Ավելի լավ է տղա՞, թե՝ աղջիկ ունենալ. Վիճակագրության համաձայն՝ Հայաստանում ծնողներին ավելի հաճախ ծերանոց են ուղարկում տղաները
Կես դարյա հիշողությունները խնամքով պահվում են լուսանկարչական ալբոմում, որտեղ ամբարված է անցած ողջ կյանքը՝ լավ ու վատ օրերով, ձեռքբերումներով ու կորուստներով: Սենյակում տարածված ճնշող լռությունը խախտում են ալբոմի թերթվող էջերը:
«Կինս է, երեք տղաներս, սա էլ ես եմ, ջահել ժամանակ: Այստեղ մեծ որդուս հետ եմ, սա էլ աղջկաս հետ: Տուն, տեղ, պահել եմ, մեծացրել… Այսօր այս չորս պատն է իմ տունը, բայց ոչինչ՝ ապրում եմ, չեմ կորել: Էս գորգը, հեռուստացույցը, անկողինը ես եմ ինձ հետ բերել: Պահարանս բացեմ տեսնեք, թե ինչքան շոր ունեմ, բա որ հագնվում եմ, օդեկոլոն ցանում ու դուրս գալիս, շշմած ինձ են նայում բոլորը: Ասածս այն է, որ թեկուզ առանց երեխաներիս՝ շարունակում եմ ապրել»,- ասում է Երևանի թիվ մեկ տուն-ինտերնատում բնակվող, երեք որդի և մեկ աղջիկ ունեցող 85 ամյա՝ Հայկազ Աթոյանը:
Հայկազը 23 տարի առաջ կորցրել է կնոջը: Տուն-ինտերնատում ծանոթացել է 80-ամյա Արաքսյա Պետրոսյանի հետ և ամուսնության առաջարկ արել, արդեն հինգ տարի է նրանք միասին են ապրում:
Արաքսյան էլ երեխաներ ունի. երեք աղջիկ ու մեկ տղա, նեղսրտած ասում է. «Ես տուն ունենամ, հարսանիքները անեմ, պահեմ մեծացնեմ ու գամ ծերանոց ընկնե՞մ: Ինձ աղջիկս բերեց այստեղ, մեքենայից իջնելուց առաջ, զգուշացրեց. կասես, որ հարևանի կինն եմ»:
Արաքսյան անկեղծացավ, բայց թույլ չտվեց իրեն լուսանկարել: Ծերանոցի մյուս բնակիչները չէին հրաժարվում նկարահանվելուց, բայց նրանց մեծ մասը պատրաստ չէր պատմել օտար մարդուն իր տխուր պատմությունը:
<
Թիվ մեկ տուն-ինտերնատի 250 բնակիչներին այստեղ տարբեր հանգամանքներ են բերել, բոլորն էլ հիմնականում երեխաներ ունեն ու շարունակ սպասում են նրանց՝ ամեն օր, ամեն րոպե աչքները ճանապարհին:
«Շատերն ունեն այցելուներ, սակայն կան խնամյալներ, որոնք ընդհանրապես այցելուներ չեն ունենում, չնայած գիտենք, որ հարազատներ ունեն: Իրենց բոլորի համար շփումը շատ կարևոր է, կարոտում են, վերջապես: Ու մի կարևոր երևույթ էլ նշեմ՝ ծնողներին ավելի շատ այցելում են աղջիկները, նրանք ավելի ուշադիր են ու հոգատար, քան տղաները, ովքեր համեմատաբար շատ ավելի հազվադեպ են գալիս»,- ասում տուն-ինտերնատի սոցիալական աշխատող Լիլիթ Պողոսյանը:
Երևանի Նորքի տուն-ինտերնատում բնակվող 82-ամյա Հարութ Մկրտչյանը մեկ տղա ու երեք աղջիկ ունի: Կյանքի փորձն ու ապրած տարիները նրան թույլ են տալիս ասել, որ ամեն դեպքում աղջիկ երեխաներն ավելի սրտացավ ու հոգատար են ծնողների նկատմամբ:
«Տղա էլ կա, որ չի կարողանում լուծել առաջացած խնդիրները: Ասենք, այդ տղան արդեն երկու երեխա ունի, ու սկսվել են ընտանեկան պրոբլեմները, ծնողի կողմն անցնի՝ չի լինի, կնոջ կողմն էլ անցավ՝ ծնողը պետք է նեղվի: Ստեղծես, մեծացնես, տուն ու տեղ դնես, փոխարենը հանդիպես անուշադրության, անպատիվ խոսքեր լսես: Հենց այստեղ էլ սկսում ես ելքը փնտրել՝ կամ գնաս աղջկա տուն, կամ վարձով ապրես, նման բաներ կան կյանքում»,-պատմում է Հարութ Մկրտչյանը:
2015 թվականին ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակը իրականացրել է հետազոտություն Գյումրի քաղաքի, Երևանի թիվ մեկ և Նորքի տարեցների տուն-ինտերնատների խնամյալների շրջանում, պարզելու թե նրանցից քանիսն ունեն երեխաներ, և եթե ունեն՝ ապա քանիսն են աղջիկ, քանիսը` տղա:
Ըստ հետազոտության արդյունքների, վերը նշած երեք կազմակերպություններում բնակվող 623 տարեցներից 284-ը չունեն երեխաներ: Բոլոր հարցվածները միասին ունեն 365 տղա երեխա, և նրանց 61 տոկոսը չի այցելում ծնողներին:
ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի «Օժանդակություն բնակչության հարցերով քաղաքականությունների իրականացմանը» ծրագրի համակարգող Աննա Հովհաննիսյանը նշում է. «Շատ է խոսվում հայ ընտանիքներում արու զավակների նախապատվության մասին, ինչը հետագայում կհանգեցնի սեռային անհամամասնություն: Հայ հասարակության նահապետական կարգերը սոցիալական անհամամասնություններ են ստեղծում և միտված են շահեկան լինելու տղա երեխաների համար: Թվերը խոսում են այն մասին, որ տարեցները տուն-ինտերնատներում են հայտնվում և՛ տղա, և՛ աղջիկ երեխա ունենալու դեպքում»:
Սակայն աղջիկ երեխաների թվերը էականորեն տարբերվում են տղաների ցուցանիշներից, ահա թվերը. հարցվածներից 354-ը ունեին աղջիկներ, որոնցից 173-ը չեն այցելում իրենց ծնողներին, ինչը 49 տոկոս է կազմում:
ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հայաստանյան ներկայացուցչության անցկացրած մեկ այլ «Սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների տարածվածությունն ու պատճառները Հայաստանում» հետազոտության համաձայն, վերջին հինգ տարիներին կատարվել է մոտ 7200 սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումներ, ինչը նշանակում է, որ միջին հաշվով Հայաստանում տարեկան չի ծնվել 1500 աղջիկ երեխա:
Երկու աղջիկների և մեկ տղայի մայր 36-ամյա Հերմինե Վիրաբյանը պատմում է, որ սեռով պայմանավորված երեք անգամ հղիության արհեստական ընդհատում է կատարել:
«Ամեն անգամ հղիությունս պահպանում էի 12 շաբաթական, որպեսզի կարողանայինք սեռը իմանալ, ու երեք անգամ էլ աղջիկ էր, մինչդեռ մենք արդեն երկու աղջիկ ունեինք, ու մեզ համար շատ կարևոր էր գոնե մեկ տղա ունենալը: Չգիտեմ, մենք՝ հայերս տղա երեխայի մեջ ենք տեսնում մեզ շարունակողին, մեզ պահողին, մեր կողքին մնացողին, աղջիկներին ամուսնացնում ենք՝ գնում են»,- ասում է Հերմինեն:
Ուսումնասիրության համաձայն Հայաստանում տղա ունենալ ցանկացող ընտանիքները մոտ 6 անգամ ավելի շատ են, քան աղջիկ ցանկացողները: Յուրաքանչյուր 5 կնոջից 2-ը նշել են, որ առաջին հղիության ժամանակ ցանկանում էին տղա ունենալ, մինչդեռ աղջիկ էր ցանկանում ունենալ միայն յուրաքանչյուր 7 կնոջից մեկը:
Եթե Հայաստանում շարունակվեն երեխայի սեռի հատկանիշով հղիության արհեստական ընդհատումները, ապա մինչև 2060 թվականը Հայաստանը կկորցնի գրեթե 93.000 աղջիկ, կամ ապագա մայր:
Սեռերի անհամամասնությամբ Հայաստանը աշխարհում զբաղեցնում է երրորդ տեղը, Չինաստանից ու Ադրբեջանից հետո: Հայաստանին հետևում են Վրաստանն ու Ալբանիան:
Իսկ ավանդույթներին գերի հասարակությունում ոչ միշտ են իրականանում ծնողների համար հենարան հանդիսացող որդու մասին երազանքները, և տարեցները ապրում են ընտանիքներից հեռու, երբեմն սկայպով ու հեռախոսով լուրեր ստանալով հարազատներից:
Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի հետազոտությունների և զարգացման բաժնի ղեկավար Վահան Ասատրյանը նշում է. ծերանոցներում անցկացրած հետազոտությունը փաստում է մարդկանց ընկալումներն ու պատկերացումները փոխելու անհրաժեշտությունը: Փորձագետը խնդրի լուծումը տեսնում է բնակչության լայն շերտերի շրջանում քարոզչության, իրազեկման ու երկխոսության ծավալման մեջ:
Նորքի տուն-ինտերնատի բնակիչներից 86-ամյա Մարուսյա Սարգսյանը երեխաներ չի ունեցել ողջ կյանքում, փոխարենը փոքր տարիքից մեծացրել է ամուսնու հինգ երեխաներին.
«17 տարի ապրեցի, մեծացրեցի, ամուսնացրեցի, ամուսնուս մահից հետո էլ իրենց հարկավոր չէի, տեղափոխվեցի Երևան՝ եղբորս մոտ: Աշխատեցի, որպես պարետ՝ Պետստանդարտում, հետո կաթի գործարանում, հետո երկիրը փուլ եկավ, ես էլ հետը փուլ եկա, տեսա հնար չկա ու 2006 թվականից եկա այստեղ ապրելու: Ես ոչ ոքի չունեմ սպասելու: Բայց տեսնում եմ, թե ինչպես են սպասում… Գիտեք ինչ, երեխեք էլ կան, էն որ մեկ կգ կոնֆետով գալիս են, բայց ծնողի ամբողջ թոշակը վերցնում ու գնում: Մարդ կա՝ երեք տղա ունի, բայց տնից հանել են: Ինձ ասում են. «Դու չունես երեխա, կարող ես ասել՝ չունեմ ու վերջ, բայց մենք ունենք ու չունենք, ի՞նչ անենք»: