ԱՄՆ-ում հրատարակվել է Բաքվի 1988-1992թթ-ի ջարդերի մասին պատմող՝ Աննա Տերկոտ-Աստվածատուրյանի «Nowhere a story of exile» կամ ոչ պաշտոնական թարգմանությամբ՝ «Այլուրեք վտարում» գիրքը: Այս պատմությունը թույլ է տալիս Աննային անվանել հայկական Աննա Ֆրանկ. «Հայկական Աննա Ֆրանկ. արտաքսում Բաքվից և վերադարձ Հայաստան 23 տարի անց» (Աննան` ծագումով հրեա այս աղջիկը հայտնի է ֆաշիզմը նկարագրող իր օրագրով («Աննա Ֆրանկի օրագիրը»), որտեղ նա գրել է ֆաշիզմի դաժան հետևանքների մասին.-հեղ.):
«Գիրքը գրված է օրագրի հիման վրա. Աննան 12 տարեկանում, լինելով Բաքվում, գրառումներ է արել` Բաքվում կատարվածի վերաբերյալ, որոնց ականատեսն է եղել. հայերի նկատմամբ կատարված հալածանքներ, դաժանություններ: Հետագայում, արդեն հասուն տարիքում գրել է գիրքը` շարադրելով 1988-1992 թթ.-ի իրադարձությունները»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Նախագահի աշխատակազմի տեղեկատվության և հանրային կապերի կենտրոնի «Սովորական ցեղասպանություն» նախագծի ղեկավար Մարինա Գրիգորյանը` հավելելով, որ այս գիրքը եզակի է, քանի որ չկա անգլերենով գիրք` Բաքվի ջարդերի մասին:
«25 տարի առաջ` 1989 թվականի սեպտեմբերին ծնողներս, 5 տարեկան եղբայրս և ես Բաքվից եկանք Հայաստան: Այդ տարիներին կյանքը Երևանում շատ դժվար էր: 2.5 տարի դժվարին պայմաններում ապրելուց հետո որոշեցինք տեղափոխվել ԱՄՆ, որտեղ հասանք 1992 թվականի հունվարին: Ունեինք 180 դոլար և 4 ճամպրուկ: Սա վայր էր, ուր վտանգավոր չէր հայ լինելը: Գիրքը շարադրեցի 14 տարեկանում, ավարտեցի 16-ում»,-պատմում է գրքի հեղինակը:
Գիրքը անգլերենով է, աշխատանքներ կտարվեն` հայերեն և ռուսերեն թարգմանելու համար:
Նշենք, որ գրքի հիման վրա կնկարահանվի փաստագրական ֆիլմ, որի հիմքում կլինեն մի քանի դրամատիկ պատմություններ:
Անի Կարապետյան