ տիրում է կարծրատիպային մտածելակերպ: Ակցիայի կազմակերպման տարբեր միջոցներ կան: «Ունիսոնը» նույնպես բազմիցս կազմակերպել է ակցիաներ, որոնք հրավիրում էին հասարակության, այդ թվում պետական մարմինների ուշադրությունը անմատչելիության խնդրի վրա, ցուցադրելով մատչելիության կարևորությունը բոլոր մարդկանց համար, չտարանջատելով միայն հաշմանդամներին: Նման ակցիաների թվում էին «Մոսկվա» կինոթատրոնի հարևանությամբ անցկացված «Նոր ձայներ» վոկալ անսամբլի համերգը (արդյունքում այս կինոթատրոնը դարձավ մատչելի և հիմա այնտեղ կարող են այցելել սակավաշարժ մարդիկ), Հյուսիսային պողոտայի «Անիվների վրա» Ֆլեշ-մոբը: 

Ստորագրահավաքի նախաձեռնողներն այս պարագայում ընտրել են սխալ և վտանգավոր ուղի` մատնանշելով այն հանգամանքը, որ Էրեբունի-Երևան տոնակատարությանը հատկացվող գումարները պետք է ծախսվեն հաշմանդամների համար նախատեսված վերելակների վրա (ելնելով այդ մոտեցումից, ինչո՞ւ ոչ փախստականների, կամ մանկատների վրա և այլն), մենք կարող ենք ավելի մեծ ատելություն սերմանել հաշմանդամության խնդրի և, առհասարակ, հաշմանդամների հանդեպ: Հերիք է բաժանել մեր հասարակությունը ըստ հաշմանդամների և ոչ հաշմանդամների։ Մայրաքաղաքի տոնը բոլորիս է։ Անցյալ տարվա համեմատ` 2014թ.-ի մատչելիության բյուջեն կրկնապատկվեց։ Վերջին 2 տարիների ընթացքում կառուցված թեքահարթակները համապատասխանում են չափանիշներին։ Առաջընթացն ակնառու է։ Այդ պարագայում, ի՞նչ նպատակներ է հետապնդում ակցիան։ Միգուցե ակցիա կազմակերպենք այն պետմարմինների դեմ, որոնք ոչ մի բան չեն անում մատչելիության համար։ Թե չէ պատվերի հոտ է գալիս այս ամենից, անհարմար է։

Հետգրություն` Ստորագրահավաքի մասին հայտարարությունում նշված է Երևանում ապրող 61 հազար հաշմանդամի մասին (ի դեպ ՏԱՐԲԵՐ ՏԵՍԱԿԻ ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅԱՄԲ): Թեև նրանցից ընդամենը 3000 մարդ ունի հենաշարժողական խնդիր, մատչելիության համար գումարների հատկացման հարցում այս ստորագրահավաքի հայտարարության մեջ դիտարկում է միայն հենաշարժողական խնդիրներով մարդկանց կարիքները: Լինելով անաչառ և հետևողական, պետք է գնահատել բոլոր մարդկանց կարիքները` սուրդոթաչգմանիչներ բոլոր կրթական հաստատություններում, համապատսախան համակարգչային ծրագրեր չտեսնող մարդկանց համար և այլն:

 «Ունիսոն» հասարակական կազմակերպութան նախագահ Արմեն Ալավերդյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее