Աշուն է: Երևանյան տաք, արևոտ, հաճելի աշուն: Երևանի ՀԱԹ Սուրբ Երրորդություն եկեղեցում երիտասարդ զույգերի պսակադրություններ են, պատահում է օրական մի քանի անգամ: Շատ հաճելի է դիտել երիտասարդ զույգերի երազկոտ հայացքներն ու եկեղեցու բակում հաճույքով նկարվելը, նրանց հարազատների ու բարեկամների անկեղծ ուրախությունը: Բայց, ուրախությունը հարամվում է… այդ նույն բակում վխտում են նաև մուրացկաններ` շարժական ու անշարժ, տարբեր տարիքի ու սեռերի մուրողներ, որոնք ջանք ու եռանդ չեն խնայում հարսանքավորների մոտ գութ ու աղերսանք գեներացնելու նպատակով: Ու ի՞նչ գթասրտության մասին կարող է խոսք լինել, երբ սառը ասֆալտին նստած, փնթիության մեջ թավալվող ու տարիներով չլողացած շարժվող էակներ գարշահոտություն սփռելով մոտենում են հարս ու փեսային, քավոր-քավորկնոջը, հերթով գրեթե բոլորին` ու փող մուրում, ուզում են ու ուզում: Ուզում են լկտի ու լպիրշ ձևով, առանց դույզն իսկ ամոթի: Ու ոչ մի կշտամբանք, ոչ մի արգելանք` ոչ եկեղեցու սպասավորների, ոչ ոստիկանության, ոչ իշխանությունների, ոչ մեկի կողմից: Անտարբերություն ու վերջ: Քննարկում ենք ընտանեկան բռնության հարցեր: Ահա արդեն մի քանի տարի է` տարիքով կին մուրացկանն իր երևի թոռանը ստաժավոր հրահանգներ տալով այս եկեղեցու բակում դրդում է մուրացկանության: Սառն ասֆալտին փռվելը, փնթիությունը, գարշահոտությունը չգիտես ինչպես բացատրես փոքր, հետաքրքրվող երեխաներին…
Ինչպես կասեր մեր սիրելի երգիծաբան Հովհաննես Դավթյանը, խղճում ես` տալիս ես, վրա են տալիս, թե բան չես տալիս ու խույս ես տալիս` անեծք են տալիս, կամ եթե մի քիչ մտորում` դադար ես տալիս` կողքդ մեխվում են ու շրջապատին այնպիսի մի բուրմունք են տալիս, որ արտաքնոցի հոտը գլուխը պատովն է տալիս, ու անմիջապես քեզ հաշիվ ես տալիս, որ էս ուրախությունը քեզ հեչ ձեռք չի տալիս: Ու հիմա ես Ձեզ հարց եմ տալիս, թե էս հարցին ո՞վ է պատասխան տալիս:
Երվանդ Կարապետյան