Հունիսի 21-ին ժամը 13:00-ին Սարդարապատում առաջին անգամ կնշվի դարբնի և զինագործի օրը:
Տոնի խորհուրդի և նպատակի մասին այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսեցին «Չիլինգարյան-Մամիկոնյան տոհմ» պատմաազգագրական ՀԿ նախագահ, գեներալ Մելս Չիլինգարյանը և ազգագրագետ Սվետլանա Պողոսյանը:
Սվետլանա Պողոսյանի խոսքով՝ սա կարևոր մշակութային երևույթ է.
«Դարբինը լուրջ դերակատարություն ուներ համայնքում: 21-րդ դարում մենք դրա կարիքն ունենք, քանի որ վտանգված են ոչ նյութական շատ արժեքներ: Հատկանշականն այն է, որ Սարդարապատում՝ հաղթանակի դարբնոցում, կնշվի դարբնի տոնը»,-նշեց ազգագրագետը:
Լրացնելով նրա խոսքը՝ «Չիլինգարյան-Մամիկոնյան տոհմ» պատմաազգագրական ՀԿ նախագահ, գեներալ Մելս Չիլինգարյանը նկատեց. «Դարբինների օրը նշում են Սարդարապատում, քանի որ հենց Սարդարապատում մղվող մարտերի ժամանակ մեծ քանակությամբ օգտագործվել են հայ դարբինների ինքնաշեն զենքերը: Դարբնի կռած զենքի ուժով մենք հաղթանակի հասանք Սարդարապատում: 1722 թվականին, երբ Հայաստանում պատրաստվում էին 6500-7000 կայծքարային հրացաններ, Ռուսաստանում դրանք 17-18.000 էին»:
Բանախոսների փոխանցմամբ՝ միջոցառմանը մասնակցում են դարբիններ՝ Գյումրիից, Արմավիրց, Աբովյանից, Կոտայքից, Երևանից: Կլինի նաև Չիլինգարյան տոհմին պատկանող արժեքների ցուցադրություն:
Նշենք, որ Չիլինգարյանները եղել են զինագործ դարբիններ, ունեն իրենց զինանշանն ու դրոշը:
Անի Կարապետյան